«Երևանյան իրադարձությունները դարձել են Ղարաբաղյան կարգավորման ռուսական ծրագրի եթե ոչ՝ չեղարկման, ապա՝ առժամանակ դադարեցման լուրջ գործոն». Ստյոպա Սաֆարյան
168.am-ի զրուցակիցն է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը
– Պարոն Սաֆարյան, այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ուշագրավն այն է, որ այցը տեղի է ունենալու օգոստոսին 8-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարելիք այցից հետո և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ռուսաստանի պրոակտիվ դիրքորոշման փուլում, երբ քննարկվում են կարգավորման տարատեսակ ռուսական ծրագրեր: Ի՞նչ, ըստ Ձեզ՝ պետք է սպասել այս հանդիպումներից:
– Ես կարծում եմ, որ ներկայումս, երբ Հայաստանում ներքին իրավիճակը հանդարտ չէ, ավելին, պայթյունավտանգ է, հաշվի առնելով նաև այն, որ «Սասնա ծռեր» խմբավորման տղաներն իրենց գործողությունները պայմանավորում էին Ղարաբաղյան հակամարտության գոտում անբարենպաստ զարգացումներով, հնարավոր չէ պարզապես կարգավորման որևէ, հատկապես՝ ռուսական սցենար քննարկել: Հետևաբար՝ եթե Սերժ Սարգսյանը նույնիսկ ցանկություն ունենա գնալ որևէ լուծման, դա տեղի ունենալ չի կարող, քանի որ այդ օրակարգը և տրամադրությունը՝ ի դեմս «Սասնա ծռեր» խմբավորման տղաների, առկա է:
Որքան էլ՝ խումբը չեզոքացված է, այնուամենայնիվ, բավական է այդպիսի թեմայի շրջանառություն Հայաստանում, պարզապես երկրում տիրող իրավիճակը կվերաբռնկվի, քանի որ այնպես չէ, որ միայն ձերբակալված տղաներն էին դեմ ԼՂ հարցով անբարենպաստ լուծումներին: Մեկ այլ հանգամանք ևս կա. ով՝ ով, բայց Սերժ Սարգսյանը հրաշալի գիտի, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ մեկ դեպք է եղել, երբ նախագահը փորձ է կատարել գնալ որոշակի զիջումների ու լուծումների, մասնավորապես, գրեթե սրանից չտարբերվող փուլային տարբերակով, որի արդյունքում կորցրել է իշխանությունը:
Ես սա ոչ թե ուզում եմ որպես հիշեցում ասել, այլ վստահ եմ՝ իշխանություններն այս խնդրին այլ կերպ են նայում: Եթե դրսից, տվյալ պարագայում՝ Ռուսաստանից, կա ցանկություն այսպիսի մի տարբերակով խնդրի կարգավորման ուղղությամբ, ապա իշխանություններն իրենք էլ գիտեն, թե դա ինչի կարող է հանգեցնել: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ նպատակը կարող է լինել ոչ այնքան ԼՂ հակամարտության կարգավորումը, որքան ՀՀ-ում իշխանափոխության հարուցումն անուղղակի եղանակներով: Սա հայտնի բան է դեռևս 1997-1998 թվականներից: Այժմ, երբ Մոսկվան փորձում է Հայաստանին մղել նման կարգավորման, կարծում եմ, առաջին հերթին՝ պետք է եզրակացություն անել, որ Մոսկվան Հայաստանում իշխանափոխություն է անում անուղղակիորեն, քանի որ դա չստացվեց նախկինում մի քանի այլ տապալված փորձերի պատճառով:
– Ըստ Ձեզ՝ այս գիտակցումը չկա՞ ներկայիս իշխանությունների մոտ՝ հաշվի առնելով նաև օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը, որում նա ընդգծեց, որ Հայաստանի կողմից միակողմանի զիջումներ չեն լինի, ինչը, բնականաբար, ենթադրում է որոշ շրջանների վերադարձ:
– Այո, ես կարծում եմ, որ պատահականություն չէր իր ելույթում նաև այս խնդրին անդրադարձը: Շատերը կարող են մտածել, որ ելույթը բացառապես ներքին լսարանին էր ուղղված, բայց ընթերցելով տեքստը՝ հասկանում եմ, որ այն առավելապես արտաքին լսարանին էր ուղղված: Առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանը, անգամ այս զարգացումների խորապատկերին՝ արտաքին աշխարհին հասկացնում է, որ ինքը մնում է փոխզիջումային կարգավորման կողմնակից՝ ի տարբերություն իր ներկայիս ընդդիմախոսների, որոնք բացարձակ դեմ են որևէ փոխզիջման: Հետևաբար՝ հասկացնում է, որ խնդրի կարգավորման համար լավագույն տարբերակն իր իշխանության պահպանումն է, բայց նաև շեմ է դնում, որ կարծեք թե չի բավարարվելու այն միջանկյալ կարգավիճակով, որը ենթադրում է ռուսական ծրագիրը: Թե ուր կտանեն զարգացումները, այս պահին բավականին բարդ է կանխատեսումներ անել: Բայց մեկ բան ակնհայտ է, որ նա մեկ կողմից՝ ըստ էության, իրեն փորձում է մատուցել՝ որպես բանակցելու ունակ միակ քաղաքական ղեկավարն ու ուժը Հայաստանում, ի տարբերություն իր ընդդիմախոսների ու այս շարժման, մյուս կողմից՝ շեմ է դնում՝ ապահովելով որոշ տարածքներից բացի՝ մնացածի հարցում անզիջում դիրքորոշում, հասկացնում է, որ միայն անկախության վերջնական կարգավիճակի դիմաց կարող են տեղի ունենալ զիջումները:
Իհարկե, ես ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները չգիտակցեցին ապրիլյան պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը՝ շարունակելով մնալ հին բանաձևերի պատանդները, բայց համենայն դեպս՝ Սերժ Սարգսանի իշխանության ընտրությունն է սա, և սրան էլ գումարվում է այն իրավիճակը, որ նրան զրկում է որևէ ձևով անգամ այդպիսի փոխզիջման գնալու հեռանկարից:
Հետևաբար՝ մեծ հույսեր կապել առաջիկա հանդիպման ու այցելությունների հետ՝ հնարավոր չէ: Կարծում եմ՝ մոսկովյան հանդիպման ընթացքում առավելապես կքննարկեն ՀՀ ներքաղաքական իրավիճակը: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը կհայտնի ստեղծված իրավիճակի անբարենպաստ լինելու մասին: Թերևս, Հայաստանում ստեղծված ներկայիս իրավիճակն ու «Սասնա ծռերի» գործողությունները, պարզապես խնդրում եմ ճիշտ հասկանալ, մեկ առումով նման են Հոկտեմբերի 27-ի ունեցած նշանակության հետ. դրանք երկուսն էլ հիմքեր են ստեղծում բանակցային գործընթացը միառժամանակ դադարեցնելու համար:
– Այնուամենայնիվ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ժամանակահատվածը պատահականորե՞ն է ընտրված:
– Իհա՛րկե ոչ: Օգոստոսին ծրագրված էր նախագահների հանդիպում: Հիշում ենք, որ «Սասնա ծռերի» կատարած գործողություններից բառացիորեն օրեր առաջ ՌԴ ԱԳ նախարարը բոլորի համար անհավանական թվացող հայտարարություն էր արել այն մասին, որ ներկայումս, առավել քան երբևէ, մոտ են խնդրի խաղաղ կարգավորմանը: Գիտենք նաև, որ մերձկրեմլյան փորձագետների շուրթերով հայտարարվում էր, որ ստեղծված իրավիճակում մինչև տարեվերջ Հայաստանը պետք է որոշ տարածքներ հանձնի, գիտենք, որ Լավրովն իր Երևան և Բաքու կատարած այցելությունների ժամանակ ոչ պաշտոնական առաջարկներ էր բերել ու փոխանցել հակամարտող երկրների իշխանություններին, հետևաբար՝ այս կտրվածքով, իհարկե, հասկանանք, որ նման զարգացումների խորապատկերին, երբ թվում էր, թե գործընթացները զարգանում են կայծակնային արագությամբ, հանկարծ Երևանում տեղի ունեցող իրադարձությունները և դրա հարուցած հանրային կրքերը դառնում են այդ ծրագրի, եթե ոչ՝ չեղարկման, ապա՝ միառժամանակ դադարեցման լուրջ գործոն: