Ղարաբաղի անկախության ճանաչման միակ ու հնարավոր ճանապարհը
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում է Անկախության հռչակման 25-ամյակը։ Այդ տոնի, տոնի խորհրդանշականության ու կարևորության մասին ավելորդ է անգամ խոսելը, քանի որ դա այն տոներից է, եթե ոչ՝ ամենագլխավորը, հանուն որի՝ ապրում է եթե ոչ՝ ողջ հայ ժողովուրդը, ապա՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։ Արդեն 25 տարի։ Ամեն օր ու ամեն գիշեր։ Ապրողներս ապրում ենք այդ օրվա համար, իսկ նրանցից շատերը, ում շնորհիվ իրականություն է դարձել այդ օրը, ցավոք, ապրում են միայն մեր հիշողություններում…
Լեռնային Ղարաբաղի անկախությունն ունի ոչ միայն՝ քաղաքական, այլ գուցե, առաջին հերթին, հոգեբանական նշանակություն, քանի որ եզակի առարկայական ձեռբերումն է, որին հայ ժողովուրդը հասել է ոչ միայն զոհ չդառնալով ու զոհի բարդույթը չխորացնելով, այլև հաղթելով ու հաղթանակի բերկրանքը վայելելով։
Լեռնային Ղարաբաղն այսօր նշում է Անկախության 25-ամյակը, որը ֆորմալ առումով չի ճանաչում գրեթե որևէ մեկն աշխարհում, բայց առանց որի չեն կարող ապրել մարդիկ, ովքեր ապրել, ապրում ու ապրելու են Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որը քաղաքական կամ սուբյեկտային ձևակերպում է, իրականում մարդու, անհատի կյանքի, ազատության իրացման, ազատության անայլընտրանքայնության խորհրդանիշն է։ Ու դրանով աշխարհի կողմից չճանաչվող Լեռնային Ղարաբաղի անկախությունը ժամանակակից աշխարհի արժեքային համակարգի անբաժանելի մասն է։
Այն արժեքային համակարգի, որի վրա խարսխված է ժամանակակից առաջադեմ աշխարհը։ Այդ արժեհամակարգի հիմքում մարդն է, մարդուն ամեն ինչից վեր դասելու, մարդուն ոչ թե՝ որպես միջոց, այլ՝ որպես նպատակ համարելու հավատամքը։
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն առանձին անհատներից բաղկացած հասարակություն է, որը ցանկանում է և որոշել է, որոշել է և արձանագրել է, արձանագրել է ու հանրաքվեով ամրագրել է, որ ցանկանում է ապրել ազատ և անկախ երկրում՝ լինելով սեփական կյանքի ու ճակատագրի տնօրինողը։ Հետևաբար՝ ղարաբաղյան հակամարտությունն իր էությամբ պայքար է ոչ թե՝ տարածքի կամ սահմանի համար, այլ պայքար է մարդու համար ու հանուն մարդու, պայքար է հանուն մարդկային ազատության, որը մարդու բոլոր անքակտելի իրավունքներից ամենաանքակտելին է ու բոլոր բացարձակ իրավունքներից ամենաբացարձակը։
Ինչո՞ւ այդ արժեքներով ապրող ու առաջնորդվող աշխարհը չի հասկանում դա ու չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում ապրող մարդու ազատ ապրելու իրավունքը։ Այս հարցը քաղաքական է ու աշխարհաքաղաքական է, ու դրա պատասխանների որոնումը մի կողմից՝ պատեհ չէ տոնական օրվա խորհրդին, մյուս կողմից՝ գուցե հենց այսօր է պետք ամենաշատը խոսել, խոսել ու մտածել, իսկ որ ավելի ճիշտ է՝ մտածել, հետո խոսել այդ մասին ու փորձել գտնել պատասխանը կամ պատասխանները։
Ու մինչև պատասխանները գտնելն արժե մտածել նաև, ու մտածելով՝ չբացառել. իսկ հնարավո՞ր է արդյոք կամ գուցե բացառված չէ, որ աշխարհը չի հասկանում մեզ ու չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության ու անկախության իրավունքը, որովհետև մենք մեր ամեն ինչը, մեր մասին որոշումներ կայացնելու իրավունքը զիջել ենք մի պետության ու մեր անվտանգությունը պայմանավորում ենք մի պետության հետ, որը գրեթե պաշտոնապես մեծարում է Ստալինին ու ստալինիզմը դարձրել է պետական քաղաքականություն ու այդ քաղաքականության մշակութային հիմքը։ Այն նույն Ստալինին, ում առաջադեմ մարդկությունը համարում է համաշխարհային չարիք, և որի մնացուկների դեմ պայքարում է մինչև օրս։ Խոսքը ոչ թե մեկ այլ Իոսիֆի, այլ հենց այն Ստալինի մասին է, որի թեթև կամ ծանր ձեռքով Լեռնային Ղարաբաղը բռնակցվել է Ադրբեջանին։
Գուցե աշխարհը չի հասկանում ու չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև չի կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս կարելի է սեփական անվտանգությունն ու գոյությունը պայմանավորել մի պետությամբ, որն իր այսօրվա քաղաքականությամբ ու ղեկավարությամբ օրգանական շարունակողն է մեկի, որի կամայականության արդյունքում այսօր անկախություն տոնող մարդկանց հայրերն ու պապերը զրկվել են ազատ ապրելու իրավունքից։
Աշխարհի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության իրողության ընդունումը, լայն իմաստով, ժամանակի հարց է։ Բայց որպեսզի դա տեղի ունենա այնքան արագ, որքան ցանկանում են 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի անկախությանը կողմ քվեարկած քաղաքացիները, աշխարհին դա պետք է բացատրել աշխարհի համար հասկանալի լեզվով, ու, ամենակարևորը՝ դավանելով այն արժեքներին ու մերժելով այն չարիքները, որոնք դավանում ու մերժում է աշխարհը, որից մենք ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը։ Դա է Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման ոչ միայն՝ քաղաքական, այլ առաջին հերթին՝ քաղաքակրթական, մշակութաբանական ճանապարհը, որից, դժբախտաբար, շատ հեռու են բոլոր նրանք, ովքեր ի պաշտոնե զբաղվում են ղարաբաղյան բանակցային գործընթացով։
25 տարի առաջ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշել է ապրել ազատ, անկախ և ինքնիշխան երկրում և արդեն քառորդ դար ապրում է իր որոշմանը հավատարիմ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որն անհատներից բաղկացած հավաքականություն է, արդեն 25 տարի իրեն պատկանող աշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում իրացնում է մարդու իրավունքներից ամենաբացարձակն ու ամենաանվերապահը՝ ազատության իրավունքը։
Շնորհավոր Լեռնային Ղարաբաղի Անկախության 25-րդ տարեդարձը։
Հարություն Ավետիսյան