Բաժիններ՝

Ֆրանց Կաֆկայի խոհափիլիսոփայական արտահայտությունները

Ֆրանց Կաֆկա (1883-1924). հրեական ծագմամբ գերմանալեզու գրող: Հիմնական ստեղծագործություններն են վեպերը («Դատավարություն», «Դղյակը», «Կերպարանափոխություն», և այլն) և բազմաթիվ պատմվածքները: Կաֆկայի ստեղծագործությունների մեծամասնությունը տպագրվել է հեղինակի մահից հետո: Հակառակ Կաֆկայի կտակի, հեղինակի մերձավոր Մաքս Բրոդը հրատարակում է Կաֆկայի ձեռագրերը, որը համաշխարհային ճանաչում է բերում հեղինակին:

1. Շարժումը զրկում է մեզ հայեցության հնարավորությունից: Մեր մտահորիզոնը նեղանում է: Ինքներս էլ դա չնկատելով՝ մենք կորցնում ենք գլուխներս՝ չկորցնելով կյանքը:

2. Վախի առաջին պահին մեր գլուխն է մտնում ամեն տեսակի հիմարություն, բայց հերիք է մի փոքր մտածել, և ամեն ինչ ընկնում է իր տեղը:

3. Գեղագիտորեն հաճույք ստանալ կեցությունից կարելի է միայն խոնարհաբար ապրելով բարոյականության օրենքներով:

4. Ով աշխարհում սիրում է իր մերձավորին, կատարում է ոչ ավել և ոչ էլ պակաս անարդարություն, քան նա, ով աշխարհում սիրում է ինքն իրեն: Մնում է միայն մի հարց. հնարավո՞ր է արդյոք առաջինը:

5. Իրական զգացմունքի և դրա նկարագրության միջև, ինչպես տախտակ, գցված է նախադրյալը՝ զրկված ամեն տեսակի կապերից:

6. Սովորականն արդեն ինքնին հրաշք է: Ես միայն գրանցում եմ այն: Հնարավոր է, որ ես մի փոքր լուսավորում եմ իրերը, ինչպես մթնեցված բեմի հատակի լամպը: Բայց դա ճիշտ չէ: Իրականում բեմն ընդհանրապես մթնեցված չէ: Այն լի է ցերեկային լույսով: Դրա համար մարդիկ կկոցում են աչքերը և այդքան քիչ են տեսնում:

7. Ճշմարտությունն այն է, ինչ անհրաժեշտ է մարդուն կյանքի համար, և ինչ, այնուամենայնիվ, նա չի կարող ոչ մեկից ստանալ կամ ձեռք բերել: Յուրաքանչյուր մարդ պետք է անընդհատ ծնի դա իր միջից, այլապես նա կմահանա: Կյանքն առանց ճշմարտության անհնար է: Հնարավոր է՝ ճշմարտությունը հենց կյանքն է:

8. Մեծամասամբ մարդիկ բնավ էլ չար չեն: Մարդիկ վատ են վարվում և մեղք են իրենց վրա վերցնում, որովհետև խոսում և գործում են՝ չպատկերացնելով իրենց խոսքերի և արարքների հետևանքները: Նրանք լուսնոտներ են, այլ ոչ թե չարագործներ:

9. Պատահականություն անվանում են իրադարձությունների զուգադիպումը, որոնց պատճառականությունն անհայտ է: Բայց առանց պատճառականության՝ չկա աշխարհը: Դրա համար էլ պատահականությունները գոյություն ունեն ոչ թե աշխարհում, այլ միայն մեր գլխում, մեր սահմանափակ ընկալման մեջ: Դրանք մեր իմացության սահմանների արտացոլումն են: Պայքարը պատահականության դեմ միշտ պայքար է ինքներս մեր դեմ: Պայքար, որում մենք երբեք չենք կարող հաղթող դառնալ:

10. Առողջ մարդու համար կյանքը, անկեղծ ասած, ընդամենը չգիտակցված փախուստ է, որում ինքն իրեն չի խոստովանում. փախուստ այն մտքից, որ, վաղ թե ուշ, ստիպված ենք մահանալ:

11. Ով հասկացել է կյանքի ամբողջ լիակատարությունը, նա չի ճանաչում մահվան վախը: Վախը մահվան հանդեպ միայն չիրականացած կյանքի արդյունք է: Դա դրա դավաճանության արտահայտումն է:

12. Ջղաձգային ուրախությունը շատ ավելի տխուր է, քան բաց արտահայտված տխրությունը:

13. Երջանկությունը բացառում է ծերությունը: Նա, ով պահպանում է հիասքանչը տեսնելու հնարավորությունը, չի ծերանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս