Բաժիններ՝

«Ես չեմ հավատում արդար ընտրություններին, անգամ եթե տղաները հաղթեն, ու կառավարությունը գնա». Եգոր Գլումով

«Ամբողջ խնդիրը նրանում է, որ իշխանությունները դուրս են եկել ժողովրդից, ու եթե իշխանություններն ունեն սադիստական ինչ-որ հակումեր, ուրեմն՝ ժողովուրդն էլ ունի նման հակումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ռադիո Վան» ռադիոկայանի մշակութային բաժնի ղեկավար, ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը գրավելու և դրա հետևանքով ընթացիկ զարգացումների մասին:

Ե. Գլումովը համոզված է, որ մենք այսօր չունենք խնդիր սադիստ ոստիկաններ ունենալու առումով. «Բոլոր տղաները, որոնք հիմա մեզ նայում են, հաստատ կարող են իրենց կյանքում հիշել մի քանի դեպք, որ փողոցում, բակում կռիվ անելիս՝ այդ ամենը կատարվել է առանց ոստիկանների, հայերը հայերի հետ այդպես են կռվում, ընկած մարդուն քացով խփում են, երբ երեք հոգով մեկին բռնում են, չորրորդը հարվածում է, և, ցավոք սրտի, դա նորմա է մեր հասարակության մեջ: Դա է ամենամեծ խնդիրը: Երբ մեզանից յուրաքանչյուրը կսկսի հասկանալ, որ պետք չէ աղտոտել մուտքում և հետո բարձրաձայնել, որ մեր մուտքերը չեն մաքրում, այդ ժամանակ երևի ինչ-որ բան կփոխվի մեր ուղեղներում և մեր հանրապետությունում»:

Ըստ Ե. Գլումովի՝ «անհասկանալի» վիճակ է Խորենացի փողոցի վրա, որովհետև «անհասկանալի մարդիկ անհասկանալի բաներ են խոսում»: Նրա դիտարկմամբ՝ այդ ամբողջ բազմությունը, որ հավաքված է, չի հասկանում՝ ինչ պետք է անի, ինչի համար է հավաքված և ուր է գնում:

«Ինչ վերաբերում է տղաներին և Ոստիկանությանը, յուրաքանչյուր կողմ անում է այն, ինչի պատրաստվել էր և պետք է աներ: Տղաներն իրենց պայքարի ձևի մեջ են, Ոստիկանությունը փորձում է այդ պայքարն ամեն կերպ զրոյացնել, և դա իր արդյունքները տալիս է: Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ բոլորս ասում ենք ամպագոռգոռ խոսքեր, թե ուզում ենք խաղաղ ձևով սա ավարտվի. և այլն, հիշեցնեմ մեծն ֆրանսիացի պոետ Արթուր Ռեմբոյի խոսքերը, որ յուրաքանչյուր մարդ այնպիսի կենդանի է, որ ամեն ինչին սովորում է: Մենք սկզբից ասում ենք՝ «արյուն չթափվի, լավ կլինի», հիմա արյունը թափվել է, բայց մենք դա նորմա ենք ընդունում նորից, մինչև չլինի հերթական զոհը, որովհետև առաջին զոհին էլ ենք մենք կարծես մոռացել: Ինձ թվում է՝ մեր բոլոր խնդիրները դրա մեջ են, որ մեր հասարակության մեջ խնդիրներ կան, որ դեռ չեն լուծվել, և այդ խնդիրները, հավատացեք ինձ, 25 տարեկան չեն»,- կարծում է Ե. Գլումովը:

Խոսելով այսօր Խորենացի փողոցում, հարթակում կանգնած և այնտեղ հավաքված մարդկանց մասին՝ Ե. Գլումովը նկատեց, որ ջուրը պղտորվում է, այն, ինչ երբեք չի խորտակվում, բարձրանում է ջրի երես. «Միշտ դա եղել է, այսօր դա մենք տեսնում ենք: Միգուցե լիդերը Ժիրայր Սէֆիլյանն է, որը հիմա հնարավորություն չունի ոչ մի բան անել, միգուցե մենք լիդերի անունը դեռ չգիտենք, բայց միշտ էլ այդ խնդիրը եղել է, ու միշտ էլ լիդերները ծնվել են այդ թոհուբոհի մեջ»:

Բանախոսը զարմանում է բոլոր այն մարդկանց վրա, որոնք ինչ-որ բանում փորձում են մեղադրել կառավարությանը, որովհետև, ըստ նրա, ոչ մի բան կառավարությունից պետք չէ սպասել. «Մենք երկար տարիներ կառավարությանն ասում ենք՝ պետք չէ օգնել, բայց մի խանգարեք, բայց չէ՞ որ կառավարությունը պետք է ծառայի մեզ, բայց մենք կառավարությանը սովորեցրել ենք, որ պետք չէ մեզ օգնել, միայն թե մեզ չխանգարի, մենք ամեն ինչ ինքներս կարող ենք: Հիմա մենք ունենք այն, ինչ ունենք:

Հասարակությունն է նույն պայմաններում. ես իսկապես զարմանում եմ այն մարդկանց վրա, որ հասարակությունից են ինչ-որ բան սպասում: Երեկ գիշերը մենք տեսանք երիտասարդ, որը ոչինչ չէր հասկանում և խնդրում էր մարդկանց գալ և ունենալ ինչ-որ պլան, տարեց մի գինովցած տղամարդ, որը բղավում էր՝ «վերադարձրեք իմ ավտոմեքենան», մարդիկ, որոնք հայհոյում էին… Այս ամբողջը մեր հասարակությունն է: Ապրիլյան պատերազմից հետո մենք տեսանք լրիվ այլ հասարակություն, որը վեր կացավ և գնաց գործելու, այ, դա է իսկական հասարակությունը, իսկ այն մարդիկ, որ փորձում են այսօր ինչ-որ բաներ բռնել կամ բզբզալ, չգիտեմ…»:

Ե. Գլումովը նկատեց, որ մենք սիրում ենք բոլորին մեղավոր տեսնել՝ բացի մեզնից. «Ես չեմ հավատում արդար ընտրություններին, անգամ, եթե տղաները հաղթեն, ու կառավարությունը գնա: Մի քանի տարի առաջ մենք մեր առավոտյան եթերում հարցում անցկացրեցինք, զանգեցինք 24 մարդկանց, ասացինք, որ մենք Եվրախորհրդից գրանտ ենք շահել ու ում զանգել ենք, պետք է նախարար աշխատի: 24 հոգուց 18-ը միանգամից համաձայնեցին, միայն 4-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ նախարար է աշխատելու: Մենք կարող ենք դուրս գալ փողոց, կանգնեցնել յուրաքանչյուր տաքսի, ու յուրաքանչյուր տաքսու վարորդ մեզ կարող է է բացատրել՝ ինչպես խաղալ ֆուտբոլ, գրել գովազդ, կառավարել երկիրը… Այ, դրանում է մեր խնդիրը: Մենք էգոցենտրիկ ազգ ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս