Հարուցվել է քրեական գործ՝ ծննդկանի մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում ծննդկան Տ.Գասպարյանի մահվան հանգամանքները:
2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 16:50-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրն իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Տ.Գասպարյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Նախնական քննության տվյալներով՝ ծննդկան Տ.Գասպարյանը կեսարյան հատման եղանակով 2016 թվականի հուլիսի 26-ին ծննդաբերել է «ՍլավՄեդ» ԲԿ-ում , որտեղ հետագա բարդացումների պատճառով ենթարկվել է վիրահատության, այնուհետև հուլիսի 27-ին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ էլ մահացել է:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որն ըստ ենթակայության ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: «ՍլավՄեդ» ԲԿ-ից և «Արմենիա» ՀԲԿ-ից առգրավվել են Տ.Գասպարյանի հիվանդության պատմագրերը, և ծննդկանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: