Հունգարիայի վարչապետը հորդորել է Զելենսկիին վերաբացել «Բարեկամություն» նավթամուղը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ուղղված բաց նամակ է հրապարակել՝ մեղադրելով նրան ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու փորձի մեջ։
X սոցիալական ցանցի իր էջում հրապարակած նամակի մեջ Օրբանը, դիմելով Զելենսկիին, մասնավորապես ասել է․
«Չորս տարի շարունակ Դուք չեք կարողացել ընդունել Հունգարիայի ինքնիշխան կառավարության և հունգարացի ժողովրդի դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ: Չորս տարի շարունակ Դուք աշխատել եք Հունգարիային ձեր երկրի և Ռուսաստանի միջև պատերազմի մեջ ներքաշելու ուղղությամբ: Այս ընթացքում Դուք ստացել եք Բրյուսելի աջակցությունը և ապահովել հունգարական ընդդիմության աջակցությունը: Մենք նաև տեսնում ենք, որ Դուք, Բրյուսելը և հունգարական ընդդիմությունը համակարգում եք ջանքերը՝ Հունգարիայում իշխանության բերելու ուկրաինամետ կառավարություն: Վերջին օրերին դուք փակել եք «Բարեկամություն» նավթամուղը, որը կարևոր է Հունգարիայի էներգամատակարարման համար: Ձեր գործողությունները հակասում են Հունգարիայի շահերին և վտանգում են հունգարական ընտանիքների անվտանգ և մատչելի էներգամատակարարումը: Հետևաբար, ես կոչ եմ անում ձեզ փոխել ձեր հակահունգարական քաղաքականությունը»:
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիայի ժողովուրդը պատասխանատու չէ այն իրավիճակի համար, որում հայտնվել է Ուկրաինան։ «Մենք համակրում ենք ուկրաինացի ժողովրդին, բայց չենք ցանկանում մասնակցել պատերազմին: Մենք չենք ցանկանում ֆինանսավորել պատերազմական ջանքերը և չենք ցանկանում ավելի շատ վճարել էներգիայի համար: Ես կոչ եմ անում ձեզ անհապաղ վերաբացել «Բարեկամություն» նավթամուղը և զերծ մնալ Հունգարիայի էներգետիկ անվտանգության վրա հետագա հարձակումներից»,- հայտարարել է Օրբանը՝ կոչ անելով հարգել իր երկիրը:



