«Ինձ մոտ տպավորություն է, թե մեր երկիրը գրավված է ինչ-որ մեկ այլ՝ օտարազգի պետության կողմից». Արմենակ Կյուրեղյան
«Երբ «Սասնա ծռերն» ազատ է արձակում ոստիկանի, որը պատրաստվում է նշանդրեքի մասնակցել, ազատ են արձակում բոլոր ոստիկաններին՝ առանց որևէ նախապայմանի, արդյոք նրանք պատանդներ վերցնելու ընդունա՞կ մարդիկ են, թե՞ ոչ: Իմ կարծիքով՝ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:
Ըստ նրա՝ «Սասնա ծռերի» անդամների բարոյականությունը և իրենց արած գործողությունները պայմանավորված են միայն ու միայն հայ ժողովրդի, Հայաստանի պետության համար անհանգստությամբ:
«Տեսնելով այս վերջին օրերի իրադարձությունները, ինչպես են Ոստիկանությունը և իրավապահ մարմինները խախտում օրենքները հենց մեր ընտանիքի հանդեպ, սառը զենքի կասկածանքով մարդիկ են բերվում՝ Լևոն Բարսեղյան, Ալբերտ Բաղդասարյան, ինձ, նույնիսկ տղաների մայրն է բերման ենթարկվել սառը զենք ունենալու մեղադրանքով: Դա նրանց սահմանափակ մտածողության արդյունքն է: Ընդհանրապես այդ գործելաոճը, որ մարդու գրպանը դանակ են գցում, սարքում են գործեր, ես համոզված չեմ հիմա, որ արդար դատավարություն կլինի: Ուղիղ եթերով մենք տեսանք՝ ինչպես են տատիկին բերման ենթարկում, բա ո՞ւր է այդ բարոյականությունը, ինչի՞ մասին ենք մենք խոսում, մենք ո՞ր երկրում ենք ապրում, ինձ մոտ տպավորություն է, թե մեր երկիրը գրավված է ինչ-որ մեկ այլ՝ օտարազգի պետության կողմից, և Ոստիկանությունն էլ այդ օտարազգի պետության ներկայացուցիչներն են ու դաժան հաշվեհարդար են տեսնում այս ժողովրդի հետ»,- նշեց Ա. Կյուրեղյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: