«Արտաքին ձեռագիրը երևում է. Ռուսաստանինն է դա, թե Արևմուտքինը, էական չէ». Արմեն Բադալյան

168.am-ի հարցազրույցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ

– Պարոն Բադալյան, զինված խմբի անդամներն ասում են՝ այլ ճանապարհ չկա, քաղաքական ճանապարհով հնարավոր չէ իշխանափոխության հասնել, դրա համար են զինված հարձակում իրականացնելու ճանապարհով գնում: Արդյո՞ք սա պայքարի միակ ձևն է, հնարավոր չէ՞ այլ կերպ պայքարել: Ի վերջո, մենք օրինակներ ունենք, երբ հասարակությունը կանգնել է քաղաքական գործիչների կողքին, բայց նրանք կամ թերացել են կամ կեսից նահանջել:

– Քաղաքակիրթ հասարակությունում, որտեղ աշխատում է ընտրությունների ճանապարհը, կան տնտեսական, քրեական, իրավական դատարաններ, հասարակությունը պայքարում է այդ մարմինների միջոցով: Հայաստանի նման կիսաավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրներում հասարակությունը վերջին 20 տարիներին տեսնում է մի բան. ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, մենաշնորհներն ամբողջովին խեղդել են տնտեսությունը, դատաիրավական համակարգ չկա, Ոստիկանությունն իրավապահ մարմնից վերածվել է իշխանապահ մարմնի, և այլն: Այս ամբողջ միջավայրը ստեղծում է պայքարի երեք ձև: Երբ ասում ենք՝ պայքարի ուրիշ ձև չկա, սխալ է, կա: Պայքարի ձևերից մեկն արտագաղթն է:

Երկրորդը դասական ձևն է, երբ քաղաքական ուժերը բանակցություններ են վարում Ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված. հաջորդ խորհրդարանական ընտրություններում՝ արտաքին ճնշումը հաշվի առնելով, քիչ թե շատ հնարավոր է լինելու անցկացնել նորմալ ընտրություններ: Երրորդ ձևը զենքի միջոցով պայքարելու ձևն է: Երբ հասարակությունը որոշում է, որ զենքով պայքարը պայքարի միակ ձևն է, միշտ հայտնվում են խմբակներ, որոնք փորձում են այն նյութականացնել. այն, ինչ դուք տեսաք ՊՊԾ գնդի գրավման ժամանակ: Պայքարի այս տարբերակը կիրառվում է բոլոր այն երկրներում, որտեղ կա ավտորիտար համակարգ:

Կարդացեք նաև

Սրա նախանշանները կային Հայաստանում. եթե հիշում եք՝ Շանթ Հարությունյանը փորձեց փայտերով ինչ-որ բան անել, որը լռեցվեց, հետո մի երիտասարդ կար, որը խաղալիք ատրճանակով կրակեց ոստիկանների վրա. նա ոչ միայն լռեցվեց, այլև 9 տարի բանտարկվեց: Երրորդ խումբն արդեն ավելի կազմակերպված էր ու զինված:

Տենդենցը տեսնում եք՝ փայտե ձողեր, խաղալիք ատրճանակ, մարտական զենքեր… Ու այս պրոցեսը չի կանգնելու, եթե այս հարցը լուծվի բռնի ուժով, և բարեփոխումներ չարվեն, հաջորդ խումբն անպայման կլինի, բայց այն արդեն ոստիկանական տեղամաս չի գրավի, այլ կսկսի մահապատժի ենթարկել բարձրաստիճան ոստիկաններին, տարբեր վայրերում գտնվող կառավարական գործիչներին՝ նախարարներ, պաշտոնյաներ, դատական մարմնի ներկայացուցիչներ և այլք:

Իսկ եթե իշխանությունները ցանկանան հարցը խաղաղ ճանապարհով լուծել, պետք է համաձայնեն, որ այդ խմբի դատավարությունը տեղի ունենա եվրոպական երկրներից մեկում, քանի որ գիտենք՝ ինչ վիճակում է մեր դատական համակարգը: Մի ենթաքաղաքական խնդիր էլ կա, որը Ղարաբաղի հարցի հետ է կապված:

– Ի՞նչ խնդրի մասին է խոսքը:

– Շատ են հարցնում՝ սա ի՞նչ լուծում կունենա: Լուծման երկու տարբերակ կա. առաջին՝ բռնի ուժով, երկրորդ՝ խաղաղ ճանապարհով: Բռնի ուժով լուծելու դեպքում առաջանում են խնդիրներ երկրի ներսում ու երկրից դուրս: Դիտարկենք երկրից դուրս առաջացած ճգնաժամը. Հայաստանի իշխանություններն արդեն բացահայտ գտնվում են արտաքին ճնշումների ներքո: ԱՄՆ-ը պահանջում է կոռուպցիայի դեմ պայքար, ԵՄ ճնշումների ներքո ընդունվեց Ընտրական օրենսգիրքը, Համաշխարհային բանկի և Միջազգային վալյուտային հիմնադրամի ճնշումներով՝ Հարկային օրենսգիրքը, Ռուսաստանն էլ Ղարաբաղի հարցն է առաջ քաշել: Այսինքն՝ եթե գործող նախագահը հարցը լուծի ուժային ճանապարհով, այս 4 ճնշումներն էլ ավելի են ուժեղանալու:

Գաղտնիք չէ, որ գործող նախագահը ՌԴ-ում ու Արևմուտքում վստահություն չներշնչող գործիչ է, բայց եթե ուժ կիրառի, հնարավոր է՝ Արևմուտքում դառնա նաև արյունոտված մերժելի գործիչ: Դա նշանակում է՝ բոլոր հարցերում նրա վրա ճնշումներն ավելի են ուժեղանալու արդեն ցանկացած հարցում, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում:

Գաղտնիք չէ, որ Ղարաբաղի հարցը վերջերս ինտենսիվ քննարկման առարկա է դարձել ՌԴ-Ադրբեջան, ՌԴ-ԱՄՆ շատ բարձր մակարդակով, որի հիմնական կետը սա է՝ 5 շրջանների վերադարձ Ադրբեջանին, ռուս խաղաղապահների մուտք, ադրբեջանական բնակչության վերադարձ այդ տարածքներ և ԼՂՀ-ի հետագա անորոշ կարգավիճակ: Եթե այս ամենին նախագահը կողմ ստորագրի, ՀՀԿ-ն, բնականաբար, չի բողոքի, ՀՅԴ-ն չի բողոքի, որովհետև պաշտոններ ունեն, ԲՀԿ-ն չի բողոքի ու չի բողոքի, որովհետև այն վաղուց ՀՀԿ-ի մասնաճյուղն է դարձել, այստեղ մնում են ընդդիմադիր ուժերը՝ ՀԱԿ-ը երևի չի բողոքի, ու մնում էր արմատական ընդդիմության մի թևը, որը կարող էր բողոքել՝ «Հիմնադիր խորհրդարանը»:

Այս հարցի լուծումից հետո նրանք չեզոքացվում են, այսինքն՝ Հայաստանում այլևս ԼՂՀ հարցի հետ կապված բողոքողներ չեն լինի: Իհարկե, կարող են 100 հոգի դուրս գալ փողոց, ցույց անել, դա չէ հարցը: Շատերն ասում են՝ բանակի հայրենասեր սպաները, նրանք կռվել են և այլն, այդ բանակի սպաների հայրենասիրությունը մենք տեսել ենք Վահե Ավետյանի սպանության ժամանակ. երբ «Հարսնաքարում» բանակի սպան սպանվեց, ու ոչ ոք ձայն չհանեց:

– Ի՞նչ եք կարծում՝ Ձեր նշած տարբերակներից որի՞ն կդիմի իշխանությունը:

– Չգիտեմ, չեմ կարող ասել:

– Մենք տեսնում ենք, որ նորաստեղծ կամ այլ ընդդիմադիր ուժեր հրճվանք են ապրում այս ամենից՝ նշելով, որ իշխանությունները ձախողվել են: Արդյո՞ք այս իրավիճակից ինչ-որ քաղաքական ուժեր չեն կարող օգտվել, ու նաև կարծիքներ կան, որ այս ամենի հետևում ինչ-որ անհատներ կամ քաղաքական ուժեր կարող են լինել:

– Ոչ, ես համամիտ չեմ դավադրության տեսության հետ: Ուղղակի կասեմ, որ այս ամենի հետևում կանգնած է այն ուժը, որը խանգարում է Ղարաբաղի հարցի լուծմանը, իսկ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին: Ղարաբաղի հարցը լուծել՝ ռուսական մոտեցմամբ նշանակում է՝ 5 շրջան վերադարձնել, այստեղ մուտք են գործում ՌԴ խաղաղապահ ուժերը, ինչն ուժեղացնում է ՌԴ ազդեցությունն Ադրբեջանում, Հարավային Կովկասում:

Ղարաբաղյան հարցի լուծումը պետք է նաև Արևմուտքին, որովհետև մոտենում է ընտրությունները, ու Արևմուտքը գոնե ցույց է տալիս, թե շահագրգռված է, որ Հայաստանում տեղի ունենան ազնիվ, արդար ընտրություններ, որի ընթացքում ՀՀԿ-ն կկորցնի մենաշնորհը, ինչը հնարավորություն կտա ձևավորված նոր քաղաքական ուժի հետ ինչ-որ բանակցային գործընթաց իրականացնել, ու, ինչո՞ւ ոչ՝ փորձել արևմտամետ վարչապետ նշանակել:

Բայց ղարաբաղյան հարցը նրան է խանգարում, որ, եթե մինչև խորհրդարանական ընտրություններն այն չլուծվի, ստիպված հետո պետք է լուծվի, ու Արևմուտքը չի ցանկանա, որ իր կողմից խրախուսված արևմտամետ վարչապետն ինքը ստորագրի Ղարաբաղի հարցի հողերը հանձնելու տարբերակը, որովհետև քննադատության ալիքը կգնա դեպի Արևմուտք: Արևմուտքին խանգարում է նաև այս իշխանությունը, որը բարեփոխումների չի գնում ու դրանով թուլացնում է Հայաստանը:

– Այսինքն՝ արտաքին միջամտությո՞ւն եք տեսնում:

– Հնարավոր է՝ արտաքին միջամտություն լինի: Ոչ թե անմիջապես ասեն՝ գնա ու այսինչ բանն արա, անուղղակի օգտագործեն այդ խումբը չեզոքացնելու համար: Արտաքին ձեռագիրը երևում է. Ռուսաստանի՞նն է դա, թե՞ Արևմուտքինը, էական չէ: Կարող է երկուսն էլ միաժամանակ լինեն, ոչ մի խնդիր չկա:

Տեսանյութեր

Լրահոս