«Այն երկրները, որտեղ պատնեշներ են դրվում գիտության զարգացման ճանապարհին՝ ոչ մի ապագա չեն կարող ունենալ». «STARMUS» փառատոնում Սթիվեն Հոքինգի ուղերձն աշխարհին

Հունիսի 27-ից հուլիսի 2-ը Տեներիֆե կղզում հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ու անցկացվեց  երրորդ միջազգային «STARMUS»  գիտական փառատոնը, որն այս տարի ուներ «Հորիզոնից այն կողմ` հարգանքի տուրք Սթիվեն Հոքինգին» անունը կրող խորագիրը, որը յուրատիպ հարգանքի տուրք է բոլոր ժամանակների ամենահայտնի բրիտանացի աստղաֆիզիկոսին: Համարվելով աշխարհի առավել հավակնոտ գիտական փառատոնը, այս տարի «Սթարմուսին» մասնակցություն էին բերել  ֆիզիկայի, քիմիայի և բժշկության բնագավառից Նոբելյան մրցանակի մեկ տասնյակից ավելի դափնեկիրներ:

1 2 3 4

«STARMUS»-ի այս տարվա նորամուծությունը  նորաստեղծ մեդալն էր, որը կրում է հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգի (Stephen Hawking) անունը: Ինչպես փառատոնի հիմնադիրը, այնպես նաև Սթիվեն Հոքինգի անունը կրող մեդալի ստեղծման հեղինակը ճանաչված հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, «STARMUS»-ի հիմնադիր Գարիկ Իսրաելյանի հետ 168.am-ը զրուցել է փառատոնի այս տարվա ձեռքբերումների, անակնկալների ու այլ մանրամասների մասին:

Կարդացեք նաև

Starmus (5) Starmus (4)

Գարիկ Իսրաելյանը  տեղեկացրեց, որ «STARMUS»-ն այս տարի սպասվածից բարեհաջող է անցել, նախորդներից անհամեմատ հզոր՝ թե՛ գիտական, թե՛ երաժշտական, թե՛ զեկուցումների առումով,  իսկ  աշխարհահռչակ ու  դարի խոշորագույն գիտնական Սթիվեն Հոքինգի անվան գիտության հանրայնացման նորարարական մրցանակը փառատոնի շրջանակներում շնորհվել է երեք լավագույններին,  ովքեր օգնում են խթանել գիտության հանրայնացումը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են երաժշտությունը, արվեստը և կինոն:

5 6 7 8 9

– Սա  կարևորագույն մրցանակ է բոլոր նրանց համար, ովքեր գիտություն են  տարածում արվեստի միջոցով։ Այս տարի առաջին անգամ մրցանակին արժանացան երեք արժանի հավակնորդներ՝ հանրահայտ կոմպոզիտոր Հանս Զիմմերը (Hans Zimmer), ֆիզիկոս Ջիմ ալ-Խալիլին (Jim Al-Khalili), ինչպես նաև մրցանակ շնորհվեց գիտության հանրահռչակմանը նվիրված փաստավավերագրական  «Particle Fever» ֆիլմին:

– Պարոն Իսրաելյան, ո՞րն էր այս տարվա «STARMUS»-ի գլխավոր ուղերձը:

– Այս տարի  փառատոնն ուներ  «Հորիզոնից այն կողմ` հարգանքի տուրք Սթիվեն Հոքինգին»  անունը կրող խորագիրը և ամբողջությամբ նվիրված էր Սթիվեն Հոքինգին՝ իբրև ամբողջ աշխարհում գիտության հանրահռչակմամբ լավագույնս  զբաղվող անհատականության: Չպետք է մոռանալ, որ այս տեսակետից նա թիվ  մեկն է ամբողջ աշխարհում, գիտության հանրահռչակման մասին պատմող նրա հեղինակած գրեթե բոլոր գրքերն ամենավաճառվողն են համարվում ողջ աշխարհում: Եվ, քանի  որ այս փառատոնի ստեղծման  հիմնադրման ու ամենագլխավոր նպատակն ու ուղերձը եղել և մնում է գիտության հանրահռչակումը, ապա շատ տրամաբանական էր, որ այս տարվա փառատոնը պետք է նվիրվեր հենց իրեն՝ Հոքինգին: Բացի այդ,  նա արդեն 70-ն անց է, պատմության մեջ դեռևս չկրկնված անհատականություն է, և շատ կարևոր էր, որ ինքը տեսներ այդ ամենը, որ կազմակերպված էր հենց իր համար ու իր պատվին:

Starmus (3) Starmus (6) Starmus (2)

10 11 12 13

– Իսկ ինչպե՞ս նա դա ընդունեց:  

– Անչափ ոգևորված էր, շատ ուրախ ու երջանիկ, որ նման բան էր կազմակերպվել իր պատվին: Փառատոնի ողջ ընթացքում դա բացահայտ նկատելի էր:

– Կարծեմ այս տարվա փառատոնի ընթացքում Սթիվեն Հոքինգը  հատուկ ուղերձ է հղել՝ բնությանը, մարդկությանն ու աշխարհին: Ի՞նչ է նա մասնավորապես ընդգծել իր այդ ուղերձում:

– Իր ուղերձում, ի թիվս շատ կարևոր հարցերի, Հոքինգը բարձրաձայնեց այն մասին, որ մարդկությունը պետք է միացյալ ուժերով պայքար մղի բնական աղետների, այդ թվում նաև՝ գլոբալ տաքացման դեմ պայքարում: Ինչպես նաև մտահոգություն հայտնեց այն երկրների ապագայի համար, որտեղ  պատնեշներ են դրվում գիտության զարգացման ճանապարհին: Այդպիսի երկրները, ըստ Հոքինգի, բացարձակապես ոչ մի ապագա չեն կարող ունենալ: Քննադատեց այն երկրների վարած քաղաքականությունը, որտեղ գիտության զարգացման համար տրամադրվող ֆինանսական միջոցները գնալով պակասում են:

14 15 16 17 18

Starmus (1) 19

Ըստ էության, Հոքինգի այս զեկուցումն իրականում հենց  իր կյանքն էր, թե ինչպես և ինչ պայմաններում է ինքը մեծացել, ինչպես է անցկացրել իր դպրոցական տարիները, ինչպես նաև հետագա իր գիտական կարիերայի մասին, թե ինչպիսի դժվարություններ են նրան բաժին հասել, որոնք նա հաղթահարել է, թե ժամանակին ինչպես է Քեմբրիջի համալսարանը հրաժարվել տպագրել իր առաջին գիրքը, որը հետագայում դարձել է աշխարհում ամենահայտնի գիրքը:

– Այս տարի անցկացվող  «STARMUS»-ի շրջանակներում ի՞նչ բացահայտումներ եղան:

– Այս տարի  բացահայտումներ եղան արհեստական կյանքի՝ ինտելեկտի մասին զեկուցումների շրջանակներում: Կարծիքներ հնչեցին այն մասին, որ դրանց վտանգն այնքան էլ մեծ չէ, որքան ներկայացվում է (իբր որոշ ժամանակ անց արհեստական ինտելեկտն ամեն բան իր ձեռքը կվերցնի և այլն): Կարծիք հայտնվեց, որ այդ ամենը բավական չափազանցված է: Տեսակետ հնչեց  վերջին 100 տարվա ամենամեծ գիտական ձեռքբերման մասին, որն է՝ գրավիտացիոն ալիքների հայտնաբերումը, որն առհասարակ նոր փուլ է բացում գիտական ուսումնասիրությունների բնագավառում, և ես այն համոզմանն եմ, որ այս տարվա Նոբելյան մրցանակը կշնորհվի հենց այս թեմային:

20 21 22 23 24 25

– Ովքե՞ր էին փառատոնի  այս տարվա գլխավոր հյուրերը:

– Օ՜, նրանք այնքան շատ էին, որ հիմա կդժվարանամ առանձնացնել՝ աշխարհում շատ  հայտնի գիտնականներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, հանրահայտ արվեստագետներ, այդ թվում՝ աշխարհահռչակ  կոմպոզիտոր Հանս Զիմմերը, օպերային երգչուհի Սառա Բրայթմանը, հայտնի տիեզերագնաց  Քրիս Հեդֆիլդը, ով փառատոնի ընթացքում կատարեց Դեյվիդ Բովիի հայտնի՝ «Space Oddity»  երգը, որ առաջին անգամ տիեզերքից էր կատարել, այս անգամ Էրիկ Բրեմանի հետ կատարեցին: 1000-ից ավելի մասնակիցներ կային, որից մոտավորապես 50 %-ն  ԱՄՆ-ից էին:  Աշխարհի հեղինակավոր  լրատվամիջոցներից 100-ից ավելի լրագրողներ էին հավատարմագրվել՝ լուսաբանելու փառատոնի ընթացքը:

– Իսկ Հայաստանից մասնակցող գիտնականներ կայի՞ն:

– Այո, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանն էր եկել, նաև դրսից հայազգի մասնակիցներ:

26 27 28 29 31 30 32 33

– Ե՞րբ է նախատեսվում  անցկացնել  հաջորդ փառատոնը:

– Հաջորդ «STARMUS»-ը կանցկացվի երկու տարի անց, և  մենք շուտով արդեն կսկսենք նախապատրաստական աշխատանքները:

34 35 36 37 38

Տեղեկացնենք, որ եզակի գիտական, գեղարվեստական և երաժշտական  «STARMUS»  փառատոնն անց է կացվում երկու տարին մեկ անգամ՝ Կանարյան Տեներիֆե կղզում՝  հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանի նախաձեռնությամբ:

«STARMUS»-ի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է փառատոնի պաշտոնական կայքում, որը գործում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն և իսպաներեն լեզուներով:

Տեսանյութեր

Լրահոս