Որքան ենք ծախսում և ինչի վրա
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մենք՝ Հայաստանի Հանրապետության բնակիչներս, վերջին տարիներին ավելի ու ավելի շատ եկամուտ ենք ստանում ու ավելի շատ էլ ծախսում ենք։
Այսպես, անվանական սպառողական ծախսերը մեկ տնային տնտեսության հաշվով (միջին ամսական կտրվածքով) 2015 թվականին կազմել են 148616։ 2014-ին այդ ցուցանիշը եղել է 145216 դրամ։ Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ «Պարենային ապահովություն և աղքատություն, 2016թ. հունվար-հունիս զեկույցում»։
1 շնչին բաժին ընկնող ամսական սպառողական ծախսերը 42867 դրամ՝ նախորդ տարվա 40770-ի դիմաց։
Իսկ ինչի՞ վրա ենք ծախսում մեր փողերը։
Ինչպես երևում է պաշտոնական տվյալներից, սպառողական ծախսերը մեծ մասը բաժին է ընկնում սննդամթերքին։
Այսպես, 148616 դրամից 51198 դրամը բաժին է ընկնում գնված սննդամթերքին, 11778 դրամը՝ չգնված սննդամթերքին, 1874 դրամը՝ հանրային սննդին։ Ամսական 4900 դրամ ծախսվում է ծխախոտի վրա, 823 դրամ՝ ոգելից խմիչքի։ Միասին՝ կազմում է 70573 դրամ կամ ընդհանուր սպառողական ծախսերի 47.5%-ը։
Այսինքն՝ ստացվում է, որ մենք՝ հայաստանցիներս, ուտել-խմելու-ծխելուն հատկացնում ենք մեր բյուջեի ծախսային մասի կեսը։
Իսկ սպառողական ծախսերի կառուցվածքը (ըստ տեսակարար կշիռների) ունի հետևյալ տեսքը։
Բարեկեցության հիմնական չափանիշներից մեկն այն է, թե սննդամթերքի վրա կատարված ծախսերը ինչ տեսակարար կշիռ ունի։ Որքան բարեկեցիկ է հասարակությունը, այնքան փոքր է սննդամթերքի և խմիչքի տեսակարար կշիռը՝ ընդհանուր ծախսերի մեջ։ Ու ավելի մեծ են ոչ պարենային ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանն ուղղված ծախսերը։
Մեզ մոտ, ինչպես տեսնում եք, ծառայություններին բաժին է ընկնում ընդհանուր ծախսերի 33.7%-ը, ոչ պարենային ապրանքներին՝ 18.8%-ը։
Սակայն եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա պատկերը մեզ մոտ վերջին տարիներին բարելավվել է։
Գնված սննդամթերքի վպա կատարված ծախսերի տեսակարար կշիռը 2012 թվականի համեմատ նվազել է 3.3 տոկոսային կետով, իսկ ծառայությունների տեսակարար կշիռը՝ նույն ժամանակահատվածում աճել է 4.3 տոկոսային կետով։