Կիսով չափ քիչ բնակմակերես
Արդեն տեղեկացրել ենք, որ շինարարության ոլորտը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով շարունակում է մնալ ճգնաժամի մեջ և գրանցվել է 7.8 անկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Սակայն շինարարության ոլորտի ցուցանիշները մանրամասն դիտարկելու դեպքում ի հայտ են գալիս է՛լ ավելի մտահոգիչ թվեր։ Դրանցից մեկը, օրինակ, շահագործման հանձնված բնակելի շենքերի վիճակագրությունն է։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016-ի առաջին կիսամյակում շահագործման է հանձնվել 33126 քմ մակերեսով բնակելի շենք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 45.7%-ով (գրեթե կիսով չափ)։
Իսկ միայն երկրորդ եռամսյակի արդյունքներով (նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ) նվազումն ավելի զգալի է՝ 51.3%։
Ավելացնենք նաև, որ շահագործման հանձնված բնակելի մակերեսի 65%-ը բաժին է ընկնում մայրաքաղաքին։