Որ երկրներից են ավելի շատ այցելում Հայաստան
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում
ձևավորված փորձագիտական գնահատումների, 2016թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 501 118 զբոսաշրջիկ։
2016թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 470 693 մարդ. 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.2%-ով:
Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների
տվյալների, 2016թ. հունվար-հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 26.3%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 23.4%-ը` ԵՄ երկրներին և 50.3%-ը` այլ երկրներին:
Ըստ երկրների, զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը գրանցվել է Ռուսաստանից՝ ընդհանուր թվի 22.3%-ը։ Թեպետ պետք է նշել, որ նախորդ տարվա համեմատ ՌԴ-ից Հայաստան այցելողների թիվը նվազել է 11.6%-ով։
ԱՄՆ-ից Հայաստան այցելողների թիվը նույնպես նվազել է 21.1%-ով։ Չնայած սրան՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակով ԱՄՆ-ն երկրորդ տեղում է (13.4%)։
2016 թվականի առաջին կիսամյակում զգալի չափով՝ 50.2%-ով աճել է Իրանից ժամանող զբոսաշրջիկների թիվը։ Տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, Իրանն ապահովել է ՀՀ այցելող զբոսաշրջիկների ընդհանուր թվի 12.2%-ը։