ԼՂՀ ԱԺ-ն հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Հրապարակված հայեցակարգում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006թ. դեկտեմբերի 10-ի Սահմանադրությունը կարևոր դեր խաղաց ինքնորոշված Արցախի պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական և ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում: Պարտադրված պատերազմի, զինադադարի պարբերական խախտումների, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողությունների պայմաններում Արցախի Հանրապետությունը կարողացավ ստեղծել և ամրապնդել անկախ պետությանը բնորոշ կառույցներ և հաստատուն կերպով ընթանալ ժողովրդավարական ու իրավական բարեփոխումների ճանապարհով:

Գործող Սահմանադրությունն ապացուցել է իր կենսունակությունը և նպաստել սահմանադրաիրավական մի շարք ինստիտուտների ու Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության՝ ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կայացմանը: Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում առաջացել է սահմանադրական նոր­մերի իրավակարգավորումների հետագա բարելավման կարիք, որը թելադրված է հան­րային կյանքի նոր իրողություններով, երկրի անվտանգության ու առաջընթացի ապա­հովման նոր հրամայականներով և պետք է նպաստի կառավարման արդյունա­վետության բարձ­րացմանը, երկրի ինքնիշխանության ամրապնդմանը, ժողովրդավարական գործընթացների հետագա զարգացմանը, մարդու հիմնական իրա­վունքների և ազատությունների իրականացման երաշխավորման ու պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգերի արմատավորմանը, ներքին հակասություններից զերծ կառավարման համակարգի սահմանմանը, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման համակարգերի անկախությանն ու ինքնուրույնությանը, ինչպես նաև անմիջական ժողովր­դավարության ինստիտուտների կատարելագործմանը:

Հայեցակարգով առաջարկվում է կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարել կառավարման նախագահական համակարգի, որտեղ կկարևորվի նաև խորհրդարանական հակակշիռների գործուն դերակատարությունը: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ուժեղ և միասնական գործադիր իշխանություն, որն ի վիճակի կլինի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները և օպերատիվ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակի պահանջներին: Այս պարագայում Լեռնային Ղարաբաղի Հա նրապետության համար էականորեն մեծանում է գործադիր իշխանության կայունության հարցի կարևորությունը: Նման կայունություն չի կարող երաշխավորել նաև կառավարման խորհրդարանական համակարգը, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարագայում, հաշվի առնելով Ազգային ժողովի փոքրաքանակությունը, կայուն մեծամասնության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն:

Կայունությանը զուգահեռ` գերկենտրոնացած իշխանական համակարգից խուսափելու համար պետք է առկա լինեն զսպումների և հակակշիռների արդյունավետ մեխանիզմներ, իսկ գործադիր իշխանությունն իր քաղաքականությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքը: Ուստի՝ Արցախի համար նախընտրելի է կառավարման այնպիսի համակարգ, որը, հիմնված լինելով կառավարման նախագահական համակարգի հիմնական սկզբունքների վրա, այդուհանդերձ, կկարևորի նաև խորհրդարանական հակակշիռների գործուն դերակատարությունը:

Կառավարման այս ձևում Հանրապետության նախագահն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդի կողմից, ինչը նախագահական համակարգի բնորոշ գիծն է: Հանրապետության նախագահը արտախորհրդարանական եղանակով ձևավորում է գործադիր իշխանությունը և հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավարը, սակայն, ի տարբերություն դասական նախագահական համակարգի, Հանրապետության նախագահը՝ որպես գործադիր իշխա­նության ղեկավար, ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև, ինչպես պառլամենտական համակարգում: Ազգային ժողովը ձայների բացարձ ակ մեծամասնությամբ կարող է անվստահություն հայտնել Հանրա­պետության նախագահին:

Քանի որ Հանրապետության նախագահն ընտրվում է ուղղա­կիորեն ժողովրդի և ոչ թե խորհրդարանի կողմից, ինչպես խորհրդարանական հանրա­պետություններում է, ապա նրան անվստահություն հայտնելն ինքնըստինքյան հանգեցնում է Ազգային ժողովի լուծարմանը, քանի որ և՛ Հանրապետության նախագահը, և՛ խորհր­դարանն ունեն միևնույն ժողովրդավարական լեգիտիմությունը: Կառավարման նախագահական համակարգում Հանրապետության նախագահը չունի պառլամենտն արձակելու լիազորություն և բոլոր այն դեպքերում, երբ Հանրապետության նախագահը և պառլամենտական մեծամասնությունը ներկայացնում են հակադիր քաղաքական մեծամասնություններ, պետական կառավարման համակարգը ոչ միայն անարդյունավետ է գործում, այլ նաև կարող է փակուղային իրավիճակներ առաջացնել: Հաշվի առնելով դա՝ նման փակուղային իրավիճակներից դուրս գալու համար Հանրապետության նախագահին տրվում է խորհրդարանն արձակելու լիազորություն, ինչը բնորոշ է խորհրդարանական երկրներին: Սակայն, ի տարբերություն խորհրդարանական հանրապետությունների, եթե Հանրապետության նախագահը լուծա րում է խորհրդարանը, ապա նաև Հանրապետության նախագահի նոր ընտրություն պետք է անցկացվի:

Ելնելով վերոնշյալ հիմնավորումներից՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարման համակարգի հետևյալ հիմնական դրույթները.

  1. Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է:
  2. Հանրապետության նախագահն ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրու­թյուններով: Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են նույն օրը:
  3. Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը /գործող նախագահի լիազորությունների ավարտին մնացած ժամանակով/ ստանձնում է Ազգային ժողովի նախագահը:
  4. Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարելու Ազգային ժողովը: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:
  5. Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իրավունք ունի անվստահություն հայտնելու Հանրապետության նախագահին: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:
  6. Հանրապետության նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները:
  7. Հանրապետության նախագահը նշանակում և ազատում է նախարարներին:
  8. Հանրապետության նախագահն ունի օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
  9. Ազգային ժողովն իրավունք ունի ձայների 2/3–ով, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ անելու Հանրապետության նախագահին՝ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
  10. Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահ:
  11. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով:

Տեսանյութեր

Լրահոս