Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. հրավեր չի եղե՞լ

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ նախագահների երդմնակալության արարողություններին այլ երկրների ղեկավարները մասնակցում են միայն հրավերների դեպքում, պետությունը ներկայացնում է այդ երկրում հավատարմագրված դեսպանը։

ՌԴ նախագահի վերջին 3 երդմնակալությունների ժամանակ ոչ մի այլ երկրի ղեկավարի չեն հրավիրել։

ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության նախկին պետ, նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Արմեն Գիչյանը օրերս իր հարցազրույցներից մեկում մանրամասնել էր, թե որ դեպքում են երկրի ղեկավարները մասնակցում նախագահների երդմնակալության արարողություններին։

«Եթե տվյալ երկրի օրենքով` հրավերով է, ապա այդ հրավերն ուղարկում է ԱԳՆ-ն` բոլոր դեսպանություններին։ Պայմանավորված է տվյալ երկրի օրենքներով, ավանդույթներով։ Ռուսաստանի պարագայում Պուտինի վերջին 3 երդմնակալությունների ժամանակ ոչ մի այլ երկրի ղեկավարի չեն հրավիրել։ Օտարերկրյա պետությունը ներկայացնում է այդ երկրում հավատարմագրված դեսպանը։ Հազար հոգուց ավելի մարդ է մասնակցում Կրեմլում տեղի ունեցող երդմնակալությանը, որին մասնակցում են պետական պաշտոնյաներ, գործարարներ, բանվորներ։ Նախագահական մոդել ունեցող երկրների դեպքում այլ օրենքներ են, խորհրդարանականի դեպքում` այլ։ 2008թ․, 2013թ․ մեր նախագահի երդմնակալությանը, նույնիսկ 2018թ․` նախագահականից խորհրդարանական մոդելին անցնելու ժամանակ, Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա հյուրեր կային՝ կառավարության անդամներ, խորհրդարանականներ»,- ասել էր նա։

Հարցին, թե  Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալությանն ինչպե՞ս էր գնացել Փաշինյանը, արդյո՞ք Թուրքիան հրավեր ուղարկում է, Գիչյանը պատասխանել էր. «Հրավեր եղել է, եթե չեմ սխալվում, քանի որ Թուրքիայում ընդունված է` նախագահական մոդելն է։ Բայց նորմալ է, երբ դեսպանի մակարդակով են մասնակցում երդմնակալության արարողություններին, շատ երկրներում այդպես է»։

Տեսանյութեր

Լրահոս