Մոսկվայում բանկի բաժանմունքը գրաված գործարար Արամ Պետրոսյանն ամբողջությամբ ընդունել է մեղքը
Գործարար Արամ Պետրոսյանը, որը Մոսկվայի կենտրոնում` Բոլշայա Նիկիտսկայա փողոցում, երեկ 4 մարդու էր պատանդ վերցրել, այսօր ամբողջությամբ ընդունել է իր մեղքը, Interfax-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան:
«Ֆիգուրանտը հարցաքննության ընթացքում ամբողջությամբ ընդունել է մեղքը և տվել իրեն մերկացնող ցուցմունքներ»,- ասել է Իվանովան:
Իվանովան հավելել է, որ կապված զգալի ծավալով հետաքննչական գործողությունների հետ, պլանավորվում է, որ նրա կալանավորման խնդրով դատարանին ﬕջնորդություն կներկայացվի օգոստոսի 26-ին:
Երեկ Պետրոսյանը մտել էր «Սիթիբանկի» բաժանմունք` վզին ամրացված լարերով տուփ: Պետրոսյանը սպառնացել էր իրեն պայթեցնել: Այդ պահին բանկում գտնվել է 4 մարդ: Ավելի ուշ նա պատանդներին ազատ էր արձակել, ապա հանձնվել իրավապահներին:
Հաստատվել է, որ նա 55-ամյա գործարար է, որի մոտ ծագել են բիզնես խնդիրներ:
Պետրոսյանն ավելի վաղ տեսագրված ուղերձում հայտարարում է, որ օգոստոսի 24-ին դիմելու է «Ռուսաստանի Քրեական օրենսգրքի կտրուկ խախտման»: Իր որոշումը նա բացատրել է նրանով, որ այլ ելք չունի սնանկության վերաբերյալ իր խոսքը Պուտինին հասցնելու համար: «Ես Ռուսաստանի քաղաքացի են, ես իրավունք ունեմ պահանջել»,- հայտարարել է նա:
Պետրոսյանը Պուտինին խնդրել է լինել իր «հասարակական փաստաբանը»: Իր տեսաուղերձում նա հանդես է եկել հանուն «բիզնեսի` առանց սնանկության»: «Եթե հանկարծ ողջ մնամ, ապա պարզապես մարդկայնորեն դիմում եմ` եղեք իմ հասարակական փաստաբանը»,- հայտարարել է նա:
Gazeta-ն հայտնում է, որ Պետրոսյանը մի շարք «բավական տաօրինակ սարքերի» պատենտների հեղինակ է, իսկ 2012թ. ընդունելության է գնացել Պուտինի մոտ և նրան «նվիրել» երկու պատենտ: