Կառավարությունն ընդունել է «Նաիրիտ»-ում ներդրումներ կատարելու հարցը քննարկելու հանդիպման առաջարկը
ՀՀ կառավարությունը ստացել է «EU-ASIA buisness finance centre» հոլդինգի նամակը, որում առաջարկվել է հանդիպում՝ քննարկելու «Նաիրիտ» գործարանում ներդրումներ կատարելու հարցը: Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը` հայտնել են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշվում է նաև, որ հանդիպման առաջարկն ընդունվել է:
Համաձայն «Ջեյքոբս Քնսալթենսի ԼՏԴ»-ի կողմից Համաշխարհային բանկի համար պատրաստված զեկույցի` «Նաիրիտը» պարապուրդի է մատնվել 2010 թվականից ի վեր և դարձել է խոշոր պարտավորություն կառավարության համար: Այդ թվականից սկսած ընկերությունը որևէ արտադրանք չի թողարկել: Ընկերության 90 տոկոսը վաճառվել է Rhinoville Property Limited- ին, սակայն սեփականատերը 2010 թ. հեռացել է՝ ընկերությունը ծանրաբեռնելով 90 մլրդ ՀՀ դրամ (188 մլն ԱՄՆ դոլար) պարտքով, որի մեջ մտնում է ԱՊՀ միջպետական բանկի նկատմամբ ունեցած 51 մլրդ ՀՀ դրամ (108 մլն ԱՄՆ դոլար) պարտքը: 2010 թվականից սկսած` պարտքի մեծությունը կայուն կերպով աճել է 2200 հոգուց բաղկացած անձնակազմի աշխատավարձերի և որոշ հիմնական պահպանության ծախսերի համար Երևանի ՋԷԿ-ից ընդհանուր առմամբ մոտ 16 մլրդ ՀՀ դրամ (33 մլն ԱՄՆ դոլար) փոխառություն վերցնելու պատճառով: Աշխատողների թիվն արդեն նվազեցվել է մինչև մոտ 600, հիմնականում մնացել է տեխնիկական անձնակազմը: Ընկերությունն ունի նաև 31 մլրդ ՀՀ դրամի (65 մլն ԱՄՆ դոլար) չափով կրեդիտորական պարտքեր, որոնց 15 ամենամեծ հոդվածներն են աշխատավարձերը և Երևանի ՋԷԿ-ից ստացված էներգիան (գոլորշին):