Սարգիս Խանդանյանը պատասխանել է ռուս խորհրդարանականների նամակին. Ալեն Սիմոնյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը պատասխանել է ռուս խորհրդարանականների նամակին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Նամակը Սարգիս Խանդանյանին են ուղարկել։ Գրությունից 2 օր անց, եթե չեմ սխալվում իմ գործընկերն այդ գրությանը պատասխանել է։ Տեղյակ եմ, թե ինչ է պատասխանել, բայց չեմ ասի, որովհետև դա ինձ չի վերաբերում»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով մայիսի 3-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Ռուսաստանը սպասում է, որ հայ գործընկերները կպատասխանեն ռուս խորհրդարանականների նամակին, Սիմոնյանն ասաց, որ այդ ժամանակ պատասխանն ուղարկված է եղել, բայց «երևի տիկին Զախարովային այդ պահին հարմար էր այդպես ասել»։

«Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, պատրաստ եմ նույն բաները այսօր և մշտապես կրկնել»,- հայտարարեց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Իսպանիայում ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի ժամանակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի դեմ սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ կազմակերպելու մեջ։ Նա նաև հայտարարել էր, որ ՌԴ–ն ներխուժել է Ուկրաինա։

Դրանից հետո ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն լիագումար նիստում հայտարարել էր, որ ՌԴ Դաշնային խորհուրդը հարցում կուղարկի Հայաստանի ԱԺ՝ պարզելու օրենսդիրների դիրքորոշումը Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։ Նա հույս էր հայտնել, որ հայ խորհրդարանականները գնահատական կտան նման ելույթին։

Ապրիլի 26-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից։

Տեսանյութեր

Լրահոս