Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ գործերն ուղարկվել են ՀՔԾ
ՀՀ քննչական կոմիտեում Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ քննվող երկու քրեական գործերը հանձնվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների կողմից 2015թ. ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով և Ժիրայր Սէֆիլյանի ու մյուսների կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք իրացնելու, ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քննվող քրեական գործերը՝ դրանց փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով 2016 թվականի օգոստոսի 3-ին հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին»,- 168.am-ին հայտնեցին դատախազությունից։
Ինչպես հայտնի է, Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ Քննչական կոմիտեում երկու քրեական գործ էր քննվում։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2016թ. մայիսի 20-ին Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղևորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:
Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում համատեղ կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում: Այս քրեական գործի շրջանակներում հունիսի 20-ին Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալվել էր և մինչ այժմ գտնվում է անազատության մեջ։
Մյուս քրեական գործը հարուցվել էր 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, ում խափանման միջոցը հետագայում փոխվել էր, նրանք ազատ էին արձակվել։