«Իրենք կարող է՝ մի օր էլ ուզեն, որ Բիլ Քլինթոնը կամ Օբաման հանդես գան՝ որպես բանակցող…». Գառնիկ Իսագուլյանը՝ «Սասնա ծռեր» խմբի պահանջի մասին
«Արդյոք հայտարարություններ անելուց առաջ «Սասնա ծռեր» խումբը կամ Ալեք Ենիգոմշյանը դա համաձայնեցրե՞լ են Աշոտ Մինասյանի հետ, որովհետև շատ կարևոր է, որ բանակցողը լինի կամավոր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի այն պահանջին, ըստ որի՝ նրանք իշխանություններից պահանջում են, որպեսզի ընթացող բանակցություններում Աշոտ Մինասյանը լինի միջնորդ:
Գ. Իսագուլյանը վստահեցրեց, որ այս քանի օրերին ինքը եղել է Աշոտ Մինասյանի հետ և կարող է համոզված ասել, որ Ա. Մինասյանը նման ցանկություն չունի: Նա հիշեցրեց, որ Ա. Մինասյանն այդ առաքելությունը կատարում էր (ՊՊԾ գնդի տարածքում լինելու.- Ա.Ք.)՝ Վիտալի Բալասանյանի առաջարկությամբ և միջնորդությամբ, ու սկզբնական փուլում ներսում գտնվող տղաները համաձայն չէին, որ որևէ մեկը, բացի Վիտալի Բալասանյանից, ներս մտներ:
«Հիմա, փոխել որոշումը, դրանից առաջ անելով հայտարարություններ, թե իբր Վիտալի Բալասանյանը խախտել է պայմանավորվածությունը, որն իրականության հետ որևէ կապ չունի, ու պահանջել Աշոտ Մինասյանի միջնորդությունը, որից իրենք որևէ համաձայնություն չեն ստացել, չեմ կարծում՝ տեղին է: Աշոտ Մինասյանը կատեգորիկ դեմ է դրան, նա շատ հստակ ասում է, որ ինքը չի կարող նույն առաքելությունը նույնքան բարեհաջող վարել, որքան վարում էր Վիտալի Բալասանյանը: Ինքը համարում է, որ Վիտալի Բալասանյանը որևէ բան չի խախտել, և երբեք չի փոխարինելու իր ընկերոջը՝ ստեղծելու համար այն տպավորությունը, չգիտեմ ում համար, թե իբր Վիտալի Բալասանյանը խախտել է պայմանավորվածությունը: Եթե կողմերն անգամ համաձայնության գան, ապա Աշոտ Մինասյանը դրա ցանկությունը չունի»,- նշեց մեր զրուցակիցը:
– Կարելի՞ է ասել, որ հիմա որևէ բանակցություն տեղի չի ունենում:
– Այդ ամեն ինչի մեջ մեղավորը բացառապես ներսում գտնվող տղաներն են ու նրանց դրսից հրահրողները: Իրենց թվում է, թե իրենց բոլոր ցանկություններն ու պահանջները պետք է կատարվեն, իշխանությունը պարտավոր է, ու իրենք են որոշելու, թե ով է լինելու միջնորդ՝ առանց տվյալ մարդու ցանկությունն ու տրամադրությունն իմանալու: Չի կարելի. սա արդեն վերածվում է մանկական խաղի, լուրջ մոտեցում չէ:
– Արձանագրությունը, որ կազմվել է Ժիրայր Սէֆիլյանի հետ հանդիպում-զրույցի ընթացքում, ստորագրվե՞լ է Ժիրայր Սէֆիլյանի կողմից:
– Ինքը տեսել է, որ դա արձանագրվում է, այսինքն՝ իր պահանջները, առաջարկները, ամեն ինչը, որ արել է՝ մանրամասն գրվել է, ինքը դա տեսել է: Դա ցուցմունք չէ, որ ստորագրեր:
– Ժիրայր Սեֆիլյանի փաստաբանն ասել է, որ Սեֆիլյանն էլ է ասել, թե Վիտալի Բալասանյանը ստում է:
– Ես փաստաբանի այդ հեռախոսային զրույցը լսել եմ, որտեղ նա նման բան չի ասում, չի ասում, որ ստել է: Փաստաբանն ասում է, որ այս պահի դրությամբ՝ Ժիրայր Սէֆիլյանը պատրաստ է հրաժարվել նախագահի հրաժարականի պահանջից: Ես լսում եմ փաստաբանի զրույցը տվյալ կայքով, իրենք միացնում են հեռախոսը, հետո մեկնաբանն ասում է՝ «տեսա՞ք, որ նա ասում է՝ Վիտալի Բալասանյանը սուտ է ասում», այնինչ փաստաբանը նման բան չի ասում: Հիմա, վաղն էլ Աշոտ Մինասյանը կարող է մտնի բանակցությունների մեջ, ու խմբի տղաներն ու նրանց հրահրողներն ասեն՝ «իրեն էլ չենք վստահում, ուզում ենք Զարուհի Փոստանջյանը լինի բանակցային միջնորդ»: Չի կարելի, սկզբանական պայմանավորվածություն կա, որը պետք է պահպանել:
– Երեկ տեղեկություններ էին շրջանառվում, թե զինված խումբը, որպես բանակցող-միջնորդ, մտադիր է առաջարկել Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:
– Դե, հիմա… իրենք կարող է՝ մի օր էլ ուզեն, որ Բիլ Քլինթոնը կամ Օբաման հանդես գան՝ որպես բանակցող… Պայմանավորվածություն եղել է կողմերի համաձայնությամբ, որը խախտել են, նրանք չեն կարող մի բան ասել, որը համաձայնեցված չէ բոլոր կողմերի հետ:
– Ալեք Ենիգոմշյանը, որը մասնակցել է Վիտալի Բալասանյանի և Ժիրայր Սէֆիլյանի հանդիպմանը, խոսում էր Ժիրայր Սէֆիլյանի կողմից առաջադրված երրորդ պայմանի մասին: Ինչի՞ մասին է խոսքը:
– Թող պարոն Ենիգոմշյանն էլ ասի՝ երրորդ պայմանը ո՞րն է: