
Տոլմայի փառատոն-մրցույթ Թբիլիսիում. ներկայացվել էր տոլմայի 45 տարատեսակ

Հուլիսի 10-ին Թբիլիսիում տեղի է ունեցել «Տոլմա-2016» հայկական տոլմայի ավանդական փառատոն-մրցույթը: Ամենամյա փառատոն-մրցույթը չորրորդ անգամ տեղի է ունեցել Հավլաբարի շրջանում՝ Թբիլիսիի Սուրբ Էջիմածին հայկական եկեղեցու գավիթում:
Փառատոնում ներկայացվել էր մասնակիցների կողմից պատրաստված տոլմայի 45 տարատեսակ: Մասնակիցների թվում էին Թբիլիսիի սովորական բնակիչներ, մի քանի հասարակական միավորումներ եւ վեց ռեստորաններ:
Տոլմայի որակը գնահատում էր հատուկ ժյուրին, որի կազմում կային խոհարարական արվեստի վարպետներ Հայաստանից:
Փառատոն-մրցույթի կազմակերպիչներն էին Վրաստանի «Շուշանիկ» հայ կանանց միությունը՝ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմի գլխավարի եւ «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: