«Կարևոր խնդիր է՝ հայրենիքը չդարձնել տարածք, իսկ տարածքը՝ հայրենիք»
Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր հրավիրված ասուլիսին խոսելով Արցախի անկախության 25-ամյակի մասին, ասաց, որ Աստված մարդուն ստեղծել է ազատ, ինչը նշանակում է, որ ժողովուրդներն ու ազգերը պետք է լինեն ազատ, ու իրենք որոշեն իրենց ճակատագիրը.
«Այն, ինչ տեղի ունեցավ 25 տարի առաջ, շատ կարևոր փաստ է, ազատության արտահայտում։ Հաճախ մեզ թվում է, որ այդ հռչակագրով գործն ավարտվում է, բայց իրականում նոր է սկսվում, որովհետև յուրաքանչյուր փաստաթուղթ արժևորվում է միայն այն ժամանակ, երբ լցվում է համապատասխան բովանդակությամբ, երբ իրականում կյանքը համապատասխանում է ընդունվածին»։
Նրա խոսքով՝ մենք իսկապես կհասնեինք մեծ հաջողությունների, եթե արտաքին աշխարհին չհայտարարեինք, որ Արցախն անկախ պետություն է.
«Հայտարարում ենք, որ այդպես է՝ դե՛, եկեք հասնենք դրան։ Չվերցնենք այդ սուվերեն պետության նախագահին ու չբերենք մեզ մոտ վարչապետ դարձնենք, հետո՝ նախագահ։ Թողնենք, որ այնտեղ զարգանա քաղաքական նորմալ պայքար, ամեն ինչով ապացուցենք, որ այն կայացած պետություն է։ Ինչ վերաբերում է տարածքների խնդրին, ապա կարծում եմ՝ տարածքը կարելի է տալ, ձեռք բերել, վաճառել, փոխանակել, բայց այդ գործողությունները չի կարելի անել հայրենիքի հետ։ Տարածքը դառնում է հայրենիք միայն այն ժամանակ, երբ այդտեղ ապրում են մարդիկ, և հակառակը՝ հայրենիքը դադարում է լինել հայրենիք և դառնում է տարածք, երբ այնտեղ մարդիկ չեն ապրում։ Սա շատ ավելի կարևոր խնդիր է մեզ համար։ Այս խնդիրը նաև Հայաստանին է վերաբերում։ Մեր հայրենիքը դառնում է տարածք։ Կարևոր խնդիր է՝ հայրենիքը չդարձնել տարածք, իսկ տարածքը՝ հայրենիք»։
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ այն կարծիքին է, որ 25-ը հրաշալի տարիք է.
«Բանակում ծառայել ես, համալսարանն ավարտել, հիմա մտնում ես կյանք, պետք է աշխատես, կարողանաս դրսևորվել։ Արցախն ու Հայաստանը 25 տարի է՝ անկախ են, ու լավագույն տարիքն է կայացման համար։ Ղարաբաղը պայքարեց, հաղթեց, մենք ամբողջ ժողովրդով հաղթեցինք, չնվաճեցինք ուրիշի հողը, այլ ազատագրեցինք մերը, սակայն որևէ էական գիրք չի ստեղծվել Ղարաբաղի մասին։ Կան նկարագրական գործեր, ինչ-որ պատմություններ են պատմում, որոնց մեծ մասը հորինված են, պատմողը կենտրոնում իրեն է դնում, այլ ոչ Արցախը։ Արժևորված չէ Ղարաբաղի էությունը»։
«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ հավելեց, որ այսօրվա Արցախը բնութագրող առաջին կարևոր բանը հերոսների պանթեոնն է Ստեփանակերտում և Եռաբլուրում.
«Մնացածն արցախցու արժանապատիվ կենսակերպն է, սեփական երկրին տեր լինելու կամքն ու ազատ ապրելու հնարավորությունը։ Բայց ես կողմնակից եմ միացյալ Հայաստանի, այլ ոչ՝ բդեշխությունների բաժանելու սկզբունքին, որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան կենտրոնաձիգ ու հզոր իշխանություն է եղել, այնքան հզոր է եղել Հայաստանը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: