«Սասնա ծռերի» անդամ Թաթուլ Թամրազյանին կալանավորեցին. նրան դատարան էին բերել պատգարակով
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թաթուլ Թամրազյանին։ Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Մոնիկա Մարգարյանը։ Նա նշեց, որ կբողոքարկի դատարանի՝ իր խոսքով անհիմն որոշումը։
Նա նշեց, որ դատարանը մերժել է կալանավորումը գրավով փոխարինելու իր միջնորդությունը։ Պաշտպանի խոսքով՝ Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 218-րդ հոդված՝ պատանդ վերցնելը, 219-րդ հոդված՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, 235-րդ հոդված՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ Թաթուլ Թամրազյանը մեղադրանքը չի ընդունել, օգտվել է լռելու իրավունքից։
Նշենք, որ Թաթուլ Թամրազյանը դատարան էր բերվել պատգարակով։