Բաժիններ՝

Ովքե՞ր և ինչո՞ւ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին դուրս մղեցին բանակցային գործընթացից

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները իշխանություններին պահանջ էին ներկայացրել, որպեսզի լրատվամիջոցների մասնակցությամբ ասուլիս կազմակերպվի:

Փոխարենը զինված խումբը ազատ արձակեց հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։Բանակցությունները վարում էր Արցախի հերոս և ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ էին արձակվել նաև որպես պատանդ ՊՊԾ գնդում գտնվող երկու երիտասարդ ոստիկանները: Խումբը նաև պահանջել էր ձևավորել մամուլի կենտրոն, որի միջոցով մշտապես կշփվեն լրատվամիջոցների հետ:

Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ ասուլիսը կայացավ: Երեկ, ժամը 16:00-ին բազմաթիվ լրատվամիջոցներ տեղափոխվեցին ՊՊԾ տարածք՝ հանդիպելու զինված խմբի անդամների հետ և նրանց հարցեր ուղղելու: Խմբի անդամների ասուլիսից հետ Վ. Բալասանյանն ինքը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա լրագրողներին ասաց. «Մենք հասել ենք մի կարևոր կետի, որ այս պահի դրությամբ խաղաղ է, հանդարտ՝ թե՛ իրավապահ մարմինների, թե՛ այն տղաների կողմից, որոնք գտնվում են մեր հարակից զորամասում: Գտնում եմ, որ սա մեր հաջողության ամենից մեծ գրավականն է, և համոզված եմ, որ թե՛ իշխանությունները, թե՛ մեր զինված խումբը կպահպանեն անդորրը»:

Նա նաև նշել էր, որ Ժիրայր Սէֆիլյանի հետ քննարկել են զենքերը վայր դնելու հարցը. «Սէֆիլյանը շատ դրական է արձագանքել, պատրաստ է, ճիշտն ասած, բայց Սէֆիլյանը մի քանի հարցեր է առաջ քաշել, և այդ հարցերին պատկան մարմինները կպատասխանեն: … Կարող եմ պաշտոնական ասել, որ քիչ առաջ էլ` կես ժամ առաջ, Ժիրայր Սէֆիլյանն ասաց` ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականից»:

Նրա այս հայտարարությունները, սակայն, չէին կիսում խմբի անդամները և ՊՊԾ տարածքից դուրս գտնվող թիմակիցները՝ ասելով, որ Վ. Բալասանյանն իր անձնական կարծիքն է ասում, և որ իրենց՝ զենթերը վայր դնելու հրահանգ կարող է տալ կամ որևէ բան ասել միայն անձամբ Ժիրայր Սէֆիլյանը:

Ասուլիսի ընթացքում Վ. Բալասանյանը լրագրողներին հորդորեց-խնդրեց, անվտանգության նախադրյալներից ելնելով, լրատվամիջոցների համար նախատեսված տարածքից այն կողմ չգնալ.

«Որպեսզի ձեր անվտանգության հարցը լուծվի, ձեզ բոլորիդ խնդրում եմ, հորդորում եմ` այս գծից ձախ որևէ մեկը չգնա, որովհետև ես անձամբ պատասխանատու եմ դրա համար: Այս տեղանքը, համաձայնեցնելով իրավապահ մարմինների հետ և իշխանության առաջին դեմքի հետ և տղաների հետ, տարածքը ընտրել եմ ես, և որևէ մեկն իրավունք չունի այս տարածքից դուրս գալու»,-ասաց Վիտալի Բալասանյանը:

Անդրադառնալով այն գնահատականներին, որ Խորենացի փողոցում իշխանության կողմից պրովոկացիա է եղել, նա նշեց, որ իրեն հարազատ մարդիկ եղել են այդ տարածքում, և այդպիսի մարդիկ այնտեղ չեն գտնվել. «Եթե, իհարկե, պնդում են, որ եղել են, ապա ինչո՞ւ երեկ խաղաղ անցավ: Ուրեմն չեն եղել: Այդ պրովոկացիաները կատարվում են նրանց կողմից, ովքեր ուզում են արյուն թափել: Այդ մարդիկ մեր հասարակության մեջ տեղ չունեն»: Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլորին, որ այդ պահի դրությամբ բոլորը խոհեմ գտնվեցին: «Կարող եմ վստահաբար ասել, որ առավոտյան` ժամը 11:00-ին, ես անձամբ եղել եմ հանրապետության նախագահի մոտ: Հանրապետության նախագահը բոլոր իրավապահ մարմիններին համապատասխան հանձնարարականներ է տվել համապատասխան ուժ չկիրառելու մասին»,-հայտարարեց նա:

Չնայած լրատվամիջոցներին ուղղված հորդոր-խնդրանքներին, որոշ լրագրողներ, այնուամենայնիվ, խախտեցին անվտանգության կանոնները: Ասուլիսից և բազմաթիվ հարցազրույցներից, նկարահանումներից հետո Վիտալի Բալասանյանը քանիցս նրանց կոչ արեց դուրս գալ տարածքից, սակայն նրանք չհետևեցին կոչերին, ինչը Արցախի հերոսի զայրույթը առաջացրեց և նա դուրս հրավիրեց նրանց՝ պատճառաբանելով, որ վերջիններս խախտում են կատարել.

Երեկ ՊՊԾ գնդի տարածքում զինված խմբի անդամներից մեկը նույնիսկ օդ կրակեց:
Որոշ ժամանակ անց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ այդ պահից սկսած Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը իրենց համար միջնորդական առաքելություն չի իրականացնելու. «Մենք բանակցում ենք այլ անձանց հետ որպեսզի նրանք լինեն միջնորդ: Անունը կհրապարակվի բանակցություններից հետո»: Ավետիսյանի խոսքով՝ Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքում իրեն պահել է ոչ պատշաճ, ստանձնել է ոստիկանի գործառույթ և խոչընդոտել լրագրողների աշխատանքը:

Վիտալի Բալասանյանն այս օրերին ամեն ինչ արեց, որպեսզի բանակցությունները կայանան, որպեսզի արյուն չթափվի, փոխզիջումներ և երկխոսություն սկսվի իշխանությունների, զինված խմբի և նրանց ղեկավարի՝ քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սէֆիլյանի միջև: Վիտալի Բալասանյանը լրագրողներին խնդրեց-հորդորեց անվտանգության նկատառումներով՝ չխախտել տարածքի և պայմանավորվածության սահմանները, սակայն լրագրողները նրա հորդորներն անտեսեցին: Vitali

Լրագրողների սխալ աշխատանքի պատճառով, սակայն, այդ փխրուն բանակցություններից դուրս մղվեց Վիտալի Բալասանյանը, ով, ի դեպ, դեռևս ժամեր առաջ թե զինյալ խմբի ներկայացուցիչների, նրանց թիմակիցների, համակիրների, ցուցարարների կողմից ընկալվում էր որպես իրական հերոս՝ ոչ միայն արցախյան պատեազմի, այլ այս օրերի, ով Արցախից եկել է՝ կանխելու հնարավոր արյունահեղությունը: Իհարկե, Բալասանյանի՝գործընթացից «դուրս մղման» գործին նպաստեցին նաև Ալեք Ենիգոմշյանը և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ի թիվս այլ կարևոր հայտարարությունների, Վ. Բալասանյանը լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել էր, որ Արցախում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հող հանձնելու հարց չի քննարկվել. «Ես անձամբ հարց եմ տվել Սերժ Սարգսյանին` ՀՀ պարոն նախագահ, կա՞ որևէ պետություն, մարդ, ուժ, որը Ձեզ վրա ճնշում է գործադրում կամ պարտադրում: Ինքն ասել է` ոչ, ու չի լինելու»,- պատմել էր նա: Մյուս կարևոր հայտարարությունը՝ «Ժիրայր Սէֆիլյանն ասել է՝ ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականից», և երրորդ՝ ըստ նրա, խնդրին պետք է շուտափույթ լուծում տալ, այսօր կամ վաղը զենքերը վայր դնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս