Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Կովկասի համար

Փորձագետները կշռադատում են իրադրության աշխարհաքաղաքական կողմն ու անվտանգության հետ կապված բազում հետեւանքները:

Թուրքիայում հուլիսի 15-ին ձախողված ռազմական հեղաշրջման փորձը խորը մտահոգության տեղիք է տվել հարեւան հարավկովկասյան տարածաշրջանում:

Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանն ակնդետ հետեւում են իրադարձությունների զարգացումներին Թուրքիայում, որտեղ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել, արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ երկիրն ավելի է մոտեցել ավտորիտար ռեժիմին:

Թուրքիայի կառավարությունը հեղաշրջումը ծրագրելու մեջ մեղադրել է Ֆեթհուլլահ Գյուլենին՝ Միացյալ Նահանգներում բնակվող իսլամական հոգեւոր առաջնորդին՝ պահանջելով նրա արտահանձնումը: Գյուլենն ու նրա կողմնակիցները նաեւ ակտիվ են Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Ադրբեջանում:

Մինչ Թուրքիայի ու Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները վերջին երկու շաբաթվա ընթացքում սրվում են, Անկարան փորձում է վերականգնել բարիդրացիական հարաբերությունները Մոսկվայի հետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեց իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում: Սա երկու նախագահների առաջին հանդիպումն էր Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռեակտիվ կործանիչն անցյալ տարի Սիրիայում խոցելուց հետո:

Սա կարող է աշխարհաքաղաքական եւ անվտանգության հետ կապված հետեւանքներ ունենալ տարածաշրջանի երեք երկրների եւ հատկապես` արեւմտամետ Վրաստանի համար:

Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի (GFSIS), Եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կախա Գոգոլաշվիլին ասում է, որ այդ զարգացումները կարող են վնասել ժողովրդավարությանը Հարավային Կովկասում, թուլացնել Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունը սեւծովյան տարածաշրջանում եւ դրանով իսկ սպառնալ Վրաստանի անվտանգությանը:

azerbaijan-caucasus_university_meeting-apa

«Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ համագործակցության մակարդակի նվազումը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր հաստատումը կարող է վնասել ողջ տարածաշրջանին», – ասում է Գոգոլաշվիլին IWPR- ին:

Ադրբեջանն ու Վրաստանը սերտ կապեր ունեն Թուրքիայի հետ, եւ նրանց նախագահները շտապեցին իրենց աջակցությունը հայտնել Էրդողանին՝ որպես օրենքով ընտրված նախագահ ընդդեմ հեղաշրջման կազմակերպիչների:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խստորեն դատապարտել էր հեղաշրջման փորձը եւ, ինչպես փոխանցել էր նախագահի օգնական Ալի Հասանովը, ողջունել էր Էրդողանի գործողությունները, որոնք միտված էին Թուրքիայում իրավիճակը կայունացնելուն:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ողջ գիշեր անհանգստությամբ հետեւում էր Թուրքիայում կատարվող իրադարձություններին եւ խորապես մտահոգված էր գործողությունների ընթացքով», – հայտնել էր Հասանովը «Trend» լրատվական գործակալությանը հուլիսի 16-ին:

Կովկասյան տարածաշրջանի ամենաավտորիտար նախագահը՝ Իլհամ Ալիեւը, հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ հուլիսի 18-ին, իսկ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երկու օր անց հանդիպել էր Թուրքիայի նախագահի հետ Անկարայում:

«ՄԵԿ ԱԶԳ`ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Հարավային Կովկասում Թուրքիան ամենասերտ հարաբերություններն ունի Ադրբեջանի հետ: Անկարան առաջինն է ճանաչել Ադրբեջանի անկախությունը 1991 թ.-ին եւ եղել է վերջինիս տարածքային ամբողջականության հավատարիմ ջատագովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ:

Երկուսն էլ թուրքալեզու երկրներ են՝մշակութային ու լեզվական սերտ կապերով, որոնց հիման վրա էլ նրանք քաղաքական, տնտեսական եւ ռազմական ամուր համագործակցություն են կառուցել: Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները հաճախ բնորոշվում են «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսով:

Բացի այդ, Ադրբեջանի մասնակցությամբ բոլոր խոշոր էներգետիկ նախագծերն անցնում են Թուրքիայի տարածքով: Արդյունքում՝ Թուրքիան զգալի ազդեցություն ունի Ադրբեջանի վրա:

Գյուլենի շարժումը, որն ավելի քան 2000 ուսումնական հաստատություններ ունի ողջ աշխարհում, զգալի ներկայություն է ձեռք բերել Ադրբեջանում վերջինիս անկախության վաղ օրերից: Սակայն 2014-ին Էրդողանի հորդորով շարժման բոլոր դպրոցները փակվեցին, իսկ դրանց կից Կովկասի համալսարանը Բաքվում հանձնվեց Ադրբեջանի հանրապետության Պետական նավթային ընկերությանը (SOCAR):

Հուլիսի 18-ին, Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը հրահանգեց «ANS» անկախ հեռուստաընկերությունը, որի եթերում նախատեսվում էր ներկայացնել Գյուլենի հետ հարցազրույցը, դադարեցնել հեռարձակումը մեկ ամսով: Ըստ պաշտոնական բացատրության՝ այս ամենի նպատակն էր «կանխել սադրանքը» եւ «թույլ չտալ ահաբեկչության բացահայտ քարոզչությունը»:

Նույն օրն Էրդողանի եւ Ալիեւի միջեւ հեռախոսազրույց էր տեղի ունեցել:

Իսկ հուլիսի 19-ին «ANS» հեռուստաընկերության փոխնախագահ Միրշահին Ագաեւը մամուլի ասուլիս հրավիրեց՝ ներողություն խնդրելով թուրքական եւ ադրբեջանական ժողովրդներից ու խնդրեց Ալիեւին չփակել հեռուստաալիքը:

Հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին, Ադրբեջանի կրթության նախարարությունը հայտարարեց, որ Կովկասի համալսարանը փակվել է:

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահի խորհրդական Ազեր Իսմայիլը իր մտահոգությունն է հայտնել իրադարձությունների նման ընթացքի կապակցությամբ:

«Գործընթացը դեռ նոր է սկսվել, իսկ Ադրբեջանում արդեն հեռուստաընկերություն ու բուհ են փակել, ի դեպ, լավագույն բուհը երկրում: Վախենում եմ անգամ մտածել, թե հետո ինչ կլինի», – հայտարարել էր նա:

ԿԱՄՈՒ՞ՐՋ ԱՐԵՎԵԼՔԻ ՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՎ

Ինչպես Ադրբեջանը, Վրաստանը եւս երկարատեւ քաղաքական, տնտեսական ու ռազմական կապեր ունի Թուրքիայի հետ:

Վրաստանը տարանցիկ երկիր է Ադրբեջանից Թուրքիա գնացող երկու խողովակաշարերի համար`Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Հարավային Կովկասի գազատարի՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարի համար:

Այն նաեւ ներգրավված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընթացիկ շինարարության մեջ, որը տարածաշրջանային երկաթուղային կապ կապահովի Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ:

Ավելին, Վրաստանում կան նաեւ Գյուլենի հետ կապ ունեցող ուսումնական հաստատություններ:

Հուլիսի 18-ին Յասին Թեմիզկանը`Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Բաթումում, հայտարարություն տարածեց` կոչ անելով վրացի ծնողներին չուղարկել իրենց երեխաներին այդ դպրոցները:

Նույն օրը Վրաստանում Թուրքիայի դեսպան Լեւենթ Գյումրյուքչյուն հայտարարեց, որ Թեմիզկանի խոսքերը սխալ են մեկնաբանվել, թեեւ վրացական հեռուստաընկերություններն այնուհետեւ հրապարակեցին Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ողջ ելույթի տեսագրությունը:

Թբիլիսիի հիմնական մտահոգություններից մեկը կապված է տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների ապագայի հետ, մի կողմից, եւ արեւմտյան գործընկերների հետ Անկարայի հարաբերությունների հետ մյուս կողմից:

«Թուրքալեզու երկրների համար Թուրքիան հաջող աշխարհիկ պետության եւ Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ կամրջի օրինակ է եղել, – ասում է փորձագետ Գոգոլաշվիլին, – եթե կամուրջը փլուզվի, այն բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Կովկասի, այլեւ Կասպից տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի վրա: Սա կարող է հանգեցնել տարածաշրջանի աճող մեկուսացմանը»:

«Այստեղ իրականացվող բազում միջազգային ծրագրեր կապված են Թուրքիայի հետ, եւ այն եղել է այդ ծրագրերի անվտանգության կարեւոր գործոնը», – շարունակեց նա: «Եթե վստահությունը Թուրքիայի նկատմամբ նվազի, դա կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանի հանդեպ վստահության անկմանը»:

Հուլիսի 15-ին`Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձի օրը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը մտահոգության տեղիք տվեց, երբ վերջինս նշեց, որ Սիրիայում տիրող ճգնաժամը կարող է հրահրվել ցանկացած երկրում, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետխորհրդային հանրապետություններում:

«Նման պայմաններում, Ռուսաստանը ստիպված կլինի համապատասխան կերպով արձագանքել պոտենցիալ սպառնալիքներին», – ընդգծել էր Շոյգուն, «Russia Today» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ:

Թբիլիսիում գործող Անկախ փորձագետների ակումբի նախագահ Սոսո Ցիսկարիշվիլին այն կարծիքին է, որ Շոյգուի մեկնաբանությունները կարեւորում էին Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ կայանալիք հանդիպումը:

«Քանի որ մենք ականատես եղանք Միացյալ Նահանգների դեմ կոշտ հռետորաբանությունը, ապա կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանի նախագահը անսահման երջանիկ է», – ասում է նա:

«Շոյգուի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը դիտում է Հարավային Կովկասը որպես պոտենցիալ Սիրիա, իրենից անմիջական սպառնալիք է ներկայացնում: Ո ՛չ, Շոյգուն, ո ՛չ էլ [Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ] Լավրովը նման հայտարարություններ չեն անում, եթե նման տեքստ չեն ստացել նախագահի աշխատակազմից», – ասում է Ցիսկարիշվիլին IWPR- ին:

ԹՇՆԱՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները բավական բարդ են եղել Օսմանյան կայսրության օրոք Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման, Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի վավերացումից հրաժարվելուց, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության հարցում ցուցաբերած աջակցության պատճառով:

Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, իսկ նրանց պետական սահմանը փակվել է Թուրքիայի նախաձեռնությամբ 1993 թվականին:

Պաշտոնական Երեւանը խուսափում է մեկնաբանել Թուրքիայում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Սակայն հուլիսի 16-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը, որը պահպանում է Հայաստանի սահմանը Թուրքիայի եւ Իրանի հետ, մեծացրեց վերահսկողությունը հայ-թուրքական ավելի քան 300 կիլոմետր երկարությամբ սահմանի երկայնքով:

Հայաստանում մոտավորապես 4,500 սահմանապահ զորքեր կան, որոնց հետ կապված ծախսերը հավասարաչափ բաշխվում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

Քաղաքական վերլուծաբան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանի խոսքով՝ Հայաստանին չհաջողվեց համարժեք արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած զարգացումներին:

«[Հեղաշրջման փորձի] վաղ օրերին արձագանք չկար, իսկ հուլիսի 17-ից հետո, Հայաստանում առաջ եկած ներքին խնդիրների պատճառով [Երեւանում ոստիկանության գնդի՝ զինված անձանց կողմից գրավումը, որը հանգեցրեց երկշաբաթյա դիմակայության], այս հարցն ընդհանրապես երկրորդ պլան մղվեց», – ասում է նա IWPR- ին:

Պապյանը, միաժամանակ, նշում է, որ իրադարձությունները Թուրքիայում կարեւոր էին Հայաստանի համար, եւ կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ:

«Ես դրական եմ համարում այն, որ Ադրբեջանն առանց Թուրքիայի աջակցության ավելի համեստ է իր գործողություններում առաջնագծում: Չնայած թվում էր, թե Ադրբեջանը կարող էր օգտագործել Երեւանում ստեղծված իրադրությունը», – ասում է նա:

«Մեզ համար բացասականը ռուս-թուրքական մերձեցումն է: Էրդողանի՝ Պուտինին ուղղված այս վերջին ներողությունները պատահական չեն: Երբ թուրքերն ու ռուսներն ընդհանուր լեզու են գտնում, դա ամենեւին էլ հայերի օգտին չի լինում», – համոզված է Պապյանը:

Անվտանգության հնարավոր սպառնալիքներին հակազդելու ուղիներից մեկը, Անկախ փորձագետների ակումբի նախագահ Ցիսկարիշվիլիի կարծիքով, Հարավային Կովկասում երեք երկրների միջեւ համագործակցությունը խթանելն է:

«Վրաստանը պետք է ամրապնդի իր դերը՝ տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար: Ղարաբաղյան հարցը նույնպես պետք է հետին պլան մղվի, որքան էլ որ բարդ այն կարող է լինել, քանի որ մենք կանգնած ենք շատ ավելին կորցնելու վտանգի առջեւ», – ասում է նա:

«Շոյգուի խոսքերը ցույց են տալիս, որ Ռուսաստանը կարող է նպաստել լարվածության աճին, իսկ հետո խաղաղապահների քողի տակ իր «հարձակման նախարարությունը» տարածաշրջան բերել», – ասում է Ցիսկարիշվիլին՝ ակնարկելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Փորձագետների մեծ մասը, այնուամենայնիվ, համաձայն է, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ավելի սերտ եռակողմ համագործակցության գաղափարն անիրատեսական է: Այն նախ անընդունելի կլինի հենց այս երկրների ներսում եւ շահավետ չի լինի Ռուսաստանի համար, որի հետ Ադրբեջանը եւ հատկապես Հայաստանը ռազմավարական գործակցություն են պահպանում:

Հեղինակներ՝ Սամիրա Ահմեդբեյլի (IWPR-ի խմբագիր Ադրբեջանում), Սուրեն Դեհերյան (IWPR-ի խմբագիր Հայաստանում) և Գեորգի Կուպատաձե (IWPR-ի խմբագիր Վրաստանում):
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» #822 պարբերականից (5-ը օգոստոսի, 2016թ., Ադրբեջան-Հայաստան-Վրաստան):

Տեսանյութեր

Լրահոս