
«Քանի դեռ կառավարությունը չի հասկացել՝ ինչ է օրենքի գերակայությունը, մենք փոփոխության ակնկալիք չենք կարող ունենալ». Սթեֆըն Քյուրքչյան

«Սա հիանալի երկիր է, այս երկրում չկան այն արատները, որոնք ես տեսնում եմ այլ երկրներում. փողոցներն անվտանգ են, այստեղ կազմակերպված հանցագործությունը որևէ կերպ չի հասնում այն մակարդակին, որ կա ԱՄՆ-ում: Երբ Հանրապետության հրապարակում երեխաները քչփչում են՝ ես համոզված եմ, որ նրանք չեն խոսում թմրանյութի վաճառքի մասին, բայց կարծում եմ, որ գործ ունենք անելու՝ կառավարությանը պետք է ստիպել, որ արձագանքի քաղաքացիական հասարակության ու կառավարության միջև տեղ գտած հակասություններին»,- այս կարծիքին է այս օրերին Հայաստանում գտնվող՝ ԱՄՆ-ում ճանաչված հետաքննող լրագրողներից մեկը՝ Սթեֆըն Քյուրքչյանը (Stephen Kurkjian):
Նշենք, որ Սթեֆըն Քյուրքչյանն ավելի քան 40 տարի աշխատել է «Բոսթոն Գլոբ» («Boston Globe») թերթում, եղել է թերթի Վաշինգտոնի բաժնի ղեկավարը և «Spotlight» հետաքննող լրագրողների խմբի հիմնադիրներից մեկը:
Հայ լրագրողների համար կազմակերպված դասընթացի ժամանակ Ս. Քյուրքչյանը նշեց, որ այս վերջին երկու շաբաթվա մեջ Հայաստանում գտնվելով՝ ավելի շատ սովորել է, քան խոսել է:
«Ձեր ապուպապերը Ցեղասպանության միջով են անցել, իսկ ձեր ծնողները՝ խորհրդային վերահսկողության ենթարկվել, որի ընթացքում փորձել են վերացնել ազատ արտահայտվելու իրավունքը, ու զարմանալի չէ, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կայացած ժողովրդավարություն չկա: Շատ հուսախաբեցնող է այն հանգամանքը, որ պետական պաշտոնյաները չեն հասկանում, որ ժողովրդի հետ հաղորդակցվելը պատշաճ կերպով չի արվել: Քանի դեռ կառավարությունը չի հասկացել՝ ինչ է օրենքի գերակայությունը, մենք փոփոխության ակնկալիք չենք կարող ունենալ: Լրագրողները պետք է շարունակեն իրենց գործունեությունը՝ անդրադառնալով կարևոր խնդիրներին ու պահպանելով լրագրության սկզբունքները»,- նշեց Ս. Քյուրքչյանը:
Նա հայաստանյան մամուլի ներկայիս վիճակը, ազատության սահմանները համեմատեց 2002թ. հետ և ասաց, որ այսօր Հայաստանում մամուլն ավելի ազատ է, քան այն տարիներին. «Լրատվության բիզնեսում ընդգրկված մարդիկ իրենց վարկանիշի համար են այնտեղ: Այս երկիրն այնպիսի ղեկավարության կարիք ունի, ում համար վարկանիշն առաջին տեղում է: Օրինակ, եթե Թուրքիա գնաք, միայն մի մարդու հուշարձանը ամենուր կտեսնեք՝ Աթաթուրքինը: Բայց Հայաստանում ավելի բախտավոր ենք եղել, ու շատ մարդին կան, ում հուշարձաններն ունենք»:
Անդրադառնալով Հայաստանում տարածված անմեղության կանխավարկածի խախտումներին՝ նա նկատեց, որ ԱՄՆ-ում իրենք շատ ուշադիր հետևում են մարդկանց չպիտակավորելուն, ու դա այն օրենքն է, որը պաշտպանում է մարդու անունը կամ համբավը. «Եթե լրագրող եք, ապա նախքան հոդվածը գրելը պետք է այդ կանոններն իմանաք: Կարիերայիս ընթացքում՝ մի անգամ է իմ դեմ դատական գործ հարուցվել, ու մեկ ամիս անց բաց են թողել ինձ: Ցանկացած բացասական բան որևէ անձի մասին պետք է հիմնավորված լինի փաստերով»,- ասաց նա:
Նա նշեց, որ ինքը երբեք զայրացած կամ բորբոքված չի խոսում զրուցակցի հետ, այլ մշտապես խոսում է փաստերով. «Ես դա անում եմ նախքան հրապարակելը: Օրինակ, մինչև հրապարակելն ասում եմ այդ մարդուն՝ իմ ուսումնասիրության արդյունքում այս մի քանի թերացումներն եմ գտել ձեր աշխատանքում: Անակնկալի տարրը հանեք, ուղղակի այդ անձին փաստացի ասեք, թե ինչ եք բացահայտել: Ես միշտ այդ ռազմավարությունը կիրառում եմ, այդ անձի մասին իմ հոդվածում ինչ-որ մի դրական բան էլ եմ գրում»: