«Բնակիչներին հատկացված գումարները բավարար են բնակարանները վերանորոգելու համար». Արթիկի քաղաքապետ

«Արթիկի ջրհեղեղից հետո կառավարության երկու որոշմամբ գումարներ են տրամադրվել աղետից տուժածներին աջակցելու համար: Առաջին որոշմամբ՝ շուրջ 42 մլն դրամ գումար է հատկացվել երեք ուղղություններով՝ վնասված բնակարաններ (22մլն 300 հազար դրամ), ցանքատարածքներ (1 մլն 746 հազար դրամ) և սատկած կենդանիների սեփականատերեր (654 հազար դրամ): Երկրորդ որոշմամբ՝ կառավարությունը լրացուցիչ 3 մլն 800 հազար դրամ գումար է հատկացրել տուժած բնակիչների մի մասին: Կրկնակի ուսումնասիրությունների արդյունքում է այդ գումարը որոշվել:

Ընդհանուր առմամբ 7 քաղաքացու էր հատկացվել այդ գումարը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Վարչական վերահսկողության ու համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արթուր Սողոմոնյանը:

168.am-ի դիտարկմանը՝ նշվում է բնակիչներին ցույց տրված օգնությունների մասին, բայց երբ Արթիկում էինք, բնակիչների մեծ մասը դժգոհում էր այդ օգնությունից՝ նշելով, որ այդ գումարներով նույնիսկ այգին նորոգել չեն կարող, ուր մնաց՝ բնակարանները վերանորոգեն.

«Բնակիչների մեծ մասի մասին չեմ կարող խոսել, այլ մի մասի, որոնք տարբեր կերպ իրենց կարծիքը հայտնել են: Կառավարության երկրորդ որոշմամբ, որով տրամադրվել էր 3 մլն 800 հազար դրամ գումար, այդ գումարը տրամադրվել էր այն բնակիչներին, որոնց պատճառվել էր ավելի շատ վնաս, քան առաջին որոշմամբ հատկացված աջակցության գումարների ծավալը»:

Կարդացեք նաև

Իսկ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանն ասաց, որ բնակիչներին հատկացված գումարները բավարար են բնակարանները վերանորոգելու համար. «Այլ բան է, որ որոշ անձինք, կարող է, սպասելիքներ ունեին, որ կցանկանային ունենալ ավելի հիմնանորոգված, ավելի լավ տուն, քան մինչև ջրհեղեղն ունեցել են: Իսկ այն մասով, որ աղետի հետևանքով մարդիկ կորցրել են կենցաղային իրեր, տեխնիկա, որոշակի դժվարություններ կան, բայց տարբեր կազմակերպություններ աջակցություն ցուցաբերել են»:

Ա. Սողոմոնյանի խոսքով՝ Արթիկի ջրհեղեղը եղել է սելավատարի խցանման պատճառով.

«Համենայնդեպս որևէ մասնագիտական կառույցի կողմից եզրակացություն չկա, թե արդյոք ֆիզիկական, պաշտոնատար  անձանց մեղավորություն եղե՞լ է, թե՞ ոչ: Սելավատարները կառուցվել են նախնական հաշվարկներով, ուղղակի հաշվարկներից դուրս աղետ է եղել»:
Լրագրողի դիտարկմանը՝ տեղեկություններ կային, որ Արթիկի նախկին քաղաքապետը սելավատարի վրա պանելներ է դրել, ելակ է աճեցրել, այսինքն՝ ինչ-որ գործոններ եղել են, որոնք փակել են սելավատարը, նա այսպես արձագանքեց. «Պանելների մասին, իհարկե, խոսվել էր, բայց նշեցի, որ մասնագիտական եզրակացություն չկա: Հանձնաժողովներն իրենց աշխատանքներն ու եզրակացությունները կներկայացնեն առաջիկայում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս