Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել են հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթն իր այսօրվա համարում գրել է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը պատժվում է ազատազրկմամթ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով)։
Այս տարվա մայիսին Միհրան Պողոսյանը, ի վերջո, այդ գործով կանչվել էր հարցաքննության։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ քննիչները օրերս Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել են հարցաքննության։ Ավելին, մեր տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանը, հարցաքննվելուց բացի, նաեւ ինչ-որ այլ քննչական գործողությունների է մասնակցել։
Ենթադրվում է, որ Միհրան Պողոսյանին ինչ-որ փաստաթղթեր են ներկայացրել, որոնց վերաբերյալ նա պարզաբանումներ է ներկայացրել, հնարավոր է, որ ԴԱՀԿ նախկին պետն ինքը եւս ինչ-որ փաստաթղթեր ներկայացրած լինի։ Ամեն դեպքում նախաքննությունը դեռ շարունակվում է»։
Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։