«Սերժ Սարգսյանը հող հանձնելու հարց չի քննարկել». Վիտալի Բալասանյան

Արցախում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հող հանձնելու հարց չի քննարկվել: Քիչ առաջ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը:

Նա թվարկեց, թե ովքեր են մասնակցել նշված հանդիպմանը, այդ թվում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, և նշեց, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ ուզում է լսել բոլորի կարծիքը, թե ինչպես են տեսնում խնդրի լուծման ուղիները:

«Ես անձամբ հարց եմ տվել Սերժ Սարգսյանին` ՀՀ պարոն նախագահ, կա՞ որևէ պետություն, մարդ, ուժ, որը Ձեզ վրա ճնշում է գործադրում կամ պարտադրում: Ինքն ասել է` ոչ, ու չի լինելու»,- ասաց նա:

«Նախ՝ այն տարածքները, որոնք գտնվում են ԼՂՀ վերահսկողության տակ, ՀՀ-ն երաշխավորն է և՛ ԼՂՀ տարածքային ամբողջականության, և՛ մեր ֆիզիկական անվտանգության, այդ տարածքներում կան բնակիչներ, ո՞նց եք պատկերացնում, որ այդ բնակիչները թողնելու են, դուրս գան: Այդպիսի հարց չկա: Կարող է քննարկվել, բանակցային սեղանների վրա դրվել, բայց ես համոզված եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ ԼՂՀ-ում ապրող ժողովուրդը, համայն հայությունը չի գնա այդպիսի քայլի: Մենք ժամանակին զիջումներ արդեն կատարել ենք»,- ասաց Վիտալի Բալասանյանը:

Տեսանյութեր

Լրահոս