Թուրքիան Գյուլենի պատճառով սպառնում է ԱՄՆ-ին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը սպառնացել է Վաշինգտոնին բարեկամական հարաբերությունների ավարտով, եթե ԱՄՆ-ը չարտահանձնի թուրք հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, հայտնում է Reuters-ը:
«Այս փուլում անգամ մեր բարեկամական հարաբերությունները կարող են հարցականի տակ հայտնվել»,- հայտարարել է թուրք վարչապետը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ էր արել Բարաք Օբամային արտահանձնել Գյուլենին, քանի որ նա է «ոգեշնչել» երկրում զինված հեղաշրջման մասնակիցներին:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ թուրքական իշխանությունները պետք է ներկայացնեն հեղաշրջմանը Գյուլենի մասնակցության իրական ապացույցներ, որոնք կարող են դիմանալ քննությանը արտահանձնման մասին հարցման քննարկման ժամանակ:
Պատասխանելով Քերիի հայտարարությանը՝ Յըլդըրըմը ասել է, որ Թուրքիան բավարար է համարում Գյուլենի կողմնակիցների մեղքի ապացույցները:
«Մենք կհիասթափվեինք, եթե մեր ամերիկացի ընկերները մեզ խնդրեին ապացույցներ տրամադրել այն դեպքում, երբ վարձու մարդասպանների կազմակերպության անդամները փորձում են ոչնչացնել ընտրված կառավարությանն այդ մարդու հրամանով»,- հայտարարել է թուրք քաղաքական գործիչը:
Անձամբ Գյուլենը շաբաթ երեկոյան հայտարարել է, որ խռովությանն առնչություն չունի:
Ավելի վաղ քարոզիչը հասցրել էր դատապարտել երկրում հեղաշրջման փորձը: Օբաման դեռ չի մեկնաբանել Գյուլենին արտահանձնելու Անկարայի խնդրանքը: