Ռուսական զենքը շարունակում է կրակել՝ Թալիշից մինչև Սարի թաղ

«Մենք արդեն ապրում ենք ուրիշ Հայաստանում», «Կատարվածից հետո բոլորը, առաջին հերթին՝ իշխանությունները, հետևություններ կանեն», «Տեղի ունեցածը սթափեցրեց բոլորիս»… այս և նման կարգի պաթետիկ հայտարարություններ էին հնչում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Հնչում էին՝ հիմնականում իշխանական ու մերձիշխանական խոսողների կողմից։ Հնչում էին՝ արդարացնելու ու քողարկելու համար այն բացահայտված հանցավորությունը, որ տարիներ շարունակ «հանուն Ղարաբաղի» Հայաստանը խորտակած իշխանությունները պետությունը խորտակել են այնքան ու այնպես, որ բանակը մնացել է առանց փամփուշտի, եղած զենքն էլ «80-ականների է»։

Հնչում էին՝ քողարկելու համար պայմանավորվածությունները։ Արտաքին ու ներքին։ Հանձնելու ու պահպանելու պայմանավորվածությունը։ Ու մի քանի հարյուր հեկտարի դիմաց պահպանված իշխանությունը՝ վերադառնալով «բնականոն հուն», սկսեց ապրել նույն՝ նախկին ռեժիմով, որը ոչ թե պետության, այլ համքարության, ոչ թե պետական կառավարման համակարգի, այլ «օբշչակի» ռեժիմն է։

Ու այդ ռեժիմում պետք է տեղի ունենար հուլիսի 17-ը։ Որովհետև պետության առկայության դեպքում «Հուլիսի 17» չէր կարող լինել։ Կարող էր, բայց լինելու դեպքում չէր դառնալու համազգային հերոսացման ու հույսերի արթնացման շքահանդես, այլ համարվելու էր պետության դեմ ուղղված քայլ։ Բայց քանի որ չկար ու չկա պետություն, դա որակվելու էր՝ որպես ազատագրական պայքար։

Պետությունը զինանշանը, դրոշը ու այդ դրոշի տակ կանգնած տեքստեր կարդացող պաշտոնյաները չեն։ Պետությունը կա կամ չկա առաջին հերթին՝ հասարակության ընկալման մեջ։ Չի կարող լինել պետություն այն պարագայում, երբ այն վերածվում է օբյեկտի։ Պետությունը պետություն է՝ իր սուբյեկտայնությամբ։ Հայաստանը վաղուց սուբյեկտ չէ՝ ոչ աշխարհում, միջազգային հարաբերություններում, ոչ էլ, առավել ևս, հասարակության համար։ Այդ կապը դիալեկտիկական է ու օրգանական։ Հասարակության կողմից որպես սուբյեկտ չընկալվողը չի կարող սուբյեկտ լինել այլ հասարակությունների կողմից՝ որպես սեփական իրավունքների արտահայտման սուբյեկտ ճանաչվող երկրների միությունում, աշխարհում։

Իսկ երբ պետության անվան տակ հանդես եկողը պետություն չէ իրականում՝ ներքին ու արտաքին բովանդակությամբ, լինում է այն, ինչ եղավ հուլիսի 17-ին։ Ու, որ ավելի վախեցնող է՝ լինում է եղածի արդարացումն ու եղածն իրականացնողների հերոսացումը։ Որովհետև, երբ այդ հերոսների միտքը, գործողությունը ու, վերջին հաշվով, զենքն ուղղված է հասարակության մեծամասնության համար հակահերոսների դեմ, եղածը դառնում է մոտավորապես հերոսապատում՝ իր բոլոր ատրիբուտներով։ Ահա և «Սասնա ծռերի» ֆենոմենը։

Զգայականությունը, պաթոսը, որ բոլոր կողմերից ուղեկցում էր ու է այս ողջ գործընթացը, հերոսապատման բաղադրիչներից մեկն էր միայն։ Կարևոր բաղադրիչը, իհարկե։ Բանականությունը բթացնող բաղադրիչը։ Երկու կողմերից՝ հավասարապես։ Հերոսների ու հակահերոսների պայքարում զգայականությունը հասարակությանը դարձնում է հակահերոսների դեմ պայքարողների երկրպագուն։ Հակահերոսների, իշխանության մոտ զգայականությունն ավելի վտանգավոր է, որովհետև փաթեթավորված լինելով «պետության», «պետականության» մասին անբովանդակ ձևակերպումներով՝ իրականում ծնում է նախ՝ վախ, ապա՝ վրեժխնդրություն։

Մինչև հուլիսի 31-ն իշխանության մաս կազմողներն ու նրանց հարակից զանգվածներն ապրում էին վախի, բնազդային վախի ռեժիմում։ Օգոստոսի 1-ին վախը վերափոխվեց վրեժխնդրության…

Ինչպես ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ այսօր՝ իշխանական ու մերձիշխանական խոսողները շաղակրատում են «դասեր քաղելու», «եզրակացություններ անելու» անհրաժեշտության մասին։

Դասեր քաղվելու են այնպես, ինչպես ապրիլյան պատերազմից հետո։ Այսինքն՝ չեն քաղվելու։ Որովհետև դասեր քաղելու հաջորդ քայլը դաս քաղողների համար հավասար է լինելու ինքնասպանության։ Որովհետև իշխանությունը՝ այն ունեցողների համար, հավասարեցվել է կյանքին։ Դրա համար էլ իշխանության համար պայքարը հավասարվել է կենաց-մահու պայքարի, որը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է նաև զենքով։ Հիմնականում՝ ռուսական արտադրության։ Ինչպես ապրիլյան պատերազմում կրակած զենքը։

Ռուսական զենքն ուղղվում է Հայաստանի դեմ՝ և՛ դրսից, և՛ ներսից։ Պաշտպանությունն էլ՝ և՛ սահմաններում, և՛ Երևանի փողոցներում իրականացվում է ռուսական զենքով՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով, բնականաբար։ Որովհետև Ռուսաստանի համար մեծ հաշվով միևնույն է՝ որ կողմից կվերացվի պետականություն դառնալու թեկուզ չնչին հնարավորություն ունեցող Հայաստանը՝ Թալիշի՞ց, թե՞ Սարի թաղից։

Ռուսաստանի համար կարևոր է պետականության կորուստն արագացնող իշխանության տեղապահների հավատարմությունը, որը ժամանակ առ ժամանակ փորձարկվում է ավելի հավատարիմների կազմակերպած ռազմահայրենասիրական ակտերով։

Այո, մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում։ Ամեն անգամ ուրիշ դարձող Հայաստանում։ Ապրիլյան պատերազմից, հուլիսի 17-ից ու օգոստոսի 1-ից հետո Հայաստանը դարձավ ավելի ուրիշ։ Քիչ է մնացել, որ Հայաստանը դառնա ուրիշինը։

Կեցցե՛ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս