«Թող ղեկավարեն նրանք, ովքեր ուզում են ղեկավարել». Նիկոլ Փաշինյանը հեռացավ

Այսօր հայտարարված ժամին Խորենացի փողոցում ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ես չեմ ուզում հավատալ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ արված այն հայտարարությանը, թե Ժիրայր Սէֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Ինձ համար այս հայտարարությունը նման է մղձավանջի, որովհետև, եթե այս հայտարարությունը հաստատվի, սա կլինի վերջին տարիներին երկրորդ անգամը, երբ որևէ ուժ մեր կուսակցությանը փորձում է համոզել միանալ Սերժ Սարգսյանի հեռացման համար իրենց առաջ քաշած պայքարին, և, երբ մենք դրան զգուշավորությամբ վերաբերվելով, այնուամենայնիվ, որոշում ենք քայլ կատարել՝ դա լրջացնելու ուղղությամբ, ահա երկար ժամանակ մեզ հրավիրող ուժը վճռական պահին հրաժարվում է իր կեցվածքից: Այսպիսի մի բան պատահեց ոչ իշխանական ուժերի եռյակի պարագայում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ այսօրվա հայտարարություններից հետո հարթակային մասնակցություն ունենալու իր բոլոր «լիազորությունները» հանձնելու է Ալեք Ենիգոմշյանին և մնացած նախաձեռնող խմբին.

«Երեկվանից, երբ թվում էր, թե այս պրոցեսը դուրս եկավ նոր հարթության վրա, ինձ մեղադրում են, որ ես այստեղ զբաղված եմ անձնական, կուսակցական PR-ով ու սեփականել եմ գործընթացը: Այս ելույթից հետո ես և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր անդամներն իջնելու ենք հարթակից, կանգնելու ենք ձեր կողքին՝ որպես հավաքի մասնակիցներ:

Պարզվեց՝ «Սասնա ծռերի» ներկայացուցիչները սխալ են համարում իմ գործելակերպը: Բանը հասել է նրան, որ իմ կողմից շատ սիրված Վարուժան Ավետիսյանն այսօր ուղիղ եթերում՝ տասնյակ-հազարավոր դիտողների առաջ, ասում է՝ Նիկոլ Փաշինյանն արյան վրա իր ձեռքերն է տաքացնում: Ես չէի կարող գալ այստեղ՝ արձանագրելու համար քաղաքացիական այս պայքարի մահը: Ես ու իմ ընկերները պիտի գայինք այնպես, որ այս պայքարը վերածնունդ արձանագրեր, և մենք երեկ դա արձանագրեցինք»:

Հիշեցնենք, որ նման հայտարարություններով այսօր հանդես էին եկել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը՝ Ն. Փաշինյանի հասցեին տարբեր մեղադրանքներ հնչեցնելով: «Ուրեմն, որ ամսի 20-ին ինչ-որ մարդիկ, որ ուզում էին այստեղ արյուն լիներ, ինչի՞ համար էին ուզում, որ իրենց ձեռքերը տաքացնեի՞ն»,- Վարուժան Ավետիսյանին հակադարձեց Փաշինյանը:

«Եկա համապարփակ օրակարգով, ճանապարհային քարտեզով, և այսօր հարց է հնչում, թե ինչի՞ է պետք ոչ բռնի այդ պայքարի կարգախոսը: Ես շատ կոնկրետ պատասխան ունեմ այդ հարցին, որովհետև խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու միակ ու հնարավոր պայմանը ժողովրդի կամարտահայտությունն է:

Մեզ համար խնդիր է եղել՝ այստեղ ապահովել այնպիսի պայմաններ, որ որևէ քաղաքացի չվախենա այստեղ գալ իր կնոջ ու երեխաների հետ: Մեզ ասում են՝ դուք «ինստիտուցիոնալ ընդդիմություն» էիք ասում, «ընտրություն» եք ասում, բա հիմա ինչի՞ եք հրաժարվել այդ սկզբունքից: Ինստիտուցիոնալ ընդդիմության ամենակարևոր սկզբունքը հետևյալն է, որ ժողովրդի կամարտահայտությունը պետք է լինի հստակ ու կասկածի տեղիք չտվող»,- նշեց նա:

Ն. Փաշինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու միակ ճանապարհը ժողովրդի կամարտահայտությունն է.

«Մեզ համար խնդիր է եղել՝ այստեղ ապահովել այնպիսի պայմաններ, որ որևէ քաղաքացի մտավախություն չունենա՝ այստեղ գալ իր կնոջ, երեխայի հետ, և երեկվանից ես այստեղ եմ եկել իմ կնոջ և որդու հետ, որովհետև ես իմացել եմ, որ սա քաղաքացիական պայքարի հարթակ է, ու այլ բան լինել չի կարող: Հարգելի քաղաքացիներ, ես ո՞վ եմ, որ որոշեմ՝ Սերժ Սարգսյանը պետք է մնա իշխանությա՞ն, թե՞ գնա, դուք եք այս երկրի տերը, դուք որոշեք: Ինչ որոշեք՝ ես ձեր կողքին եմ»:

«Հիմա այս հարթակը կդատարկվի, և թող ղեկավարեն նրանք, ովքեր ուզում են ղեկավարել: Բայց չի լինի էնպես, որ որևէ մեկը մտածի, թե կարող է մեզ ստիպել հրաժարվել մեր սկզբունքներից, մեր ճանապարհից, համոզմունքից: Նրանք, ովքեր մտածում են, զենքի ուժով կամ այլ ուժով, նրանք չգիտեն, թե ում հետ գործ ունեն: Մենք չենք գնա կիսատ գործարքների, չենք հրաժարվի մեր սկզբունքներից: Ես ասել եմ ու ասում եմ՝ կա մեկ ընդդիմություն, և դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է: Գիտե՞ք՝ ինչու է այդպես, որովհետև մենք չենք պայմանավորվել կուլիսներում, Սերժ Սարգսյանի հետ խոսելու բան չունենք, ինքը պետք է հեռանա իշխանությունից, իսկ ժամկետները կորոշի միայն ու միայն ժողովուրդը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս