Լարսի անցակետում Արցախի 37-ամյա բնակիչ է մահացել
Այսօր առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում Լարսի անցակետում Արցախի բնակիչ է մահացել: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Լարսի անցակետում հերթի մեջ սրտի կաթվածից մահացել է 1979թ. ծնված Արցախի բնակիչը՝ Արսեն Մակարյանը:
Լարսում մինչ օրս շատ մեծ՝ մի քանի կմ երկարության հերթեր են: Մարդիկ, այս շոգ եղանակին օրերով հերթ են կանգնում, ինչի պատճառով ծանր նյարդային ապրումներ ու խնդիրներ են ունենում:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ից Թերեք գետի վարարման և փլուզման հետևանքով փակվել էր Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Վերին Լարսի անցակետը: Որոշ աշխատանքներից հետո ճանապարհը բացվել է, սակայն գործում է որոշակի ժամային սահմանափակումներով, ինչը հսկայական հերթերի պատճառ է դառնում: