Մահացել է հայազգի ձեռներեց Բլեյք Գրիգորյանը

Մահացել է Slingbox-ի հիմնադիր, հայազգի Բլեյք Գրիգորյանը (Blake Krikorian): Բյելք Գրիգորյանն ակտիվ գործունեություն էր ծավալում Սիլիկոնյան հովտում։

Բլեյք Գրիգորյանի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ: Ըստ միջազգային մամուլի առաջ քաշած վարկածների՝ նա մահացել է սերֆինգի ժամանակ ստացած սրտի կաթվածի պատճառով:

Բլեյք Գրիգորյանը Sling Media ընկերության համահիմնադիրն է: Ընկերության ներկայացրած Slingbox ծառայությունը կարճ ժամանակում դարձավ սպառողների սիրելին: 2004թ. ներկայացված ծառայությունն առաջիններից էր, որ թույլ էր տալիս հեռուստացույցից օնլայն հեռարձակում ապահովել դեպի համակարգիչ կամ սմարտֆոններ:  Արդեն իսկ 3 տարի անց՝ 2007 թվականին, Slingbox-ը վաճառվեց 380 միլիոն դոլարով:

Բլեյք Գրիգորյանն աշխատել է նաև  Amazon-ի ղեկավար կազմում: Այն բանից հետո, երբ Microsoft-ը գնեց նրա ղեկավարած id8 Group R2 Studios-ը, Գրիգորյանը տեղափոխվեց Microsoft ընկերություն՝ որպես կորպորատիվ բաժնի փոխնախագահ:

Բլեյք Գրիգորյանին մամուլը հաճախ էր ներկայացնում՝ որպես ձեռներեց, ով ունի հաջողության հետաքրքիր պատմություն; Բլեյք Գրիգորյանին նկարագրում են՝ որպես աշխատասեր, համբերատար և խելացի գործարար: Գրիգորյանն այն գործարարաներից էր, որ սիրում էր կապեր հաստատել: Անգամ նախկին աշխատավայրերում բոլորը գնահատում էին նրան և հարկ եղած դեպքում դիմում էին օգնությանը:

Record ամսագիրը Գրիգորյանի մասին գրում է, որ նրա մահը կորուստ էր ոչ միայն նրա կնոջ ու երկու աղջիկների, այլև ամբողջ Սիլիկոնյան հովտի համար:

Բլեյք Գրիգորյանը 48 տարեկան էր:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս