13 տարվա բանտարկությունից հետո արդարացված կնոջը 258 000 դոլար կվճարվի
Չինաստանի Յուննան հարավարեւմտյան նահանգի գերագույն ատյանի ժողովրդական դատարանը որոշել է 1,73 մլն յուանի (258,3 հազար դոլար) չափով փոխհատուցում վճարել այն կնոջը, որն ավելի քան 13 տարի բանտում է անցկացրել սպանության կեղծ մեղադրանքով: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Ցյան Ժենֆենն աշխատում էր մանկամսուրում, որտեղ երեխաներից մեկը մահացել էր սննդային թունավորումից, եւս երկու երեխաներ հոսպիտալացվել էին: Դատարանը պարզել է, որ կնոջը, որն այն օրը պատրաստել էր կերակուրը, ճնշման ներքո ստիպել են խոստովանական ցուցմունքներ տալ եւ հայտարարել, որ ինքը մկնդեղ է ավելացրել կերակուրին:
Ցյան Ժենֆենի նկատմամբ դատավճիռը կայացվել էր 2002 թվականի փետրվարին: 2013 թվականի հուլիսին Յուննանի նահանգի դատախազությունը վերաբացել է նրա գործը եւ երկու տարի տեւած հետաքննությունից հետո եկել է այն եզրակացության, որ մեղադրանքն ապացուցված չէ: Անցյալ տարվա դեկտեմբերին դատարանը փոխել է նախկին դատավճիռը եւ ազատել կնոջը:
Ցյան Ժենֆենը իշխանություններից փոխհատուցում էր պահանջել 9,55 մլն յուանի (1,45 մլն դոլար) չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: