Բաժիններ՝

«Մեր տնտեսությունը զարգացնելու համար երեք ուղղությամբ պետք է աշխատենք». Աշոտ Թավադյան

Տնտեսագետ Աշոտ Թավադյանը հնարավոր է համարում Հայաստանում տարեկան ՀՆԱ 7 տոկոսանոց աճը: Նրա խոսքով` դրան հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի  ներկայիս 15-16 տոկոսի փոխարեն արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կազմի 30 տոկոս:

«Մեր տնտեսության հիմնական նպատակն է ՀՆԱ 7 տոկոս տարեկան աճի ապահովումը: Այս տարվա առաջին կիսամյակում մենք ունենք 4 տոկոս աճ, այս իրավիճակում դա համարվում է բավարար, բայց հնարավորություն ունե՞նք մինչև 7 տոկոս հասցնելու… Այո՛»,- ասաց տնտեսագետը:

Նա Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր համարեց բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը` անկախ նրանից, որ Հայաստանն ինտեգրվում է ԵԱՏՄ-ին: «Մեր տնտեսությունը զարգացնելու համար երեք ուղղությամբ պետք է աշխատենք` արտահանման կտրուկ աճ, ներքին շուկայի գրավում և զբաղվածության մեծացում: Ներքին շուկայի գրավումը շատ մեծ ներուժ չունի, իսկ զբաղվածության մեծացումը փոքր երկրներում փոխկապակցված է արտահանման աճի հետ: Որպեսզի տնտեսությունը զարգանա, արտահանում հարաբերած ՀՆԱ, պետք է լինի 30 տոկոս, հիմա 15-16 տոկոսի սահմաններում է: ՀՆԱ տարեկան 7 տոկոս աճ ունենալու համար մենք պետք է հասնենք 30 տոկոս հարաբերակցության»,նշեց բանախոսը:

Անդրադառնալով այն փաստին, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով արտահանումն ավելացել է (ԱՎԾ տվյալներով` 2016-ի հունվար-հունիսին 16.7 տոկոս արտահանման աճ է գրանցվել` ի համեմատ 2015-ի նույն ժամանակահատվածի)`Աշոտ Թավադյանը նկատեց, որ ԵԱՏՄ-ն է ընձեռել այդ հնարավորություն` միևնույն ժամանակ դա բավարար չհամարելով: Դեպի ԵԱՏՄ շուկա, մասնավորապես, Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման աճին, ըստ Թավադյանի, նպաստել են մաքսատուրքերից ազատումը, նշյալ գործառույթների պարզեցումը, ինչպես ռուսական ռուբլու կայունացումը:

«Այն ծավալով, որ ԵԱՏՄ արտահանում է կատարվում, նույն ծավալով էլ Եվրամիություն է գնում, բայց այստեղ մենք հիմնականում գունավոր մետաղների հումք ենք արտահանում: Մինչդեռ երկրների հիմնական խնդիրը պատրաստի արտադրանք արտահանելն է»,- ասաց տնտեսագետը:

Հայաստանի տնտեսության զարգացման ու ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացումը խորացնելու համար Աշոտ Թավադյանն առաջարկում է Հայաստանում Ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից իջեցնել 18 տոկոսի, իսկ չմշակված հումքի վրա սահմանել մաքսատուրք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս