«Հայաստանը պետք է շարունակի խաղալ երկու բլոկների՝ ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև». Արման Նավասարդյան
Մեր հասարակությունն անասելի բերկրանք ապրեց, երբ ռուս-թուրքական հարաբերությունները պետական մակարդակով էռոզիա ապրեցին, իսկ հիմա, երբ հակառակն է, մենք ընկել ենք խորը հուսահատության մեջ։ Նման դիտարկում այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում արեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ նկատելով, որ Էրդողանի ներողություն խնդրելը տեղի ունեցավ նրանից հետո, երբ Թուրքիան կանգնեց արտաքին ու ներքին մի շարք խնդիրների առաջ. «Մեծ ձախորդություններ ունի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, իսլամական և արաբական աշխարհի ուղղությամբ, որտեղ նա ցանկանում էր դառնալ լիդեր, բայց չստացվեց: Թուրքիայի քաղաքականությունը բավականին բարդ է Սիրիայում և Իրաքում: Թուրքիան լուրջ խնդիրներ ունի՝ կապված քրդական հարցի հետ, և նրա հետ, որ Իրանը դառնում է տարածաշրջանի կարևոր երկրներից մեկը: Այս բոլորը բերեցին նրան, որ Էրդողանը խոցեց ինքնաթիռը, դրա հետևանքով ընկավ այնպիսի մի քաղաքական, տնտեսական ու բարոյական շիլաշփոթի մեջ, որ ոչ միայն ներողություն կարող էր խնդրել, այլ ծնկաչոք ու սողեսող էլ կգնար Մոսկվա՝ շտկելու վիճակը»:
Ըստ նրա՝ Դավութօղլուից հետո Թուրքիայում արվեց մի հետաքրքրիր հայտարարություն՝ մենք թշնամիներ չենք կարող լինել Ռուսաստանի, Իսրայելի, Եգիպտոսի հետ. «Եթե դա իրոք այդպես է, ու Թուրքիան գնում է հարաբերությունների լուրջ վերանայման, ապա տարածաշրջանում կստեղծվի բոլորովին նոր աշխարհաքաղաքական պատկեր ու բոլորովին նոր իրավիճակ: Թուրքիայի «աքիլեսյան գարշապարը» Սիրիայի հարցն է: Եթե Ամերիկան շարունակի իր քաղաքականությունը Մեծ Քրդստան ստեղծելու հետ կապված, ու կողքից էլ Ռուսաստանն է նպաստում դրան, Թուրքիան կընկնի շատ ծանր վիճակի մեջ: Իրանից եկող բոլոր խողովակաշարերը քրդական տարածքով են անցնում, դրանք կկտրվեն, ու Թուրքիան կընկնի երկու ծովերի և Քրդստանի արանքում: Դա նրա համար կլինի, իհարկե, մահացու իրավիճակ»:
Դեսպանը կարծում է, որ Ռուսաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունների լավացումը կարևոր է իր հարավային սահմանը ոտնձգություններից պաշտպանելու համար. «ՌԴ-ն մինիմում ցանկանում է, որպեսզի Թուրքիան կամ իր հետ լինի, կամ իրեն չխանգարի Սիրիայի հարցում։ Իսկ մաքսիմումն այն է, որ միավորվեն ու պայքարեն ԻԼԻՊ-ի դեմ: Թուրքիան կանգնած է երկընտրանքի առաջ. Նա պետք է ընտրություն կատարի ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև: Ո՞րն է ավելի ձեռնտու Թուրքիային՝ միանալ ռուս-իրանական բլոկի՞ն, թե՞ ընդառաջ գնալ ամերիկա-քրդական ալյանսին։ Թուրքիան կարծես առաջին տարբերակին է հակված: Այդ դեպքում Ռուսաստանը տարածաշրջանում ձեռք է բերում դոմինանտ դիրքորոշում: Ռուսաստանը կգնա Թուրքիայի հետ համագործակցության, թե որքան դա կտևի, դժվարանում եմ ասել»։
Ռուս-թուրքական հարաբերությունների լավացումը կամ վատացումը, դեսպանի խոսքով՝ Հայաստանի վրա դրական կամ բացասական ազդեցություն չի ունենա. «Գոնե սահմանի երկայնքով անվտանգության ապահովումն ավելի կուժեղանա, որովհետև, եթե Ռուսաստանը և Թուրքիան, բացի ամեն ինչից, պետք է ահաբեկչության դեմ պայքարեն, այդ դեպքում սահմանն այստեղ պետք է որ ավելի ապահով լինի: Ղարաբաղյան հարցում նույնպես առաջխաղացում չի լինի։ Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումն Ադրբեջանի հարցում, կմնա նույն բարեկամական հարաբերությունները, բայց կարող է Թուրքիան մի փոքր ավելի ճկուն լինել Ղարաբաղի հարցերի ուսումնասիրման ու հետագա զարգացման համար: Իմ կարծիքով՝ նվազում են Ադրբեջանի հնարավորությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացացումների համար: Որքան էլ Բաքվի քաղաքականությունը ճկուն լինի, նա չի կարող հավասար խաղալ Անկարայի և Մոսկվայի հետ: ՀԱՊԿ-ի շրջանակներում ես ոչ մի լավ բան չեմ սպասում: Բորդյուժայի հայտարարությունները մեր օգտին էին, բայց եթե նկատի ունենանք, որ այնտեղ կա Նազարբաև և կա Լուկաշենկո, այս կողմից որևէ հայանպաստ գործունեություն չեմ սպասում»։
Դեպանը հավելեց, որ մեր դիվանագիտությունը պետք է ավելի համակարգված մոտեցում ունենա. «Հայաստանը պետք է շարունակի խաղալ երկու բլոկների՝ ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև»: