«Ռուսաստանի և Իրանի համար կարևոր է ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը». Լուկիանով

«Հայաստանը կտրված չէ տարածաշրջանային ծրագրերից, այլ կաշկանդված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ քաղաքական հարաբերությունների բացակայությամբ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը՝ անդրադառնալով նոր եռակողմ՝ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափի ձևավորման ազդեցությանը տարածաշրջանային զարգացումների վրա:

Հիշեցնենք, որ այսօր Բաքվում նախատեսվում է Պուտին-Ալիև-Ռոուհանի հանդիպումը, որի ընթացքում նախագահները քննարկելու են ինչպես՝ ահաբեկչության դեմ պայքարն, այնպես էլ՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի հետ կապված մի շարք հարցեր: Ֆյոդոր Լուկիանովը նշեց, որ այս ծրագրերը Ռուսաստանի համար կարևոր են իր հարավային ուղղությունը զարգացնելու տեսանկյունից, քանի որ վերջին տարիներին Ռուսաստանն իր ուշադրությունը կենտրոնացրել էր եվրասիական ուղղության վրա: Ըստ ռուս փորձագետի, այս ուղղությունը մի շարք օգուտներով է հարուստ Ռուսաստանի համար: «Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի Իրանը միանա ՇՀԿ-ին, քանի որ Իրանը Եվրասիայում ամենահզոր ինքնիշխան տարածաշրջանային երկրներից է, որը չի միացել ՇՀԿ-ին: Քննարկվում է նաև ԵՏՄ-Իրան համագործակցության հարցը, թեև դա ինձ այս պահին քիչ հավանական է թվում: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կարևորում է այս ուղղությունն ու քայլեր ձեռնարկում այն զարգացնելու համար, հատկապես, երբ Իրանն իր ներուժի տեղաբաշխման փուլում է, և Ռուսաստանը կարող է օգտվել այդ հնարավորությունից»,- նկատեց Լուկիանովը: Ուստի, ըստ ռուս վերլուծաբանի, Ռուսաստանը հետաքրքրված է «Հյուսիս-Հարավ» միջանցքի քննարկումներով: Լուկիանովի խոսքով, Իրանը և Ադրբեջանը ևս շահագրգռված են այս ծրագրով, սակայն նրանց հարաբերությունները պատմականորեն անվստահելի ու անկայուն են եղել: «Այս ծրագրի երկու մասնակիցները՝ Իրանը և Ռուսաստանը, հետաքրքրված են Հայաստանի հետ հարաբերություններով: Իրանը մշտապես առաջնորդվում է իր շահերով քաղաքականության մեջ, ինչը նշանակում է, որ Հայաստանի հետ պատմականորեն լավ հարաբերությունները պահպանվելու են, դրանում փոփոխություններ չեն լինելու: Ընդ որում, պետք է նշեմ, որ Իրանն այս պահին հետաքրքրված է բոլոր երկրների հետ հարաբերությունների հնարավորությունները դիտարկելու հարցում, քանի որ առաջարկները շատ են, իսկ Իրանն ընտրելու հնարավորություն ունի: Բայց ասել, որ Իրանը տարածաշրջանում Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություններ կունենա կամ ձգտում ունի նման հարաբերություններ ունենալու, սխալ կլինի: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, այս ծրագրերը չեն կարող Հայաստանի դեմ լինել: Ինչպես նշեցի, քննարկվում է Իրան-ԵՏՄ համագործակցություն, որում Հայաստանը կամուրջի դերակատարություն է ստանձնելու, իհարկե, սա հեռավոր գաղափար է, այնուամենայնիվ իրագործելի է: Ըստ իս, Հայաստանը դուրս չի մնում այս ծրագրերից»,- ասաց Ֆյոդոր Լուկիանովը: Վերջինիս խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կաշկանդված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայության գործոնով: Նրա որակմամբ, դա նույնիսկ հասկանալի է:

Անդրադառնալով Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ Լուկիանովը նշեց, որ հարաբերությունների կայունացումը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա: Լուկիանովը համաձայն չէ շրջանառվող տեսակետներին, թե հանուն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների, Ռուսաստանը կոտնահարի հայկական կողմի շահերը: Նրա վստահեցմամբ, Ռուսաստանին անհրաժեշտ է թե՛ Հայաստանը, որը միացել է բոլոր ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին, թե՛ Ադրբեջանը, որոնց հետ համագործակցությունը Ռուսաստանին ապահովում է Հարավային Կովկասում ներկայությամբ:

«Սակայն կարծում եմ, որ Եվրոպայում ճգնաժամի խորացմամբ Ռուսաստանի համար այս տարածաշրջանի կարևորությունը քիչ-քիչ կնվազի: Այնուամենայնիվ, այն համոզմանն եմ, որ ԼՂ հակամարտությունն ունի զարգացման իր տրամաբանությունը, և ավելին, գուցե ռուս-թուրքական ճգնաժամը հրահրեց ապրիլյան պատերազմը Ղարաբաղում, ու այս նոր փուլը դրական դառնա հակամարտության կարգավորման բանակցությունների համար»,- ասաց Լուկիանովը: Վերջինիս խոսքով, իրատեսական չեն մեկնաբանություններն այն մասին, որ Ռուսաստանը կարգավորման իր ծրագրի միջոցով կփորձի լուծել ԼՂ հակամարտությունը:

Նրա համոզմամբ, նման նոր որևէ ծրագիր չկա: «Ռուսաստանն ունի լծակներ երկու երկրների նախագահների նկատմամբ, և այդ լծակները կիրառելով՝ փորձել է մշտապես կարգավորել հակամարտությունը, սակայն դա դեռ չի հաջողվել»,- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս