«ՀՀ իշխանությունների ռուսամետ քաղաքականությունը նպաստում է տարածաշրջանում բաժանարար գծերի խորացմանը». Արմեն Գրիգորյան
168.am-ի զրուցակիցն է «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը
– Պարոն Գրիգորյան, Վարշավայում կայացավ ՆԱՏՕ–ի հերթական գագաթաժողովը, որը խոստանում էր շրջադարձային դառնալ Ռուսաստանի էքսպանսիայի զսպման տեսանկյունից: Ինչպե՞ս եք գնահատում գագաթաժողովի արդյունքները: Ինչո՞վ այն նշանավորվեց:
– Վարշավայի գագաթաժողովի հռչակագրում թվարկված են Եվրոպայի անվտանգության համար Ռուսաստանի կողմից առկա սպառնալիքները, ընդ որում, ի տարբերություն նախկինում եղած մի շարք փաստաթղթերի, այս անգամ ձևակերպումները բավական հստակ են: Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի գումարտակներ (ամերիկյան, կանադական, բրիտանական և գերմանական) տեղակայելու վերաբերյալ ծրագիրը մտնում է գործնական իրագործման փուլ, իսկ դրանց տեղակայումը նշանակում է, որ ռուսական ներխուժման դեպքում ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառումը կերաշխավորվի, այսինքն՝ Բալթյան երկրները չեն հանձնելու Ռուսաստանին` հետագա լարվածությունից ժամանակավորապես խուսափելու համար: Սևծովյան միացյալ նավատորմի ստեղծման ուղղությամբ նույնպես գործնական քայլեր են սպասվում:
– ՆԱՏՕ–ի նախաձեռնած այս նոր գործընթացից հետո տեսակետ կա, որ ուրվագծվում է Ռուսաստանից Հայաստանի հեռացման հեռանկարը: Հայաստանին, որը ռուսական ռազմական բազա ունի իր տարածքում և Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ, ի՞նչ դեր ու նշանակություն կարող է վերապահվել այս գործընթացում:
– Ձեր նշած տեսակետը, թերևս, չափազանց լավատեսական է: Ռուսաստանը, ունենալով բացարձակ ազդեցություն հայաստանյան քաղաքական վերնախավի և ուժային կառույցների նկատմամբ, Հայաստանին ներքաշում է ՆԱՏՕ-ի հետ դիմակայության մեջ: ՀՕՊ համաձայնագրի պարտադրումը դրա վկայությունն է: ԱԺ-ում քվեարկության ժամանակ կողմ և դեմ քվեների համարյա հարաբերակցությունը ստացվեց` ինչպիսին կար Եվրասիական միության անդամակցության վերաբերյալ քվեարկության ժամանակ, և դա ավելին է, քան պարզապես զուգադիպություն: ՀՀԿ-ի հետ միաժամանակ, նաև «ընդդիմադիր» կամ «այլընտրանքային» ուժերը ներառող, Ռուսաստանի շահերով առաջնորդվող մեծամասնությունը պատրաստվում է վերարտադրվել նաև 2017թ. ընտրություններում` հասարակության մեծամասնության պասիվության ու անտարբերության պայմաններում, Հայաստանին վերապահելով ռուսական ֆորպոստի դերը:
– Ինչպե՞ս ավարտվեց ՆԱՏՕ–ի վեհաժողովը Հայաստանի համար:
– ՆԱՏՕ-ն հայտնել է բոլոր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին: Ժամանակը ցույց կտա՝ ինչ ձևաչափով կշարունակվի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը` ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև խորացող կոնֆրոնտացիայի պայմաններում: Հայաստանի իշխանությունները, շարունակելով վարել ավանդական ռուսամետ քաղաքականություն, նպաստում են տարածաշրջանում բաժանարար գծերի խորացմանը: Դա հատկապես նկատելի է Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման ֆոնին: