«Բոլոր գործարարների մոտ էլ ֆինանսական միջոցների օպտիմալ օգտագործման խնդիր կա»
Եվրասիական տնտեսական միության երկրների գործարարներին, այդ թվում` հայերին, հուզող հիմնական խնդիրները սննդի անվտանգության սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման, տեխնիկական չափորոշիչների ընդունման և ավելացված արժեքի հարկի ստացման մեխանիզմն են: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Ավելացված արժեքի հարկի մասով լուրջ կատարելագործման կարիք կա: Ամիսներով սպասել, որ գործարքի իրականացումը հաստատվի, փաստաթղթերը գնան արտահանող երկիր, նոր նրանք հաշվանցեն, խնդրահարույց է: Բոլոր գործարարների մոտ էլ ֆինանսական միջոցների օպտիմալ օգտագործման խնդիր կա, ակնհայտ է, որ ԱԱՀ մեխանիզմը պետք է կատարելագործել»,-ասաց Ղազարյանը:
Նրա համոզմամբ` ՀՀ մաքսային համակարգը էլեկտրոնային արագ կարգով է աշխատում, ինչը փորձ է արվում կիրառել նաև հինգ երկրներում, որպեսզի մեկ կոճակով տեղեկ ատվությունը հարկերի կոորդինացման համակարգից տեղափոխվի երկրից երկիր:
«Մեկ տարի առաջ մենք ստեղծել ենք 5 երկրի արդյունաբերողների և գործարարների միությունների գործարար խորհուրդ, որը ինտենսիվ քննարկումներ է իրականացնում: Ընդամենը 1.5 տարի է` այս տնտեսական նոր դաշտը ձևավորվում է, խնդիրները շատ են, ազգային օրենսդրությունները միութենականի հետ համադրելու, հատկապես վարչարարության ոլորտում ազգային մարմինների ու միութենական հրահանգների կատարումը դեռևս կայացման փուլում է»,-ասաց Արսեն Ղազարյանը՝ ավելացնելով, որ իր գործընկերները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեին են ներկայացրել նշյալ հարցերի շրջանակը, որը հուզում է բոլոր երկրների գործարարներին:
Նրա խոսքով` եթե ԵԱՏՄ տարածքում որոշումները պետք է կայացվեն և արագ չիրականացվեն, բիզնեսի մոտ դա կառաջացնի բացասական մոտեցումներ տնտեսական զարգացումների առումով: «Բայց ես հույս ունեմ, որ ակտիվ աշխատանքի պայմաններում, իսկ այսօրվա քննարկումը դրա արդյունքն է, մենք Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների էֆեկտիվության աստիճանը կբարձրացնենք»,-ասաց Արսեն Ղազարյանը: