«Նպատակը պետական միջոցների առավել արդյունավետ օգտագործումն է, ավելի կոմպակտ և ժամանակի պահանջներին համապատասխանող կառույցի ձևավորումը». Արմեն Գևորգյան. tert.am
ՀՀ Նախագահի կարգադրությամբ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի լուծարման խնդրի շուրջ Tert.am–ը զրուցել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի հետ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Գևորգյան, այսօր հայտարարվեց Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի վերակազմավորման մասին: Ո՞րն է այս փոփոխության նպատակը, և ի՞նչ է ենթադրում կառույցի վերակազմավորումը:
– Նախ նշեմ, որ լուծարվել է «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը և, ՀՀ Նախագահի աշխատակազմում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, ստեղծվել է «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարություն»: Խորհրդի աշխատակազմի վերակազմավորումը պետք է դիտարկել Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված գործընթացների և կառույցի արդյունավետության բարձրացման համատեքստում: Վերջինը իմ՝որպես կառույցի ղեկավարի առջև դրվել էր հանրապետության Նախագահի կողմից հունիսի սկզբին՝ իմ կողմից պաշտոնի ստանձնման ժամանակ:
Եթե պարզ ու հակիրճ ձևակերպեմ, նպատակը պետական միջոցների առավել արդյունավետ օգտագործումն է, ավելի կոմպակտ և ժամանակի պահանջներին համապատասխանող կառույցի ձևավորումը, ինչը պարզապես ժամանակի հրամայական է: Վերակազմավորմանը վերաբերող աշխատանքները երկու ուղղությամբ են ընթացել: Առաջինը կոնցեպտուալ ուղղությունն է, որը ենթադրում է գույքագրել, հասկանալ և հստակեցնել այն գործառույթները, որոնք Խորհուրդը պետք է իրականացնի նոր Սահմանադրությամբ, հատկապես` նկատի ունեմ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանելու կարևոր գործառույթը: Սահմանադրության պահանջն է նաև Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության կարգի մասին օրենքի ընդունումը, որի մշակման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2017 թվականի վերջը:
Երկրորդ ուղղությունն ավելի շատ վերաբերում է կազմակերպական և իրավական լուծումներին: Ինչպես ասացի, նպատակ ունենք ձևավորել առավել կոմպակտ կառույց, որն ավելի սերտ շփումների հնարավորություն կունենա ՀՀ Նախագահի, պետական այլ մարմինների աշխատակազմերի հետ, ինչպես նաև կկարողանա լայնորեն ու նպատակային օգտագործել փորձագիտական հանրության ներուժը:
Այսպիսով, նախադրյալներ են ստեղծվում կառույցի` նոր Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացման համար:
Պետք է նշեմ, որ կար երկընտրանք. նույն կարգավիճակով գործունեությունը շարունակել մինչև 2018 թվականը, կամ ռացիոնալ օգտագործել պետական միջոցները` սկսելով բարեփոխումները: Մենք կանգ առանք երկրորդ տարբերակի վրա:
Վերակազմավորման հետ կապված փաստաթղթային ձևակերպումների գործընթացները նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբերի 1-ը: Դրանք, բնականաբար, չեն ազդելու կառույցի գործունեության վրա, և 2016 թվականի համար նախատեսված բոլոր աշխատանքները, այդ թվում ՝ՀԱՊԿ նախագահության շրջանակում ծրագրված բոլոր միջոցառումները, պատշաճ իրականացվելու են:
-Ինչո՞ւ որոշվեց հիմա իրականացնել վերակազմավորումը: Ինչո՞ւ դա չէր արվել մինչ այժմ: Արդյո՞ք այս փոփոխությունը չպետք է դիտարկել հուլիսյան դեպքերի համատեքստում:
-Ինչպես արդեն ասացի, կառույցի արդյունավետ գործունեության ապահովման խնդիր դրվել էր Նախագահի կողմից դեռևս հունիսի սկզբին, երբ ստանձնեցի այս պաշտոնը: Այս երկու ամիսների ընթացքում հարցը լրջորեն ուսումնասիրվել է: Ժամկետը թերևս պայմանավորված էր բյուջետային հայտերի ներկայացման շրջանով: Վերակազմավորումը հնարավորություն կտա էապես նվազեցնել պետբյուջեից Խորհրդի աշխատակազմին հատկացվող գումարները, և խնայված միջոցներն ուղղել ազգային անվտանգությանը վերաբերող այլ ոլորտների, օրինակ՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը:
Ինչ վերաբերում է մինչ այժմ չանելուն, կարծում եմ՝ դա պայմանավորված էր նրանով, որ կառույցի առջև այլ նպատակներ ու խնդիրներ էին դրված, որոնք ընթացքում կարող են փոխվել ու համապատասխանեցվել ժամանակի պահանջներին: Եթե օբյեկտիվորեն ձևավորվել է փոփոխությունների պահանջը, ապա, կարծում եմ, պետք է իրականացվի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: