Բաժիններ՝

10.9 մլրդը չի վերաբերում միայն հանգստին. Արծվիկ Մինասյանը՝ սոցփաթեթի մասին

ՀՀ կառավարության նիստի ընթացքում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անդարադարձավ սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի ուսումնասիրության վերաբերյալ վերահսկիչ պալատի նախագահի դիտարկումներին:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ սոցիալական փաթեթը 4 հիմնական ուղղություններով է. առողջապահությունից զատ՝ կա նաև կրթության ֆինանսավորում, հիպոթեքային վարկավորում, ինչպես նաև հանգստի կազմակերպում: «10.9 մլրդ դրամը, որ 2016թ. բյուջեով նախատեսված է, մնացած երեք ուղղություններով է՝ առողջապահականից զատ, իսկ ուսումնասիրությունը կատարվել է միայն հանգստի բաղադրիչով: Այսինքն՝ այս 10.9 մլրդը չի վերաբերում միայն հանգստին՝ չնայած դրա գերակշիռ մասն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ Իշխան Զաքարյանը օգտագործեց «լիցենզավորում» բառը, սակայն համակարգում լիցենազավորում չկա. «Կա հաշվառում, որի նպատակը տուրօպերատորների հաշվառում իրականացնելն է, որպեսզի բոլոր հանգստյան տները և առողջարանային հաստատություններն իմանան, թե որ կազմակերպությունների հետ կարող են կազմակերպել այդ գործունեությունը: Եվ ունենք հանգստյան տների որակավորման համակարգ: Արտահայտությունը, որ հաշվառումը ձևական է եղել, կարծում եմ՝ ավելի շատ պետք է վերագրել ոչ թե նրան, որ հաշվառման նախատեսված ընթացակարգերը չեն պաշտպանվել, այլ այն, որ համապատասխան վերահսկողական համակարգը ուժեղ չէ, որ կարողանա լիարժեք իրականացնել»:

Նա նշեց, որ այս ընթացքում ակտիվ աշխատել են վերահսկիչ պալատի հետ, որպեսզի բացառվի հնարավոր անարդյունավետ գործունեությունը: «Տվյալ դեպքում խոսքը չպիտի գնա քրեական հանցակազմի մասին, առավել ևս երբ խոսում ենք մասնավոր և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասին գոնե այս պահին: ««Ապօրինի կանխիկացում» արտահայտությունն էլ, կարծում եմ, այստեղ տեղին չէ, որովհետև արգելված չէ դրա կանխիկացումը: Սահմանափակումներ կան, բայց արգելված չէ, հետևաբար՝ մենք պետք է խոսենք հասցեականության բարձրացման, և ինչպես դուք հանձնարարել եք, արդյունավետությունն ավելի առաջ տանելու մասին, որպեսզի քաղաքացիների մոտ էլ տպավորություն չստեղծվի, թե առհասարակ այս բաղադրիչը հանվում է»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս