«Ղարաբաղյան հակամարտության բռնկման հավանականությունը հիմա ավելի քիչ է, քան ապրիլյան պատերազմից առաջ»

«168 Ժամի» զրուցակիցն է Ռուսաստանի հանրային պալատի անդամ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը

– Պարոն Զատուլին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակից հետո ռուս-թուրքական կարգավորման ակտիվ գործընթացի նշույլներ են նկատվում, թեև պաշտոնական մակարդակում ռուսական կողմը դեռ չի շտապում «վազելով բացել բոլոր դռները» Թուրքիայի առջև, ինչպես նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասաց։ Այնուամենայնիվ, առկա ճգնաժամից հետո տեղի կունենա՞ արդյոք կարգավորում, և ի՞նչ մակարդակի կվերականգնվեն ռուս-թուրքական հարաբերությունները։

– Կցանկանայի ընդգծել, որ կողմերից յուրաքանչյուրն իր կերպ է ընկալել և վերլուծել հարաբերությունների սրման փուլը։ Ֆորմալ կամ պաշտոնական կերպով դրանք սրվեցին, երբ ռուսական կործանիչ խոցվեց Սիրիայի օդային տարածքում։

Ես անձնապես կարծում եմ, որ սրման պատճառներն ավելի խորն արմատներ ունեն։ Հատկանշական է, որ Թուրքիայի իշխանությունները չափազանց վառ արձագանքեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցությանը, նրա ելույթին Ծիծեռնակաբերդում։ Սրանից հետո սկսվեցին ցուցադրական ակցիաներ ընդդեմ Ռուսաստանի՝ հանդիպումներ ղրիմյան թաթարների հետ, նոր պայմանավորվածություններ, և այլն, և այլն։ Վստահ եմ, որ տեղի ունեցածից կողմերն իրենց եզրակացություններն արել են։ Եթե խոսենք հարաբերությունների մակարդակի մասին, ապա, անկասկած, շատ ավելի մեծ զգուշություն, շատ ավելի պակաս վստահություն է լինելու ռուս-թուրքական հարաբերություններում, քան մինչ այս սրումն էր։ Ի դեպ, ուշագրավ է, որ կա ցանկություն՝ վերացնել հարաբերություններում առկա լարվածությունը, բայց ես անձնապես համոզված եմ, որ Թուրքիան շարունակում է հավակնել Օսմանյան կայսրության վերականգնմանը, ինչը նշանակում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև բախումներն այս կամ այն կերպ անխուսափելի են։

– Մի շարք փորձագետներ մտավախություններ ունեն, որ Թուրքիան և Ռուսաստանը համախմբվելու են արևմտյան կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի դեմ, որը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև ղարաբաղյան հակամարտության վրա։ Այս նոր գործընթացն ինչպե՞ս կանդրադառնա ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա՝ ըստ Ձեզ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո։

– Ինձ թվում է, որ ուղղակի առնչություն այս գործընթացը ԼՂ հակամարտության հետ չի ունենալու։ ԼՂ հակամարտությունը չի եղել ռուս-թուրքական սրման պատճառ։ Թեև մեզ մոտ հիմնավոր կարծիքներ էին շրջանառվում, որ ռազմական գործողությունների նախաձեռնումն առանց Թուրքիայի աջակցության չի եղել։ Ես, անկեղծ ասեմ, ենթադրում էի, որ ռուս-թուրքական կողմը կստիպի Ադրբեջանին իրեն ավելի հետևողական ու հանգիստ դրսևորել։ Բայց մենք տեսանք, որ հենց այդ փուլում տեղի ունեցավ Ղարաբաղում ադրբեջանական ավանտյուրան։ Ելնելով դրանից՝ կարելի է ենթադրել, որ ներկայումս Ադրբեջանը չպետք է ինչ-ինչ գործողություններ նախաձեռնի։

Ադրբեջանի «հանգստության» համար ավելի լուրջ հիմք կա՝ ԼՂ հակամարտության կարգավորման Ադրբեջանի ընտրած միջոցի վերաբերյալ Մինսկի խմբի բոլոր մասնակիցների կոշտ արձագանքը։ Դրանցից ոմանք հրապարակային էին, ինչպես ԱՄՆ-ը, ոմանք, ինչպես Ռուսաստանը՝ ոչ հրապարակային, որը ցանկանում է պահպանել իր հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, բայց ակնհայտ է, որ միջազգային հանրությունը ռազմական ավանտյուրաների և հակամարտության լարման դեմ է։ Դա նշանակում է, որ, եթե Թուրքիայի կողմից այդ ուղղությամբ քայլեր նախաձեռնվեն, ապա դրանք համապատասխան արձագանքի կարժանանան միջազգային հանրության կողմից։

– Ինչպե՞ս եք գնահատում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահական հանդիպումների արդյունքները։

– Տեղի է ունենում հակամարտության կարգավորման գործընթացը խթանելու հերթական փորձը, հետևելով իրադարձությունների տաք հետքերին, այդպիսով պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք այնպիսի միջոցով, ինչպիսին ռազմական գործողությունների վերսկսումն է, հասնել ինչ-որ դրական արդյունքի։ Իմ կարծիքով՝ դա քիչ հավանական է, և այն փաստը, որ այսօր Ադրբեջանը հանդիպումների ընթացքում հայտարարում է, որ հավատարիմ է կարգավորման գործընթացին, խոսում է այն մասին, որ նա իր ռազմավարությամբ, եթե դա կարելի է կոչել ռազմավարություն, չհասավ իր նպատակին։ Ռազմական գործողությունների վերսկսումն Ադրբեջանին դիվիդենտներ չտվեց, բացի այն օգուտից, որ կարողացավ երկրի ներսում օգտագործել տեղի ունեցածն ու շեղել հասարակության ուշադրությունն առկա այլ խնդիրներից։

Կարծում եմ, որ Ադրբեջանում, ավելին՝ վստահ եմ, որ հույսեր են կապում Հայաստանում առկա տաք տրամադրությունների հետ, որոնք ռևանշ կպահանջեն, զգացմունքների հիման վրա կլինեն, գիտեմ, որ նման տեսակի խոսակցություններ տարվում են Ղարաբաղում և Հայաստանում, դա հիմար վարքագիծ կլինի, քանի որ իրատեսորեն գնահատելով արդյունքները՝ տեսնում ենք, որ ռազմական առումով Ադրբեջանը ոչնչի չի հասել, իսկ դիվանագիտական հարթակում արժանացավ քննադատությունների։ Այս ամենից ելնելով՝ ինձ համար բարդ է վերջնական կանխատեսում անել, թե ինչ կտա կարգավորման այս փուլը, քանի որ չեմ տեսնում, որ կողմերի մոտեցումները մոտեցել են, չկա նման երևույթ։

– Պարոն Զատուլին, շատ է քննարկվում՝ որքանո՞վ է այսօր Մինսկի խմբում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն արդյունավետ, համաձայնեցված, հաշվի առնելով ՌԴ-ԱՄՆ առճակատումը, խոսակցությունները ռուսական առանձին ծրագրերի մասին։ Սրանից ելնելով էլ՝ որոշ փորձագետներ պնդում էին, թե Վիեննայի օրակարգն արևմտյան էր, իսկ Պետերբուրգի հանդիպման օրակարգը՝ ռուսական։ Միջնորդների միջև ի՞նչ է կատարվում։

– Կարծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում մեր դիրքորոշումներն ամենամոտն են, քան որևէ այլ հարցում։ Կան հարցեր, որոնք մեզ բաժանում են՝ հակամարտությունն Ուկրաինայում, կան հարցեր, որոնք դժվար են լուծվում, դրանք Սիրիայում և Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են, Մերձավոր Արևելքը, բայց ինչ վերաբերում է Ղարաբաղին, կա ցանկություն՝ թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում և գործընթացի այնպիսի զարգացում, որը թույլ կտար կողմերին պայմանավորվել ինչ-որ համաձայնության շուրջ։ Ես արդեն խոսել եմ նման պայմանավորվածությունների մեկնարկի մասին, պնդում եմ դրանք, կարծում եմ, որ դրանում է կայանում ԼՂ հակամարտության կարգավորման բանաձևը, բայց, ցավոք սրտի, ոչ այս, ոչ այն կողմը մեծ հաշվով պատրաստ չէ քայլեր կատարել կարգավորմանն ընդառաջ. խոսքը ԼՂ անկախության դիմաց ԼՂ-ի շուրջ շրջանների վերադարձի մասին է։ Սա է ողջ բանաձևը, բոլոր մյուս ծրագրերը սրա շուրջ են շրջանառվում, ի՞նչ հերթականության, ի՞նչ հիմքով՝ արդեն էական չէ։

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղին լայն ինքնիշխանություն կտրամադրեն Նախիջևանի օրինակով։ Այս պայմաններում ի՞նչ կարգավորման մասին կարող է խոսք գնալ։

– Դա աշխատանքային դիրքորոշում չէ, իրենց այդ առաջարկը հասկանալի է, որ չի անցնի, դա ՄԽ բոլոր անդամ երկրները հասկանում են շատ լավ։

– Այնուամենայնիվ, թեև շարունակվում են բանակցությունները, դրանք, ըստ էության, փակուղային են, և խոսակցություններ կան նոր ռազմական գործողությունների հավանականության մասին։

– Ցանկացած հակամարտության պարագայում կա նման գործողությունների վերսկսման որոշակի հավանականություն, բայց ես կարծում եմ, որ ներկայումս այդ հավանականությունը շատ ավելի քիչ է, քան այս պատերազմի բռնկումից առաջ, քանի որ ադրբեջանական կողմն «այրվեց կաթից»։ Քիչ հավանական է, որ ցանկանան կրկնել իրենց այդ փորձը մոտակա ժամանակաշրջանում, ամեն դեպքում։ Իսկ Հայաստանը շարունակում է զինվել, որի իրավունքն ունի։

Տեսանյութեր

Լրահոս