«Ադրբեջանի կողմից ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով տանելու վտանգը դեռևս չի վերացել»
Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ նախագահող երկրի և այս հարցում շահագրգռվածություն ցուցաբերող մյուս կողմերի այցերը տարածաշրջան կտրուկ ավելացել են: Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով տանելու վտանգը դեռևս չի վերացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն` անդրադառնալով ղարաբաղյան խնդրի վերջին զարգացումներին:
-Պարոն Աբրահամյան, ղարաբաղյան խնդրի հետ կապված խմորումներ են տեղի ունենում, գոնե հայտարարությունների մակարդակով ակտիվություն ենք նկատում: Հայաստանի ու Արցախի պաշտոնյաները տարբեր մակարդակներով կարճաժամկետ կտրվածքով մի քանի անգամ ընդգծեցին, որ Արցախի անկախութ յան ճանաչմանն ու բանակցային ձևաչափի լիարժեք վերականգնմանն այլընտրանք չկա: Այս ակտիվությունն, ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված:
-Արցախում ապրիլին սանձազերծված մարտական գործողությունները ձախողում էին նաև միջնորդ երկրների համար, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնային նպատակներից էր էսկալացիա թույլ չտալը, ինչը փաստացի չհաջողվեց: Ներկայումս գործընթացում ակտիվություն է նկատվում ոչ թե բանակցային գործընթացում վերջնական հանգուցալուծման հասնելու, այլ էսկալացիա թույլ չտալու նպատակով:
–Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ կողմերն այս անգամ շատ ավելի մոտ են հաջողության հեռանկարին, քան երբևէ: Ըստ ձեզ, կողմերը ո՞ր հարցում կարող են մոտ լինել:
-Այս պահին միջնորդների հիմնական խնդիրներից է՝ հասնել բանակցությունների վերսկսմանը, սակայն նույնիսկ այս հարցում անորոշությունը մեծ է, քանի որ Ադրբեջանը ակնհայտորեն չի ցանկանում կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
–Այս օրերին Ադրբեջանը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ ուսումնամարզական թռիչքներ է անցկացնում: Շփման գծում կրկին կրակոցները վերսկել են: Դրանով Ադրբեջանն ի՞նչ խնդիր է լուծում:
-Գործընթացի այս փուլում, նման մասշտաբային ուսումնամարզական թռիչքների իրականացումը խիստ անցանկալի է, որովհետև այն ավելի շատ սադրանք է հիշեցնում: Մի ամիս առաջ էլ Ադրբեջանը մեծաքանակ տեխնիկայի ու մարդկային ուժի ներգրավվմամբ զորավարժություններ անցկացրեց, այս ուսումնամարզական թռիչքները այդ զորավարժությունների տրամաբանական շարունակությունն են: ԼՂ հարցով պրոցեսը բարդ փուլում է, իսկ Ադրբեջանն այսպիսի գործողություններով նպաստում է իրավիճակի առավել սրմանը:
–Առաջիկայում ակնկալվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին է այցելում Ռուսաստան: Այցի ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հարցը ևս: Հաշվի առնելով, որ քաղաքական ակտիվ գործընթացներ կան, հավանական համարո՞ւմ եք սահմանին հանգիստ իրավիճակի պահպանումը, թե՞ Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է:
-Բոլոր վերլուծությունները տանում են նրան, որ բանակցային գործընթացում էական փոփոխություններ չեն լինելու, իսկ Ադրբեջանն ակտիվորեն զբաղված է նոր ռազմական տեխնիկայի, սպառազինությունների գնման գործարքներով, շփման գծում նկատելի են նաև Ադրբեջանի կողմից ակտիվ աշխատանքներ, այնպես որ, ներկայումս նկատվող համեմատաբար կայուն իրավիճակը երկար չի պահպանվի. ամեն դեպքում իրադարձությունների ընթացքը դա է ցույց տալիս:
Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ նախագահող երկրի և այս հարցում շահագրգռվածություն ցուցաբերող մյուս կողմերի այցերը տարածաշրջան կտրուկ ավելացել են, ինչը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի կողմից՝ խնդիրը ռազմական ճանապարհով տանելու վտանգը դեռևս չի վերացել:
Հարցազրույցը` Աննա Գզիրյանի