Կդառնա՞նք արդյոք մենք ժողովուրդ, թե՞ կմնանք բզկտված հասարակություն
2016թ. հուլիսի 17-ին զինված մարդկանց ոչ մեծ խումբը ներխուժեց Երևանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք: Նրանց մի մասը տարբեր տարիների կռվել է Արցախում: Զինված հարձակման կազմակերպիչների պահանջներն են. 1. Բանտից ազատել Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Շուշիի ազատագրման հերոս Ժիրայր Սէֆիլյանին, 2. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Հենց այն հանգամանքը, որ նրանք կռվել են Արցախում, ինձ հուշեց, որ Երևանը` ի դեմս նախագահի և նրա բռնաճնշումային «մեքենայի», հիշեցնում է խրամատ Արցախում: Մի կողմից իդեալիստների խումբն է, որը պաշտպանում է ժողովրդի պատիվը, արդարությունն ու ազգային արժանապատվությունը, իսկ մյուս կողմից` նախագահը՝ իր կուսակցական գործիչներով, նախարարներով, օլիգարխներով… Ի՞նչ ավարտ ակնկալել` տխո՞ւր, ողբերգակա՞ն (խումբը գնում է մինչև վերջ), թե՞ խելամիտ, կշռադատված, հնարավորիս հստակ… Դա կախված է հասարակությունից, որը կա´մ ցանկանում է դառնալ հասուն ժողովուրդ` արհեստավարժ և իսկական առաջնորդներով, կամ ցանկանում է միշտ մնալ որպես դժգոհ հասարակություն` թույլ և առանց ապագայի, բայց այս տիպի իշխանությամբ՝ իր այլասերված արժեքները թելադրող։
Եվ այսպես, ինչո՞ւ առաջին օրերին քչերը դուրս եկան և աջակցեցին «Սասնա ծռերին»: Դա ժողովրդին և հասարակությանը հասկանալու համար կարևոր հարցադրում է: Եկեք փորձենք հասկանալ մեր ուղին այդ անազատ ազատության մեջ, այդ նվաստացած հպարտության մեջ…
Ոչ մի տեղ Հայաստանում հասարակության բողոքն ընդդեմ իշխանությունների չի տևի անգամ 2 ժամ: Ողջ հայ հասարակության միակ պատվարը Հայաստանի մայրաքաղաք Երևանն է: Ինքնին, դա մայրաքաղաքի բազմաթիվ կարևորագույն դաստիարակիչ գործառույթներից է: Երևանն առանձնահատուկ քաղաք է, որտեղ կենտրոնացած է ժողովրդի ողջ անցյալը, ներկան և ապագան: Կոմունիստական ստրկացումից ազատվելուց հետո ժողովուրդը որոնում է կյանքի ազգային ձև, որտեղ արդարությանը պետք է հատկացվեր ազգային կյանքի ողջ դաշտը: Ժողովուրդները, որոնք ենթարկվել են ցեղասպանության, ունեցել բռնապետական կառավարման ամոթալի տարիներ կամ պատերազմում կրել կործանիչ պարտություններ, ձգտում են ստեղծել հարմարավետ, սոցիալապես ապահովված հասարակություն: Հայաստանը 1991թ. ընտրեց նույն այդ սոցիալական ուղղվածությունը, և այդժամ պարզվեց, որ կա ընտանիքների բավական մեծ մի շերտ, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված նոր պայմաններում կա´մ ցանկանում է արտագաղթել արևմտյան երկրներ, կա´մ ցանկանում է տեղավորվել փլուզվող Միության ներսում: Նրանց գումարվեց Ադրբեջանից Հայաստան փախստականների բազմահազարանոց բանակը, ինչպես նաև նախկին միութենական երկրներից ավելի համեստ ներհոսքը: Սակայն շուտով Հայաստանից արտահոսքն ուժեղացավ` կապված Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի կողմից լիակատար շրջափակման հետ: Հոսքը զգալի նվազեց 2000թ., երբ սկսեցին կապեր հաստատվել այն ազգականների հետ, ովքեր լքելով տները` գումար վաստակելու համար ուղևորվել էին հիմնականում Ռուսաստան, որտեղ և դարձել էին հաջողակ գործարարներ:
Հայաստանում հասարակությունը 2000 թվականին բավական թույլ էր, հատկապես խորհրդարանի անդամների գնդակահարությունից (1999թ. Հոկտեմբերի 27-ից) հետո: Հասարակությունը հոգնել էր ավելի քան 10 տարի տևող բողոքի ելույթներից, միտինգներից, Սպիտակի երկրաշարժից, ցուրտ ձմեռներից, իսկ հետո` նաև ռուսական դեֆոլտից: Այդ ամենն արյունաքամ էր արել հասարակության կենսական ուժերը: Եվ միայն Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակները ոգևորեցին ողջ հայ ժողովրդին, թեև այստեղ էլ կային հարցեր` կապված մի շարք ազդեցիկ հրամանատարների մահվան փաստերի հետ: Նոր պայմաններում Հայաստանի հասարակությունը սկսեց հասկանալ, որ ոչ կոմունիստական ուղղվածության նոր ուժերն ամենևին էլ այն չեն, ինչպես իրենց ներկայացնում են, և ոչ միայն պետականաշինության հարցերում, այլև Հայաստանի բնակչության համար սոցիալական արդարության հարցում: Նման բարդ պայմաններում մենք մի կողմից դարձանք Սփյուռքի ազգ` ազգի կորիզը տեղափոխելով պատմական Հայաստանի սահմաններից դուրս, մյուս կողմից` Հայաստանը սկսեց ողջ ժողովրդի գիտակցության մեջ ամրապնդել կարծիքը, թե Հայաստանի Հանրապետությունը կպաշտպանի հայերի շահերը պատմական արդարության հասնելու ինչպես Ցեղասպանության, այնպես էլ Արցախի հարցերում: Միևնույն ժամանակ, Հայաստանն անխոհեմ կերպով նետվեց դեպի ապագան` չընկալելով «բռնի թրքացած» հայերի ժառանգների խնդիրների ամբողջականությունը և չպատկերացնելով, թե ինչ սահմաններում կարող է անվտանգ գոյություն ունենալ՝ որպես պետություն:
Մարտի 1-ի դեպքերից, իսկ հետո նաև՝ 2008թ. ֆինանսական ճգնաժամից հետո հասարակության մեջ առաջացավ նոր դեֆորմացիա և անվստահություն: Ձևավորվեց երկրի զարգացումն արդար ճանապարհով տանելու անհնարինության՝ նոր իրականություն: Հասարակությունը սկսեց հեռանալ Հայրենիքից նոր հիմնավորումներով։
Հայաստանը վաղուց ապրում է ներքին կոնֆլիկտի իրավիճակում: Ահա թե ինչու իշխանությունը զարմացած էր հասարակության և զինվորների ռեակցիայից` ապրիլյան կարճատև ռազմական հակամարտության ժամանակ, որն իր հայտ բերեց ազգային բանակի մի շարք զգալի թերությունները: Այո, սուտը վաղուց փոխարինում է իրականությանը: Ազգը չի ցանկանում լինել կեղծավոր և գողական: Այսօր Երևանում կա դիմակայություն նրանց միջև, ովքեր գիտակցել են այդ փոփոխությունների անհրաժեշտությունը, և ովքեր դա չեն գիտակցում: Ո՞ւմ թողնել Հայրենիքը: Հենց այսօր մենք կարող ենք այդ ճանապարհի հիմքը գցել` դառնալով ավելի ուժեղ, խելացի, ազգային արժանապատվությամբ ժողովուրդ:
Հայաստանն աշխարհաքաղաքական հարաբերությունների առումով ավելի քիչ հետաքրքրություն է ներկայացնում, քան հայ ժողովուրդը: Այս առումով մենք նման ենք հրեա ժողովրդին` միայն այն տարբերությամբ, որ հրեաները խորապես և որակյալ են օգտագործում այդ հարաբերությունները, այնինչ մենք հեռացնում ենք Սփյուռքը քաղաքական խաղից: Մենք չենք գտել Սփյուռքի հետ հաղորդակցվելու լեզուն և մոդուլը: Այն, ինչ գրում եմ, կենսական անհրաժեշտության բաներ են, պետք է հասկանալ, և իշխանությունները պետք է դա հաշվի առնեն: Ասենք, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խորը հարգանքը Հայաստանի նկատմամբ վերաբերում էր ավելի մեր անցած պատմական ուղուն, քան այսօրվան:
Հայաստանի իշխանությունը պարզամտորեն կթում է Սփյուռքին, բանդիտների հետ դատարկ բաներով է զբաղվում, միայն թե անձնապես հարստանա` ծիծաղելով Սփյուռքի միամտության վրա՝ փոխանակ նրանից շատ բան սովորի: Խոսքն, իհարկե, անիմաստ` Սփյուռքի նախարարության և «Հայաստանի համահայկական հիմնադրամի» բարձրաստիճան ադմինիստրատիվ չինովնիկների մասին է: Այնինչ մենք ավելի ուժեղ և հավատարիմ դաշնակից, քան Սփյուռքն է, չունենք: Նրա հետ անհրաժեշտ է աշխատել և հարկավոր է հաշվի նստել: Անհրաժեշտ է իրականությունը տեսնել հստակ և առանց գունազարդման: Հայաստանի երեք նախագահների օրոք միտքը ոչինչ չարժեր և չարժի, այդ պատճառով էլ մեզանում ձևավորվել է նման կեղծ գիտամշակութային մտավորականություն` զրկված ինչպես դիրքորոշումից, այնպես էլ բարոյական նորմերից: Այդ ամենը հարկավոր է հաշվի առնել, երբ մենք գնում ենք «Սասնա ծռերի» հանդեպ իշխանությունների գործողությունների դեմ բողոքի միտինգին:
Ռուբեն Անգալադյան
2016թ. հուլիս