«Ճիշտ չէ օգտագործել «չարաշահում», «ապօրինի գործողություն» և նման այլ արտահայտություններ». Արծվիկ Մինասյանը՝ Իշխան Զաքարյանի հայտարարությունների մասին
Ինչպես հայտնի է, երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անհամաձայնություն հայտնեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած տվյալների վերաբերյալ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարար Ա. Մինասյանն անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ կան տուրիստական կազմակերպություններ, որոնք գործել են Էկոնոմիկայի նախարարության հաշվառումից դուրս:
Նա նկատեց, որ սոցիալական փաթեթի գաղափարն ամրագրված է թե պետական ծառայության օրենսդրությամբ, թե պետական բյուջեում: Նրա խոսքով՝ այն ունի մի քանի ուղղություններ՝ 4 հիմնական ուղղություն, և մեկն ավելացել է նախորդ տարի: Ա. Մինասյանը նշեց, որ համակարգի արդյունավետության բարձրացման առաջին նախաձեռնողներից մեկը եղել է Էկոնոմիկայի նախարարությունը. «Այսինքն՝ մենք ինքներս ենք դիմել և ասել ենք, որ ուզում ենք արդյունավետության բարձրացման հարց քննարկել և թույլ չտալ, որպեսզի որոշ համակարգերի ոչ լիարժեք աշխատանքի արդյունքում այս բաղադրիչը նսեմացվի»:
Նրա կարծիքով՝ եթե պատշաճ ուսումնասիրություններ չեն իրականացվել, ճիշտ չէ օգտագործել «չարաշահում», «ապօրինի գործողություն» և նման այլ արտահայտություններ, քանի որ դրանք քրեական երևույթներ են. «Կան փաստեր և կան դեպքեր, երբ տուր-օպերատորները չեն կատարել վճարում հանգստյան տներին և հյուրանոցներին, սա սովորական մասնավոր հարաբերությունների հարց է, ու սրա կարգավորումն այլ օրենսդրության կարգավորման հարց է: Եթե կա կանխամտածված սնանկացում, լուծարում, ակնհայտ հափշտակություն, սա այլ դրևորում է»:
Ա. Մինասյանի դիտարկմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունը հաշվառում է տուր-օպերատորներին նվազագույն պահանջներով, ու այդ տվյալները ներառվում են էլեկտրոնային կայքէջում. «Ունենք որակավորումների համակարգ հյուրանոցների համար: Որևէ լիցենզավորում համակարգում չկա: Հարգարժան Զաքարյանը երբ խոսում էր լիցենզավորման մասին, «ապօրինի կանխիկացում» արտահայտության մասին՝ իմ առաջարկը հետևյալն էր, որ այս ուսումնասիրության հիմնական խնդիրն արդյունավետության բարձրացման հարցը պետք է լինի, և ոչ թե օգտագործում ենք արտահայտոթյուններ, որոնք հետագայում հասարակության մոտ կարող են այլ տպավորություն ստեղծել»:
Նախարարը նաև հայտնեց, որ արդեն երեք կազմակերպության նախարարությունը հեռացրել է հաշվառումից, որովհետև չեն կատարել պայմանագրում ամրագրված պարտականությունները:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: