Լոնդոնը զրկվել է ապրելու համար ամենաթանկ քաղաքի տիտղոսից
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը կորցրել է առաջատարի դիրքը ապրելու համար ամենաթանկ քաղաքների վարկանիշում: Այս մասին հայտնել է Savills գործակալության մամուլի ծառայությունը:
Ըստ վերլուծաբանների տվյալների՝ Brexit-ից հետո բրիտանական արժույթի էժանանալու հետեւանքով Լոնդոնում ապրելու տարեկան ծախսերը նվազել են 11 տոկոսով՝ մինչեւ 100,1 հազար դոլար: Արդյունքում՝ երկուսուկես տարի առաջատարի դիրքում գտնվող Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն առաջին տեղից իջել է երրորդ տեղը՝ զիջելով համապատասխանաբար Նյու Յորքին եւ Հոնկոնգին:
Աշխատանքի տեղավորված մեկ մարդու հաշվով Նյու Յորքում ապրելու ընդհանուր ծախսերը մեկ տարվա ընթացքում կազմել են 114 հազար դոլար, ճշտվում է հաղորդագրության մեջ:
2015 թվականի դեկտեմբերի համեմատությամբ աճը գնահատել են 2 տոկոս: Հոնկոնգի արդյունքը 100,9 հազար դոլար է (աճը՝ 1 տոկոս):
Առաջատարների հնգյակում տեղ են գտել նաեւ Տոկիոն եւ Փարիզը: Ռուսաստանի մայրաքաղաքը վարկանիշում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը:
Եվրամիությանը հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել հունիսի 23-ին: Brexit-ի կողմնակիցները հաղթել են ձայների 51,9 տոկոսով: Հանրաքվեին մասնակցությունը գերազանցել է 72 տոկոսը: