«Ի՞նչ է նշանակում՝ ժողովրդին հրավիրել փողոց ու Սերժ Սարգսյանի հետ գաղտնի բանակցություններ վարել». Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերում անդրադառնալով ԼՂՀ տարածքների հանձնման մասին խնդրին՝ ասաց. «Ադրբեջանն ասում է, որ ոչինչ չի զիջելու, հետևաբար՝ հայկական կողմի դիրքորոշումը պետք է լինի համարժեք: Մեր անվտանգությունը պետք է ապահովենք ինքներս, ու այս փուլում որևէ փոխզիջման մասին խոսելն ավելորդ է: Միակ բանը, որի մասին պետք է մտածենք, պետության և բանակի ուժեղացումն է: Դրա համար ունենք գիտական մեծ պոտենցիալ, պետք է նվազեցնենք արտագաղթը: Ղարաբաղի հարցի կարգավորումն առաջնահերթ բնակչությունն է ՝ ազատագրված տարածքներում: Սերժ Սարգսյանն իրավունք չունի բանակցել ԼՂՀ հարցի շուրջ, որովհետև Ադրբեջանի հետ պետք է բանակցի ԼՂՀ-ն: Հայաստանը կարող է լինել ուղղակի բանակցային կողմ»:

Հարցին, թե ինչո՞ւ չներգրավվեց Հակաճգնաժամային խորհրդում, նա պատասխանեց. «Եթե լիներ միայն Վիտալի Բալասանյանի հայտարարությունն այն մասին, որ Սէֆիլյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, ապա գուցե ես լինեի այդ խորհրդում, բայց նաև Վարուժան Ավետիսյանն ասել էր, որ կա երրորդ տարբերակ, որը չի ենթադրում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սա ենթադրում է, որ Սերժ Սարգսյանի ու «Հիմնադիր խորհրդարանի» միջև քննարկվում է մի տարբերակ, որով Սերժ Սարգսյանի հրաժարականը կարևոր պահանջ չէ: Ի՞նչ է նշանակում՝ ժողովրդին հրավիրել փողոց ու Սերժ Սարգսյանի հետ գաղտնի բանակցություններ վարել: Ամսի 23-ին իմ ելույթից հետո Ալեք Ենիգոմշյանը ելույթ ունեցավ ու ասաց, որ Վիտալի Բալասանյանը խեղաթյուրում է իրականությունը, այլ ոչ թե սուտ է ասում: Հաջորդ օրը նա ավելի հեռուն գնաց ու, ըստ էության՝ կրկնեց այն, ինչ ասել էր Վարուժան Ավետիսյանը: Հետո հրապարակվեց Սէֆիլյանի նամակը, որտեղ մի բառ անգամ չկար Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին: Ամսի 22-ին եկանք Խորենացի ու ձևակերպեցինք Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ որպես թիվ մեկ պահանջ, բայց ընդամենը դրանից մի քանի ժամ անց պարզվեց, որ «Հիմնադիր խորհրդարանը», որը քաղաքական մասն է պահում «Սասնա ծռերի» գործողությունների, Սերժ Սարգսյանի հրաժարականը հետ է քաշել օրակարգից: Մենք ընտրության առաջ էինք կանգնել՝ ի՞նչ անել: Մենք որոշեցինք իջնել հարթակից»:

Նա նշեց՝ ամսի 23-ից հետո չտեսան Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու ճանապարհը. «Անհասկանալի էր, թե ինչ խնդիրներ է իր առաջ դնում այս շարժումը: Մեզ ասում էին՝ դուք այստեղ չեք կարող լինել՝ որպես կուսակցության ներկայացուցիչ: Սա մոտավորապես նույնն է, որ ասեն՝ ձեր քաղաքական համոզմունքները, սկզբունքները մի կողմ թողեք ու եկեք-կանգնեք հարթակում: Եվ հենց առաջին օրերին ես ասացի՝ շարժման հաջողության կարևոր կողմն այն է, որ հարթակում լինեն համախոհներ, հակառակ դեպքում ձախողում կլիներ, ու այն, ինչ մի քանի օր հետո եղավ հարթակում, այս խոսքերիս ապացույցն է»:

Ուղիղ միացումը՝ այստեղ.

 

Տեսանյութեր

Լրահոս