«ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացի հաջողությանը սպառնացող վտանգավոր, անկայուն միջավայր ունենք»
Հարցազրույց «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի հետ
– Տիկին Մինասյան, 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում` Դուք, բազմիցս անդրադարձել եք տեղի ունեցածի պատճառներին, ոմանք նաև մեղադրում էին քաղաքացիական հասարակությանը` բավարար պատրաստվածություն չունենալու և իրավիճակին ճիշտ չարձագանքելու մեջ։ Երեք տարի է անցել` ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսվել են, ի՞նչ դասեր է քաղել քաղաքացիական հասարակությունը կամ քաղե՞լ է արդյոք։
– Երբ 2013թ. Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդունեց այնպիսի որոշում, ինչ Հայաստանում էր ընդունվել, հասարակության արձագանքը Կիևում այլ էր` անհամեմատելիորեն ավելի շատ մարդ դուրս եկավ փողոց, քան Հայաստանում սեպտեմբերի 3-ից հետո։ Եթե դա եք ակնարկում, որ հասարակությունն ավելի քիչ էր պատրաստ և քաղաքացիական հասարակությունը չկարողացավ հասարակությանն ուղորդել կամ համախմբել, ապա, ինձ թվում է` այդ հարցի պատասխանը տարբեր հարթություններում է։ Ամենակարևորը, իմ գնահատմամբ` այն միակ պատճառն է, որը ներկայացվեց հայ հասարակությանը` որպես այդ որոշման հիմք` անվտանգության խնդիր, ակնարկ եղավ նույնիսկ, որ դա շանտաժի արդյունք է։
Հասարակությունը շատ լավ գիտակցում էր այդ խնդիրը, և մենք ներկայումս տեսնում ենք, որ շատ ավելի լավ գիտակցում է այդ վտանգը, ավելին` կարող է դիմադրել արտաքին վտանգներին, սակայն հասարակությունը շատ պատասխանատու մոտեցավ այս հարցադրմանը, հասկացավ, որ այն պարագայում, երբ հարցն այդպես է դրված, մենք նման շանտաժի առարկա ենք, ապա մեզ համար դժվար կլինի որոշում կայացնել, գնալ և իշխանությունից մեկ այլ որոշում պահանջել։ Իմ համոզմամբ` հասարակությունը պետք է աներ դա։
Ինձ թվում է` քաղաքացիական հասարակության թերացումը ևս կա` պետք էր պահանջել բաց, թափանցիկ պատասխան, պահանջել հետագայի համար հաշվետվողականություն, պահանջել, որ այն առաջին դեմքը, որն ըստ իր պաշտոնի, ըստ այն ժամանակվա Սահմանադրության, թվում էր` կարող էր այդ որոշումը կայացնել, գոնե հաղորդակից դարձներ այս գործընթացին հասարակությանը։ Դա տեղի չունեցավ և դարձավ ընդհանրապես ձևաչափ, գործելակերպ։
Մենք այդ հաղորդակցման շատ մեծ պակասը տեսանք նոր Սահմանադրության առաջադրման դեպքում ևս և դարձանք մեծ անպատասխանատվության ականատեսը, քանի որ բավարար պատասխան այն հարցադրումներին, որ ուներ հասարակությունը` ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ի՞նչ արդյունքով ենք փոփոխում, այդպես էլ չստացվեց` անգամ ԱԺ պատգամավորների մակարդակով։ Որովհետև երկու շաբաթ և չորս ժամը` վերջին տեքստին ծանոթանալու համար, ակնհայտորեն, պատասխանատվություն չէ։
Թերությունը մեծ էր և կա։ Բայց ինձ թվում է` այստեղ քաղաքացիական հասարակությունը, չունենալով զանգվածային հասարակության աջակցությունը և ընկալումը, որ կոռուպցիան այն չէ, որ դրսից մեզ գումար են տվել և ասել, որ այն վատ է, մենք ասում ենք` վատ է, այլ իսկապես կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է, երբ ասում ենք` կոռուպցիա կա, կա պրոպագանդա և արժեքների խեղաթյուրում, պետք է գնալ Բաղրամյան 26 և տեսնել, որ այն, ինչ կատարվում է այնտեղ, և այն, որ քեզ ասում են հեռուստացույցից, տարբեր բաներ են, սրանք, ցավոք, շատ դառը հարցեր են։
Բայց, եթե կյանքը թելադրում է, որ այդ գինը վճարելով` մենք, որպես հասարակություն, հասկանանք, այդ դասերը պետք է քաղենք, ապա այդպես պետք է լինի։
– Ձեր նշած իրավիճակում ո՞րն է քաղաքացիական հասարակության գերակայությունը։
– Կարծում եմ` ամենամեծ խնդիրն այն է, որ կարողանանք պատասխանել հասարակության մեջ առկա այդ հարցադրումներին և ստիպենք կառավարությանը փոփոխություններ անել ոչ թե` այն պատճառով, որովհետև մեր քաղաքականության մշակումներն են այդպես ասում, այլ` որովհետև դա արդեն կյանքի պահանջ է։ Մենք փորձում ենք դա անել։ Իհարկե, ռեսուրսները շատ տարբեր են։
Նույն հաղորդակցման` հեռուստատեսությունը և պրոպագանդայի մնացած միջոցները հասու չեն քաղաքացիական հասարակությանը, և դա մեծ խնդիր է ստեղծում։ Բայց ինձ թվում է, որ, եթե անգամ քաղաքացիական հասարակությունն ինչ-որ տեղ թերանում է, ապա հիմա հասարակությունը շատ ավելի պահանջատեր է դառնում, և քաղհասարակությունը պետք է բարձրանա այդ պահանջատիրությունից և առաջնորդի հասարակությանը, ստիպի պետությանն ու իշխանությանը ստանձնել այդ պատասխանատվությունը։ Ստացվո՞ւմ է, թե՞ ոչ` չգիտեմ, չեմ կարող ասել, դեռ շատ անկայուն, անորոշ է վիճակը։
– Տիկին Մինասյան, վերսկսվել են ՀՀ-ԵՄ բանակցությունները։ Մինչ դա, այս ընթացքում ևս խոսվում է գործընթացի թափանցիկության անհրաժեշտության մասին, թերևս այս պահին դրանք թափանցիկ չեն։ Ձեր տպավորությամբ` ի՞նչ է տեղի ունենում բանակցային գործընթացում` հաշվի առնելով նաև այն անհանգստությունները, որ գուցե այս փուլը ևս չավարտվի ստորագրությամբ։
– Իսկապես, գործընթացը փակ է, փակ է ոչ միայն այն պատճառով, որ դա բանակցային գործընթաց է ու պետք է փակ լինի, այլ այն պատճառով, որ իրականում չկա արտահայտված և պարզ մարդկային լեզվով ձևակերպում, թե որն է հայկական կողմի համար ամբողջ այս բանակցային գործընթացի նպատակը, թե այս հարցերում կարողանանք այս-այս-այս փոփոխություններով հստակ նպատակների հասնել։ Այդպիսի մտքերի փոխանակություն իշխանության և ժողովրդի, քաղաքացիական հասարակության և փորձագիտական հասարակության միջև չկա։ Կարելի էր ասել, թե ինչ ստացվեց ու ինչ կարող էր ստացվել, դրանից ինչ քայլ է հետևելու, որ ոլորտում է խնդիր առաջանալու, կամ առանց խնդիրների, տարաձայնությունների բանակցություն ընթանալու։
Սրանք ամենևին էլ ավելորդություն չեն։ Բացարձակ չպետք է մտածեն, թե ժողովուրդն ինչ պետք է հասկանա։ Ժողովուրդը շատ լավ էլ կհասկանա, կամ գոնե կհասկանան մասնագիտացած փորձագետները, կան մարդիկ, որոնք դրանից հետո կկարողանան իրենց շահառուներին շատ ավելի պարզ բացատրել այն ամենը, ինչ կատարվում է։ Այնինչ դա չի արվում։ Իսկապես վտանգներ կան, դրանք շատ են` սկսած Նիցցայից ու արդեն այն հարցադրումից, որը չափազանց վտանգավոր է` «Եվրոպա գնալով` մենք ահաբեկչություն ենք բերում»։
Ոչ, մենք Եվրոպա գնալով` ահաբեկչություն չենք բերում, մեր ահաբեկչությունն այլ է. ունենք ներքին ահաբեկչություն, որի դիմացը չենք կարողանում առնել։ Երբ հայրը խոշտանգում է երեխային և կնոջը, դա ոչ պակաս ահաբեկչություն է։ Ոչ պակաս ահաբեկչություն է, երբ կոռուպցիան ողջ երկրի կարողությունը, պաշտպանության ոլորտն աղքատացնում է, դա ահաբեկչությունից ոչ պակաս վտանգ է։ Նմանատիպ հարցադրումներ սկսեցին շրջանառվել 2001թ. ԱՄՆ-ում ահաբեկչությունից հետո, որոնք հանգեցրին շատ վատ հետևանքների։
Այդ հետևանքները տարածվեցին ողջ աշխարհում, իսկ ներկայումս նաև ԱՄՆ-ը փորձում է այդ հետևանքները ավելի ու ավելի մաքրել` դա հանգեցրեց իրավունքների մասսայական խախտումների, ահաբեկչության աճի, որովհետև իրավունքի խախտումը միայն է՛լ ավելի մեծ հակահարվածի է բերում։ Ինձ թվում է` մենք այսօր ունենք շատ վտանգավոր, անկայուն միջավայր, որից կարելի է սպասել ամեն բան։ Ուստի քաղաքացիական հասարակության նպատակը հստակեցնելը շատ դժվար է։ Նպատակն այն է, որ փորձենք իրավիճակը գնահատել, հասկանալ և փորձենք պաշտպանել հանրային շահը։ Իսկ թե որքանով կկարողանանք` ժամանակը ցույց կտա։
– ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ԱլԳ երկրներին բաժանում է երկու խմբի` Հայաստանին դասելով Ադրբեջանի և Բելառուսի շարքում։ Եթե այս բանակցությունների արդյունքում ստորագրվի փաստաթուղթ, մենք այս երկրների շարքո՞ւմ ենք լինելու։ Սա վտանգավոր չէ՞։
– Ես դասակարգումներից մեծ հետևություններ չեմ անում, դասակարգում են զուտ ֆորմալ առումով` մի խումբը չի ստորագրել, մյուս խումբը ստորագրել է Ասոցացման համաձայնագիր։ Եթե չասոցիացվող խմբից Հայաստանն ունենում է գոնե մեկ` ավելի կոնկրետ համագործակցության ձևաչափ, այդքանով տարբերվում է մյուսներից։ Այդ խմբում թե այն խմբում լինելը երկրորդական է, կարևորն այն է, թե ինչ բովանդակություն կունենա կնքվելիք փաստաթուղթը, և ինչպես կկարողանա մեզ տանել ավելի այլ խումբ` ժողովրդավար, բարեկեցիկ, տնտեսապես զարգացած։ Դա առաջնային հարց է, մնացածը բառերի ու սեմանտիկայի հարց է։