Եվրասիական փորձագիտական ակումբը սատարում է տնտեսությունում կառավարության մասնաբաժնի մեծացման ձգտումը

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի գնահատմամբ՝ չնայած ծավալված բարդ գլոբալ ու տարածաշրջանային զարգացումներին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը «օգտավետ» է:

Նրա խոսքով` փորձագիտական ակումբի ուշադրությունը գրավել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման տվյալների մեջ երկու ցուցանիշ: Առաջինն, ըստ նրա` ԵԱՏՄ անդամակցության պայմաններում Հայաստանից արտահանման աճի միտումներն են, որոնք կարող են շարունակական լինել: «ՀՀ կառավարությունը 2015-ին կատարել է որոշակի քայլեր, որոնք նպաստել են արտահանման ծավալների աճին ու դրա արդյունքը երևացել է 2016-ի առաջին ամիսներին: Երկրորդը` արդյունաբերության ծավալների աճն է, որը ևս զարգացման միտում ունի, եթե դրա նկատմամբ լինի պետության` մասնավորապես, կառավարության շարունակական ուշադրությունը»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Նա հայտարարեց, որ Եվրասիական փորձագիտական ակումբը սատարում է ՀՀ կառավարության քայլերն այն ուղղությամբ, որ տնտեսության մեջ կառավարության ու պետության մասնակցության մասնաբաժինը մեծանա: «Պետության մասնակցությունն այս պայմաններում միակ հնարավորությունն է ներգրավելու արտաքին, մասնավոր ու պետական նեդրումներ Հայաստանում արդյունաբերական որոշ ճյուղերի վերագործարկման ու գործարկման նպատակով: Մենք նաև համամիտ ենք, որ գազի, նավթի գները ԵԱՏՄ-ում օր առաջ պետք է անցնեն ազգային տարադրամով` ռուսական ռուբլով և հայկական դրամով վճարվելուն»,- նշեց նա` հավելելով, որ դրա արդյունքում Հայաստանի տնտեսությունը էապես իր ստարտային հնարավորությունները կմեծացնի:

Արամ Սաֆարյանն անհրաժեշտ է համարում Հայաստանի տնտեսական գրավչության բարձրացման ուղղությամբ քայլերի կատարումը` այդ համատեքստում կարևորելով Մեղրիի ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարի իրականացումը:

Կարդացեք նաև

Ի դեպ, նա տեղեկացրեց նաև, որ դեկտեմբերի վերջին տեղի կունենա Եվրասիական փորձագիտական ակումբի 4-րդ տարեկան նիստը, որտեղ քննարկելու են Հայաստանի քաղաքական, սոցիալական ու տնտեսական պակերը ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս