«Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ երկու քրեական գործերը ՀՔԾ քննիչների վարույթ հանձնելու որոշումը հիմնավորումներ չունի». պաշտպան

Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ երկու քրեական գործերը ՀՔԾ քննիչների վարույթ հանձնելու որոշումը հիմնավորումներ չունի։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։

Երեկ հայտնել էինք, որ ըստ Գլխավոր դատախազության՝ Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների կողմից 2015թ. ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով և Ժիրայր Սէֆիլյանի ու մյուսների կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք իրացնելու, ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քննվող քրեական գործերը՝ դրանց փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով 2016 թվականի օգոստոսի 3-ին հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին։

«Ընթերցելով այդ որոշումն այն մասին, որ երկու գործերը միացվում են «Սասնա ծռերի» գործին, մի եզրահանգման կարելի է գալ, որ այդ որոշման մեջ հիմնավորումներ չկան։ Առավել ևս կարող եմ ասել, որ 2015թ. հարուցված քրեական գործն արդեն 1.5 տարի է՝ քննվում է, և վերջին 1 տարվա ընթացքում գոնե որևէ գործողություն չէր կատարվել։ Հիմա ինչո՞ւ են միացրել, եթե 1.5 տարի այդ գործն անորոշ վիճակում է գտնվել, հիմա որոշել են ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Սա խոսում է այն մասին, որ Քննչական կոմիտեն, երկար ժամանակ նախաքննություն իրականացնելով, որևէ իրական ապացույց չի գտել, գործը մեղադրական եզրակացությունների մակարդակի չի եղել, և գործը դատարան չի գնացել։ Անցել է 1.5 տարի, և գործն ուղարկում են Հատուկ քննչական ծառայություն՝ համատեղ քննելու համար։ Այսինքն՝ 1.5 տարի քննվելուց հետո որևէ բան չի հայտնաբերվել, 1.5 տարի ա՞նց պետք է հայտնաբերվի։ Որևէ տրամաբանություն չկա։ Չնայած տրամաբանությունն այն է, որ ցանկանում են՝ ավելի տպավորիչ լինի, թե իբր պարոն Սէֆիլյանը մեղադրվում է մի քանի հոդվածով»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։

Նա նշեց, որ 2015թ. հարուցված քրեական գործով մեղադրանքը կարդալիս՝ զարմանում ենք, թե ինչի մեջ են մեղադրում Ժիրայր Սէֆիլյանին և «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին։ «Նրանց մեղադրում են այն բանում, որ վերջին 1 տարվա ընթացքում ակտիվորեն հանրահավաքներ, մամուլի ասուլիսներ, տարբեր ակցիաներ են կազմակերպել, հրապարակային ելույթներ ունեցել և ժողովրդին տրամադրել իշխանությունների դեմ։ Այսինքն՝ նրանց վերագրում են այնպիսի գործողություններ, որոնք պարտավոր է կամայական ընդդիմադիր քաղաքական միավոր կատարել՝ բացահայտել իշխանությունների բացերը, ցույց տալ, թե որտեղ են սխալները, առաջարկել այլընտրանքային ծրագրեր՝ ցույց տալով, որ գործող իշխանությունը կամ որևէ մարմին ի վիճակի չէ կամ սխալ է կատարում։

Կարդացեք նաև

Այս գործողությունները զանգվածային անկարգությունների նախապատրաստության հիմքում դնելը պարզապես պատրվակ էր այն ժամանակ, որպեսզի «Հիմնադիր խորհրդարանի» այս անդամներին առանձնացնեին ապրիլի 24-ի հետ կապված իրադարձության ժամանակ։ Պարզապես նրանք այդ գործը չէին կարճում, քանի որ այն իրենց ձեռքին պետք է մահակ լիներ, որ կարողանային օգտագործել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների դեմ, ինչը բավականին հաջող կատարեցին Սէֆիլյանի պարագայում։ Երբ այս տարվա հունիսի սկզբին Սէֆիլիանին անհեթեթ մեղադրանք առաջադրվեց, նրան կալանավորելու համար հիմք հանդիսացավ այդ քրեական գործը։ Թե քննիչը, թե դատախազն ասում էին՝ նա արդեն մեղադրվում էր մի հոդվածով, և դեռևս այդ գործի նախաքննությունը չավարտված՝ նոր հանցագործություն է կատարում։ Դրա համար կալանավորումն ընտրվում էր որպես խափանման միջոց։ Այդ մահակն օգտագործվեց նաև Գևորգ Սաֆարյանի դեմ։

Երբ որոշվում էր նրա կալանքի հարցը, մի հիմք կար՝ նա նախկինում մեղադրվել է այլ հանցագործության կատարման մեջ, հիմա նորից նոր արարք է կատարել։ Այդ նույն մահակն օգտագործվեց Գարեգին Չուգասզյանի դեմ։ Կալանավորման որոշում կայացրին, որովհետև հարցաքննության էին կանչել, և քանի որ նա չէր եկել, նորից այդ գործը վեր բարձրացվեց, իբրև թե ցանկանում էին այդ գործով քննչական գործողություններ կատարել։ Նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց։ Այսինքն՝ այդ գործը միշտ մահակ է եղել, քաղաքական ենթատեքստ ունեցող։ Ոչ միայն քաղաքական ունեցող, այլ քննչական մարմինները չեն էլ խորշում՝ ուղիղ գրում են, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները կամ Ժիրայր Սէֆիլյանը կատարել են այդ գործողությունները, որոնք համարվում են զանգվածային անկարգությունների նախապատրաստում։ Այսինքն՝ Հայաստանում վերջին երեք տարիներին անվտանգ չէ քաղաքականությամբ զբաղվել, հավաքներ, ցույցեր կազմակերպել, ասուլիսներ անել, հրապարակային ելույթներ ունենալ, ընդհանրապես անապահով է։ Հակառակ պարագայում՝ այսպիսի քրեական մեղադրանքներ կարող են լինել»,- ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս